03  09  2019

Ինչպե՞ս է վարչապետը ուղղորդում Վիճակագրական կոմիտեին

Ինչպե՞ս է վարչապետը ուղղորդում Վիճակագրական կոմիտեին

«Կա սուտ, կա ահավոր սուտ եւ կա վիճակագրություն»՝ այս ասացվածքը կարծես ասված լինի Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակած ցուցանիշների մասին։ Ցուցանիշներ, որոնք աղավաղվում են երկրի ղեկին հայտնված անձի հրահանգով, իսկ կոմիտեի բարեկիրթ ղեկավարի՝ կեղծված տվյալներ ներկայացնելու գնով պաշտոնին կառչած մնալը, մեղմ ասած, պատիվ չի բերում նրան։ Սակայն վիճակագրության հետ կապված «նոր Հայաստանում» այլ իրողություն էլ է ի հայտ եկել՝ այն դարձել է ֆեյսբուքյան, հակասություններ առաջացնելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի հետ եւ ուղղորդելով վիճակագրական կոմիտեին։

Խոսքը Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակ առ ժամանակ տարբեր վիճակագրական տվյալներ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելու երեւույթին է վերաբերվում։ Երեւույթ, որը դարձել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր զբաղմունքը՝ զուգորդվելով ամենօրյա զբոսանքների, այցելությունների եւ ուղիղ եթերների (լայվերի) հետ։

Այն, որ վիճակագրական տվյալները իրականությանը չեն համապատասխանում եւ հաճախ հակասում են մեկը մյուսին, նշեցինք վերեւում, ինչպես նաեւ անդրադարձել ենք մեր տարբեր հրապարակումներում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ ժամանակն անց է կացնում ժամանցային միջոցառումներով եւ անհասկանալի է, թե ե՞րբ է կատարում իր հիմնական պարտականությունը՝ այսինքն աշխատում, անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Այս առումով ֆեյբուքյան էջի գերակայությունը իր հիմնական պարտականությունների կատարման նկատմամբ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս հաստատեց, օրերս հրապարակելով իր էջի վիճակագրությունը։ Սակայն այժմ նախ անդրադառնանք թե որքանո՞վ է համապատասխանում օրենքին վիճակագրական ցուցանիշների հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ մինչ նրանց հրապարակումը վիճակագրական կոմիտեի կայքում։

Ի՞նչ է ասվում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետում․

«Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները կազմում և հրապարակում են տվյալների տարածման նախնական օրացույց, որում նշվում են պաշտոնական վիճակագրական տվյալների տարածման նախատեսված ամիսը և ամսաթիվը: Տվյալների տարածման նախնական օրացույցից ցանկացած շեղման մասին հասարակությունը տեղեկացվում է մինչև նախատեսված տարածման օրը: Տարածման նոր ամսաթիվը հաստատվում և հրապարակվում է ողջամիտ ժամկետում»։

Այսինքն, օրենքով հստակ արձանագրվում է, թե ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է հրապարակվեն վիճակագրական տվյալները։ Օրենքում չկա այլ տարբերակ՝ ասենք Նիկոլ Փաշինյանի էջում առաջինը դրանք հրապարակելու մասին։ Թեեւ չենք զարմանա, որ բանը հասնի նաեւ նման զավեշտի։ Սա նշանակում է, որ օրենքի այս հոդվածը խախտվել է վարչապետի կողմից։ Թե ի՞նչ պատասխանատվություն է դրա համար սահմանված, թերեւս իրավաբանները կարող են ասել։

Այն, որ այս տարվա հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը այս անգամ իր էջում հրապարակեց վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվելուց հետո, մի կողմից վկայում է այն մասին, որ նրան հայտնել են, որ նախկինում օրենքի խախտմամբ է տվյալները հրապարակել, մյուս կողմից՝ չի փրկում նրան պատասխանատվությունից այդ խախտման համար։ Թեեւ Նիկոլ Փաշինյանը այնպիսի լուրջ քրեական պատասխանատվություն ենթադրող խախտումներ է արել իշխանության զավթման եւ պահպանելու համար, ճնշումներ կիրառելով քաղաքական հակառակորդների նկատմամբ, որոնց համար ինչ-որ մի պահ օրենքի առաջ պատասխանատվություն է կրելու, որ հազիվ թե հերթը հասնի վիճակագրական ցուցանիշները օրենքի խախտմամբ հրապարակելու համար պատասխանատվությանը։

Ակնհայտ է նաեւ, որ նախապես հրապարակելով տնտեսական ցուցանիշները, դրանով Նիկոլ Փաշինյանն ուղղորդում է վիճակագրական կոմիտեին, որպեսզի վերջինս հետագայում այլ՝ իրականությանը մոտ կամ ճշգրտված տվյալներ չհրապարակի։ Նրա այդ գործելաոճը նորություն չէ՝ ճիշտ նույն կերպ ուղղորդվում են մարտի 1-ի գործը «կարած» քննիչները, դատախազները, ինչպես նաեւ այդ գործը քննող դատավորները։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «մարտի 1-ի գործը ամբողջովին բացահայտված է» կամ «կա՞ դատավոր, որ ինձ ասի չէ», ապա դրանից հետո, մեղմ ասած, բացառիկ խիզախություն է պետք արդար քննություն իրականացնելու կամ դատական որոշում կայացնելու համար։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ պետության մեջ ամեն ինչ ուղղորդվում է մի մարդու կողմից, որն, ի հավելում դրա, չունի պետություն կառավարելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, փորձառություն, անցած ճանապարհ, որեւէ մասնագիտություն։    

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ