20 08 2019

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հերթական կորուստն արձանագրեց

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հերթական կորուստն արձանագրեց

Իշխանությունը միայն գործուղումները, կոռուպցիոն ռիսկերով գնումներն ու առատ ինքնապարգեւատրումները չեն, ինչպես մտածում են իշխանական վայելքների մեջ լող տվող իմքայլականներն ու նրանց վարչապետը։ Իշխանությունը առաջին հերթին պատասխանատվություն է, որը պարզապես պարտավոր ես ստանձնել՝ անգամ եթե դու պատասխանատվությունից ամբողջ կյանքում փախչող Նիկոլ Փաշինյանն ես։ Այսօր այդ պատասխանատվությունը Ամուլսարի հանքավայրի ներդրումային ծրագիրն ու դրա հետագա իրականացումն է։

Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, հայտնվելով երկու հակադիր մոտեցումների միջեւ, գործող իշխանությունն ընտրել է խուսանավելու մոտեցումը։ Նպատակը, ինչպես միշտ նույնն է՝ չանել այնպիսի քայլ, որ կարող է վնասել Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։ Տվյալ դեպքում՝ եթե վերջինս համաձայնվում է բնապահպանների հետ եւ թույլ չի տալիս վերջին տարիների խոշորագույն ներդրումային ծրագիրը կյանքի կոչել, ապա արժանանում է այդ ծրագրում ընդգրկված ավելի քան 1200 մարդու եւ նրանց հարազատների բացասական վերաբերմունքին, որոնք զրկվում են իրենց աշխատանքից եւ հիմնական եկամուտից։ Առանց այն էլ, ավելի քան մեկ տարի է ինչ նրանք այդ վիճակում են։

Բացի դրանից, Ամուլսարի ծրագրի ներդրող «Լիդիան ինթերնեյշընլ» ընկերության կողմից է լուրջ ճնշում գործադրվում Հայաստանի կառավարության վրա՝ ընդհուպ միջազգային արբիտրաժ դիմելու սպառնալիքներով։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը խրոխտ կեցվածքով իր լսարանի համար հայտարարի, թե «թող ներդրողները մեզանից վախենան, ոչ թե մենք», նա պարտավոր է լինելու պատասխան տալ ինչպես հնարավոր ահռելի տուգանքների համար, այնպես էլ ամերիկյան ճնշումների առջեւ։

Եթե, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ներդրումային ծրագիրը շարունակել, ապա նրա դեմ բողոքի ալիք է բարձրանում բնապահպանական կազմերպությունների կողմից։ Եվ դա անկախ նրանից, որ միջազգային կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման համաձայն, հանքավայրի շահագործումը Ջերմուկի եւ Սեւանի ջրային պաշարների համար ռիսկեր չի պարունակում։

Մի խոսքով, մեկ տարուց ավելի այս վիճակը ձգելուց եւ 400 հազար դոլար պետական բյուջեից միջազգային եզրակացության ստանալու համար գումար տրամադրելուց հետո, որի արդյունքում ստացվեց այն եզրակացությունը, ինչ եղել է ի սկզբանե՝ նախորդ կառավարության կողմից ծրագիրը սկսելու ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է որոշի, թե ինչպե՞ս է վարվելու։ Սա նրա համար ամենաանցանկալի պահն է, քանի որ նա սովոր է միայն խոստումներ տալ, ապա դրանք մոռանալ եւ նոր խոստումներ տալ եւ այդպես շարունակ ու չցանկանալով խոսել նախորդ խոստումների համար։

Երեկվա ելույթում (որին դեռ առաջիկայում կանդրադառնանք) մեկ անգամ եւս փաստվեց, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես կոչված չէ պատասխանատվություն ստանձնելու։ Ահա թե ինչ է ասում նա․ «Եվ ուրեմն մեր պետության, երկրի շահերից է, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Ես հիմա խոսում եմ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությամբ, և եթե ի հայտ կգա տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը գլխիվայր կշրջի, ես կաշկանդված չեմ»:

Այսինքն, երկրի համար խոշորագույն ներդրումային ծրագրի մասին, մեկ տարի շարունակ տարատեսակ ուսումնասիրություններից եւ եզրակացություններից հետո էլ պետության ղեկին հայտնված մարդը հստակ չի հայտարարում, որ «եզրակացությունն առկա է եւ ես որոշել եմ դրա հիման վրա թույլ տալ շահագործել հանքավայրը»։ Նա դարձյալ խուսանավում է եւ հետքայլի տեղ թողնում՝ հետագայում ասելու, որ ինքը խոսել է «տեղեկատվությունը գլխիվայր շրջվելու» դեպքում այլ որոշում ընդունելու հնարավորության մասին։

Փաստ է, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ցանկացած գնով պահպանելու պետական գերակայությունը, 2015 թ․-ից սկսված 380 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը մեկ տարուց ավելի կասեցված չէր լինի։ Դրան դեմ չէին լինի ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցները, որոնք հանկարծ «պետության նկատմամբ գերագույն պատասխանատվությամբ» են համակվել եւ խոսում են ներդրումային ծրագրի անհրաժեշտության մասին, ներդրումները կշարունակվեին, հանքավայրը կշահագործվեր, հազարից ավելի մարդիկ էլ կշարունակեին աշխատել։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հերթական կորուստն արձանագրեց՝ ինչպես Իջեւանի, Գյումրիի իրադարձություններից եւ միջադեպերից հետո։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ