02  09  2019

Արդարության ժամանակը

Արդարության ժամանակը

Օգոստոսի 31-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, դարձավ ավելին քան ընտանեկան կամ ուղղակի նախկին նախագահի ծննդյան օր, այն ավելի շուտ քաղաքական իրական պատկերի և վերլուծությունների առիթ տվեց։ Ինչպես հայտնի է՝ հոբելյանի կապակցությամբ նախագահ Քոչարյանը շնորհավորանքներ է ստացել ամբողջ աշխարհից՝ ՀՀ նախկին նախագահից, ԼՂՀ գործող և պաշտոնաթող նախագահներից, ՀՀ մի շարք նշանավոր պետական և քաղաքական գործիչներից, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից: Անկասկած ամենից քննարկվողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր: Ոչ պակաս քննարկվեց աշխարհահռչակ սպորտսմենների և քաղաքական, հասարակական գործիչների, խոշորագույն գործարարների շնորհավորանքները և այլն և այլն:

Առհասարակ այլ նախկին նախագահները ևս ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ, հաշվի առնելով նախկինում ունեցած մարդկային հարաբերությունները և ոչ միայն, սակայն համաձայնվե՛ք, այս դեպքը մի քիչ այլ է: Այլ է, քանի որ նախկին նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում, կալանքի տակ է գտնվում, իսկ պետական ագիտպրոպը մեկ տարի և ավելին համոզում է, որ «հեսա-հեսա» արդեն կապացուցի, որ նախագահ Քոչարյանը հանցագործ է:

Այս շնորհավորանքները և դրանց հրապարակայնացումը համաձայնվեք, որ ավելի շուտ նշանակում է, որ մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում նախագահ Քոչարյանին, օրվա իշխանություններին հայտնում են, որ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ կատարվում է նախկին նախագահի հետ վերջին մեկ տարում, շեշտում, որ նրա հետապնդումը քաղաքական է: Որոշները անկասկած իրենց բողոքն են հայտնում նախկինում անվերապահորեն /բառը ընտրված է մի քանի շնորհավորական տեքստերից/ հայկական երկու պետությունների անկախությանը, անվտանգությանն և հետագա զարգացմանը մեծ ավանդ ունեցած պետական գործչի նկատմամբ տարվող տևական անարդարությանը: Հայտնի հասարակական գործիչներից մեկը ֆեյսբուքյան գրառում արեց, թե շնորհավորանքների ցուցակը ցույց է տալիս, թե ինչու ներդրումներ չեն արվում Նոր Հայաստանում, և ամենից կարևորը՝ երբ կարվեն: Դժվար է չհամաձայնվելը, այդ նկատառումների հետ, սակայն խնդրին դիտենք նաև այլ տեսանկյունից:

Առաջին հայացքից գուցե անհավատալի լինի, բայց այս տարվա օգոստոսի 31-ը դարձավ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացման օրը։ Չ՞է որ ասում էին՝ հասարակությունն է նրան մեղավոր ճանաչել։ Հասարակությունն է նրան մեղավոր նշանակել։ Ասում էին, թե իբր մարդիկ համակարծիք են այդ հարցի շուրջ։ Օգոստոսի 31-ին այդ խոսակցությունները կեղծիք դարձան՝ շնորհավորողների պատկառելի կազմը դրա լավագույն առհավատչյան է։

Ավելին․ Ռուսաստանի Նախագահի ուղերձից պարզ դարձավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ միայն մեղավոր չի համարում Քոչարյանին /գերտերության ղեկավարը հենց այնպես չէր կարող թույլ տալ իրեն ՈՐԵՎԷ հանցանք կատարած մարդուն Ռուսաստանի իրական բարեկամ անվանել/, այլև գնահատում է նրա քաղաքական հետագիծն ու ներուժը ոչ միայն մեկ երկրի, երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային մակարդակում։

Ընդհանրապես, կարծում եմ, որ օգոստոսի 31-ն ազդարարեց արդարության ժամանակի մեկնարկը։ Այն հենց այնպես չեկավ՝ մեկ տարվա քաղաքական հալածանքներից հետո, որ նախանձելի տոկունությամբ հաղթահարեց երկրորդ Նախագահը։ Նախագահի պաշտպանական թիմի, աջակիցների, կողմնակիցների, պարզապես արդարամիտ ու իսկական քաղաքացիների աննկուն պայքարի արդյունքն է սա։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ