19 09 2019

Փաշինյանի ո՞ր խոսքին հավատալ՝ «թռիչքաձև», «5 տոկո՞ս», թե՞ «8-9 տոկոս» տնտեսական աճ

Փաշինյանի ո՞ր խոսքին հավատալ՝ «թռիչքաձև», «5 տոկո՞ս», թե՞ «8-9 տոկոս» տնտեսական աճ

Ձանձրալի և կեղծիքներով լի։ Համառոտ այսպես կարելի է բնութագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած հերթական «100 փաստը»։

Այն ցուցանիշները, որոնք ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, կա՛մ իրականությանը չեն համապատասխանում, կա՛մ ներկայացվում են որպես աննախադեպ, երբ դրանից առաջ շատ ավելի բարձր ցուցանիշներ են եղել, կա՛մ ընդհանուր պատկերից կտրված են և տնտեսական իրողությունները հաշվի չառնող, կա՛մ բացասական զարգացումներ ենթադրող, բայց որպես դրական ներկայացվող, կա՛մ՝ մեկը մյուսին հակասող։ Քանի որ վերոնշյալ «100 փաստերը», ըստ էության, նախորդ ասուլիսի և ընթացիկ լայվերի ու գրառումների ժամանակ հիշատակվող թվերն են, որոնց անմիջապես, առանձին-առանձին անդրադարձել ենք և ներկայացրել դրանց անհամապատասխանությունը իրականության հետ, անիմաստ ենք համարում կրկնվել։ Սակայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը որոշող գլխավոր հարցի՝ տնտեսական աճի ցուցանիշի մասին Նիկոլ Փաշինյանի ասածին հարկ է անդրադառնալ։

«Մեր այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումները լավն են, և մենք խնդիր ենք դրել, որ պետք է նվազագույնը 8-9 տոկոսանոց տնտեսական աճ ապահովենք առաջիկա տարիներին: Հիմա համարենք, որ 2018-2019 թվականների անցումային փուլն ավարտվեց, չնայած այսօր տնտեսության վիճակը այնպիսին է, որ անցումային փուլի մասին խոսելու հիմք չկա: Տնտեսությունը մեր ուղերձները հստակ ընկալել է և այդ ուղերձների շրջանակում տեղի են ունենում հստակ զարգացումներ», ասել է «թավշյա» վարչապետը:

Կանխատեսումների մասին։ Կառավարության 2018 թ․-ի ծրագրում առաջիկա գրված էր՝ «տնտե­սությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանա­կահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5»։ Խոսքը 5 տոկոսի մասին էր։ Կառավարության նոր ծրագրում ոչ մի փոփոխություն չկար։ Հիմա հայտարարվում է «նվազագույնը 8-9 տոկոսանոց աճի» մասին։ Հիշեցնենք, որ «հեղափոխության» օրերին հայտարարվում էր թռիչքային աճի մասին, ապա, ինչպես արդեն նշեցինք՝ 5 տոկոս աճի մասին, հիմա արդեն 8-9 տոկոս աճի մասին։ Հիմա թող յուրաքանչյուրն իր համար որոշի, այս իշխանության և նրա ղեկավարի ո՞ր խոսքին հավատան և արժե՞ արդյոք հավատալ։ Հատկապես վերջին հարցի պատասխանը ստանալու հարցում օգնելու համար ներկայացնենք, թե ինչպե՞ս է փոխվել տնտեսական աճը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելուց հետո։

2018 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 10,3 տոկոս էր։ Տարվա վերջին տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս։ Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած տնտեսական աճի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը կիսեց։ Եվ այդ մարդը հիմա խոսում է «լավ» տնտեսական աճի կանխատեսման և «8-9 տոկոսանոց աճի մասին»։ Նա առնվազն կարող էր պահպանել նախկիններից նվեր ստացած բարձր տնտեսական աճի ցուցանիշը, բայց ընկավ «հպարտների» համար տեսարաններ ստեղծելու հետևից, որի պատճառով էապես տուժեցին Հայաստանի տնտեսությունն ու գործարար միջավայրը։

Անցումային փուլի մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց հիմարացնելու հերթական փորձ։ Այսինքն, անցած մեկուկես տարին անցումային փուլ է, հետո «լավ կլինի»։ Իհարկե, հիմա էլ կան մարդիկ, որոնք առանց մտածելու թութակի պես կրկնում են «լավա լինելու», «մեկուկես տարում քսան տարվա քանդածը ոնց սարքի» և որոնք այդ նույն բանը կրկնելու են երկու-երեք, գուցե չորս և հինգ տարի անց։ Սակայն, միանշանակ է, որ այդ մարդկանց թիվն էլ է էապես պակասելու։ Դատելով այն բանից, որ այս ասուլիսի հանդեպ ուշադրությունը գրեթե զրո էր, կարելի է եզրակացնել, որ նրա բանախոսի խոսքերին հավատացողների թիվն էլ անհամամետ փոքրացել է անգամ նախորդ մամուլի ասուլիսի ժամանակահատվածի համեմատ։ «Անցումային փուլ» կոչվածն էլ հավանաբար տնտեսական զարգացման բարձր տեմպից անցումն է դեպի այդ տեմպի նվազման։ Համենայնդեպս, իրականությունը դա է։

Տնտեսության կողմից Նիկոլ Փաշինյանի ուղերձները «հստակ» ընկալելու և դրանց շրջանակում «հստակ զարգացումների» մասին։ Այստեղ դժվար է չհամաձայնվել վարչապետի պաշտոնին հայտնված մարդու հետ։ Իսկապես անցած մեկուկես տարվա ընթացքում պատերի տալու և ասֆալտին փռելու, բանկային գաղտնիք բացելու և բնակչության ընդհանուր հայտարարագրում անելու, խոշորագույն օտարերկրյա ներդրողների նկատմամբ ռեպրեսիվ գործողությունների՝ սկսած կոռուպիցայի մեջ նրանց մինչ օրս անապացույց մեղադրելուց մինչև դիմակավորված և զինված ստուգումների իրականացնելու, ներքին ներդրողների նկատմամբ ահաբեկումների, պետական շորթման և ձերբակալությունների, փոթր բիզնեսից ՀԴՄ-ների միջոցով աքցանի մեջ պահելու հետևանքով տնտեսությունը «հստակ ուղերձներ» է ստացել։ Արդյունքում, Հայաստանում կատարվող ներդրումները եռակի նվազել են, արդյունաբերությունում, շինարարությունում և առևտրում աճի տեմպը նվազել է, իսկ գյուղատնտեսությունում խորը անկում է, որի հետևանքով տնտեսական ակտիվության աճի ներկայիս տեմպը ավելի ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Բնական է հարց է ծագում, ի՞նչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը հաջորդ անգամ որպեսզի ցույց տա, այն, ինչը տեղի չի ունենում։ Հերթական անգամ խաբի՞։ Իհարկե, դա արվելու է, բայց զուգահեռեբար «աշխատելու» է վիճակագրական կոմիտեն՝ նրան սնելով թարմ վիճակագրական կեղծքիներով։ Ի դեպ, վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը չի՞ հոգնել Նիկոլ Փաշինյանը կամայականությունները կատարելուց։ Գուցե ժամանակն է հետևելո՞ւ ԱԱԾ պետի քայլին։ Եվ որքան շուտ, այնքան լավ և պատվով։ Այլապես հետագայում Նիկոլ Փաշինյանը նրան ևս զոհաբերելու է, մեղադրելով վիճակագրական կեղծված տվյալներ իրեն տրամադրելու մեջ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ