04  09  2019

Ո՞վ ե՞րբ է գնալու Իվանյանի հետևից

Ո՞վ  ե՞րբ է գնալու Իվանյանի հետևից

Ամուլսարի հարցի շուրջ դիտարկված վերջին զարգացումներում արձանագրվեց մի պահ, որը տիպիկ է և բնորոշ, ինչպես հեղափոխական-հետհեղափոխական իրավիճակներին, այնպես էլ՝ Փաշինյանի գործելաոճին: Ամուլսարով ու «Լիդիանով» զբաղված քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ, ինչպես հայտարարվեց, ծառայողական քննություն է սկսվել: Այն, որ Ամուլսարի հարցով Փաշինյանը կողմնորոշվելու ընթացքում ինչ-որ մեկին զոհաբերելու էր, հասկացել էին բոլորը, և այն, որ քավության նոխազի (այծի) առաջին ու ամենահարմար թեկնածուն քննչական կոմիտեի քննիչ, քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն է, նույնպես շատ արագ ակնհայտ դարձավ:

Հետագա պրոցեսը եկավ միայն հաստատելու ավելի վաղ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում շրջանառված խոսակցությունները:

Թե ինչեր կպարզեն Իվանյանի քննչական նիստուկացից՝ Ամուլսարի կամ իր բարեկամական կապերի վերաբերյալ, այնքան էլ հետաքրքիր չէ:

Իսկ այն, որ նման ճակատագիր է սպասվում Նիկոլ Փաշինյանի մոտ «ծառայության անցած», նրան «մեծարգո վարչապետ»-ով դիմող ու նրա սուլիչի տակ «դմփ-դմփ հու» անող բոլոր պաշտոնավորներին, արժի քննարկել: Չնայած, քննարկելու ի՞նչ կա:

Անցած մեկուկես տարում մեկ անգամ չի, որ Նիկոլ Փաշինյանի կողքից հեռացան նրա իսկ «թավշահեղափոխական» կողմնակիցները՝ ինչպես խորհրդականներ, այնպես էլ այլ պաշտոնյաներ: Անուններ կարելի է նշել, սկսած Սանասարյան Դավիթից, վերջացրած Խառատյան Արսենով: Մյուսներին էլ դուք մտաբերեք Փաշոյան Կարպիսը լինի, թե Գասպարյան Արսենը, թե մեկ ուրիշը: Նրանք կարող են համարել, որ դեռ լավ են պրծել:

«Լավ են պրծել», որովհետև այս կամ այն կերպ «թավիշին» հարելը նրանց հնարավորություն է տվել առանց մեծ կորուստների հեռանալ իշխանությունից, նույնիսկ Սանասարյանի դեպքում:

Իսկ Իվանյանը, օրինակ, կարող է նույնքան թեթև չպրծնել: Իշխանությանը, կոնկրետ Փաշինյան Նիկոլին քավության նոխազներ են պետք՝ Ամուլսարի հարցում՝ հատկապես իր ջերմուկյան խայտառակ ձախողումից հետո, երբ հրապարակում հավաքված ջերմուկցիներից մի կերպ խուսափելու համար նա գերադասեց մարդկանց տներում թաքնվել:

Քննիչ Իվանյանին դժվար է թավշահեղափոխական համարել: Քննիչից, ի՞նչ հեղափոխական: Նա իրավապահ կամ քննչական մարմինների՝ նախկինից եկած, քննիչի կարիերա արած անձնավորություն է, ով շատերի նման մտածել է՝ իշխանությունը փոխվում է՝ փոխվի, ցանկացած վարչապետի էլ քննիչներ պետք կգան, ինքն էլ կշարունակի ծառայել իշխանությանը: Ու շարունակել է:

Փաշինյանին, տարբեր դրդապատճառներից ու շարժառիթներից ելնելով, իհարկե, ծառայել սկսեցին ԱԱԾ տնօրեն դարձած Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը, ՀՔԾ պետ ու Փաշինյանի մոտ «առաջին դերձակ» ընդունված, բայց փնթի գործ «կարող» Սասուն Խաչատրյանը և «անձնվիրաբար ծառայելու» երդում տված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Այդ պարոնները կարող են նայել քննիչ Իվանյանի հետ կատարվածին, և հավանական է, կռահեն, որ այս կամ այն պահին, երբ դա պետք լինի վարչապետ Փաշինյանին, իրենք էլ են դառնալու նույնպիսի քավության նոխազ (козёл отпущения): Զոհաբերվելու են առաջին իսկ հարմար իրավիճակում՝ փրկելու համար Փաշինյանի դեմքը, վարկանիշը, անգամ ֆեյսբուքյան լայքերը:

Ու երբ նրանց զոհաբերեն, ոչ մեկը չի ափսոսալու. Փաշինյանի համար նրանք իրենց նախկին մոտեցումներին ու «տերերին» արագ դավաճանած ու մինչև վերջ վստահելի չդարձած, «ծառայության վերցված» անձեր են, նաև՝ հարմար օբյեկտներ՝ այս կամ այն անհաջողության մեղքը վրաները բարդելու, «սաբոտաժի» մասին բարբաջանքներով խառնամբոխին «կերակրելու» ձեռնտու մատերիալ: Իսկ Փաշինյանին աջակցող «սորոսական թևի» համար, բացի Սասուն Խաչատրյանից, անցանկալի օտարներ են, նախկինների համար՝ իրենց դավաճանածներ, հասարակության համար՝ ոչ ոք, ամբոխի համար՝ զոհաբերման տեսարան: Մի կողմից այս թեման վերլուծում ենք բոլորս, մյուս կողմից անկասկած այդ ամենը ոչ միայն վերլուծել ու վերլուծում են, պարոններ Վանեցյանը, Օսիպյանը, Դավթյանը, Խաչատրյանը և մյուսները, այլ վստահաբար ամեն պահի գլխներում պտտեցնում են այդ միտքը՝ թե երբ և որ գործով են «жертва» գնալու և որ ամենակարևորն է, որքան ցավոտ։

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ