19 09 2019

Ինչո՞ւ են կոծկում մարտի 1-ը

Ինչո՞ւ են կոծկում մարտի 1-ը

Օր-օրի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի քրեական գործը իրականում մարտի 1-ի կոծկման համար է։ Երբեք այս թեման այսքան բաց, անթաքույց ու հրապարակային չի տարվել կոծկման, քան այսօր։ Մնում է հասկանալ՝ ինչու՞ է հեղափոխական Հայաստանի իշխանությունը այդքան շահագրգիռ թեման կոծկելու մեջ, ի՞նչ գիտեն, որ չգիտենք մենք, ի՞նչն են այդքան ջանասիրությամբ ձգտում թաքցնել, մոռացության տալ։

Այս պայմաններում, կարծում ենք, վերանայման խնդիր ունի պաշտպանական մարտավարությունը։ Սահմանափակվել միայն պաշտպանվելով, դիմադրելով սարքված մեղադրանքներին, պատասխանել անփաստ մեղադրանքներին՝ էֆեկտիվ չէ, բավարար չէ։ Ամիսների վաղեմության ուժեղ հանրային մանիպուլյատիվ ֆոնը էապես փոխվել է։ Որպես շահառու, և որպես միակ ակտիվ շրջանակ, ըստ էության, մնացել է մարտի 1-ի հարթակը։ Այս պայմաններում հանուն ճշմարտության, հանուն ներքին համերաշխության ՝ խնդիր է դառնում մարտի 1-ի բացահայտման պահանջը։ Սա պետք է դառնա բարձրաձայն, համառ ու ագրեսիվ պահանջ։ Սա պետք է դառնա հանրային նոր օրակարգի կետերից մեկը։

Կար ճիշտ ճանապարհ՝ մարտի 1-ի թեման ի սկզբանե տանել քաղաքական գնահատականների և հետևությունների հարթություն, որը ամենաճիշտ ճանապարհն էր։ Ընտրվեց սակայն, ընտրովի քրեական գործերի ճանապարհը, որով ի սկզբանե նշանակվեցին մեղավորներ և դրանից հետո կառուցվեց քրեական գործը։ Հենց սա էլ ամենավառ փաստն է, որ իշխանությունը գնում է մարտի 1-ը կոծկելու ճանապարհով։ Դրված է հենց այդ խնդիրը։ Հետևաբար կոնտր-խնդիրը պետք է լինի ոչ թե պաշտպանվելը, այլ մարտի 1-ի մանրամասն բացահայտումը։ Եթե մենք խոսում ենք մարտի 1-ի մասին, ապա պետք է բաց խոսենք: Եվ հնարավորություններից մեկը բաց ու առանց մանիպուլյացիաների քննարկումն էր, քննարկում, որին կընդգրկվեր հասարակության լայն շերտեր:

Պետք էր բաց խոսել այդ իրադարձությունների խորքային պատճառների մասին։ Բայց մենք ընտրեցինք մյուս ճանապարհը՝ հապճեպ, առանց հաշվարկելու ՀՔԾ հորինած իրականության մեջ սուզվելու ճանապարհը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Շատ կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է, մինչդեռ տասը զոհերի մեղավորների մասին այդպես էլ ոչինչ չասվեց:

Չասվեց նաև, թե ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական պրոցեսների խառնվելու և բանակը քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։

Չասվեց, թե Երկրապահ կամավորականների ռազմականացված կազմակերպությունն ինչպես էր փորձ արվում ներքաշել քաղաքական գործընթացներին: Ո՞վքեր էին բանակցում, ու՞մ հետ, որտե՞ղ։ Եթե հանկարծ սցենարի խափանում չլիներ և հարթակի կոչով Մանվելը գար Ազատության հրապարակ, ինչպե՞ս պիտի գար, քանի՞ հոգով, ի՞նչ հանդերձանքով և այլն։

Չասվեց, թե ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական պրոցեսներին խառնելու և քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։ Այս մասին մամուլում եղել են բազմաթիվ ակնարկներ։

Չասվեց, թե ինչո՞ւ էին հավաքի մասնակիցները վերջում մնացել առանց առաջնորդների՝ գերգռգված, գեր հուզական մթնոլորտում։ 2008-ի իշխանությունները կրում են մեծ պատասխանատվություն, բայց դա նույնպես բաց քննարկման առարկա է։ Ինչը՞ սխալ արվեց, ինչը՞ ժամանակին չհաշվարկվեց, ինչը՞ տապալվեց, որ ունեցանք մարտի 1:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս քրեական գործում, այս դատավարության ընթացքում այս հարցերը չկան։ Նման դատեր և դատավճիռներ 10 տարի առաջ լսել ենք, պարզապես մեղադրյալներն էին ուրիշ: Այսօր այդ դատավճիռները բեկանվում են:

Վաղը իշխանություն փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետը անելու են լրիվ հակառակը, և մեղադրյալի աթոռին լինելու են բոլորովին այլ դեմքեր։ Երեկ երեկոյան էլ պարզվեց, որ Վճռաբեկ դատարանի վճռով Գագիկ Ջհնագիրյանը արդարացվել է։ Մնում է հաջորդ քայլով՝ դասվի սրբերի շարքը։

Ի վերջո մենք ուզու՞մ ենք իմանալ իրականությունը։ Եթե այո, ապա մարտի 1-ի հետ կապված տասնյակ հարցերի պատասխանները պետք է սպառիչ, փաստարկված և համոզիչ լինեն՝ քաղաքացու և հասարակության համար։

«Իմ ձայնը» ՀԿ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ