14 08 2019

Մարիա՞մ, թե՞ Արտյուշ․ Իշխանության ճաշակը

Մարիա՞մ, թե՞ Արտյուշ․ Իշխանության ճաշակը

Վերջին օրերին համացանցի բուռն քննարկվող թեմաներից է վարչապետի Գյումրու շրջայցը, ավելի ճիշտ` շրջայցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը. Գյումրու փողոցներում «տուրիստական» կարգավիճակում զբոսնող վարչապետին ու իր տիկնոջն է մոտենում Մարիամ անունով մի կին` Փաշինյանին մեղադրելով, որ իր խոստումները չի կատարել և ոչինչ չի փոխվել: «Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա՛: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ։ Ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»,- ասել էր վրդովված կինը։

Վարչապետը, զարմանալիորեն, իրեն նորմալ դրսևորեց՝ ասելով՝ «Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել», ապա թիկնապահներին հրամայեց չքաշքշել նրան:

Սակայն վարչապետի վարվելակերպը չէ, որ մտահոգությունների տեղիք է տալիս, թեպետ մտահոգիչ է այն, որ վարչապետը Գյումրիում այդպես էլ կառուցողական և քաղաքում առկա խնդիրների կարգավորման որևէ տեսլականով հանդես չեկավ, այլ իր գործողությունները կրեցին զուտ զբոսաշրջային բնույթ:

Վերադառնանք Մարիամին, որի արդարացի բողոքից հետո սոցցանցերի օգտատերերը անմիջապես սկսեցին քննարկումները, թե կինը գյումրեցի չէ, «սևերի» կողմից ուղղորդված է, 10 000-ով ծախված է, և բոլոր հնարավոր վիրավորական արտայտություններով մեղադրեցին տիկնոջը միայն այն բանի համար, որ նա իրենց «սուրբ» վարչապետին մեղադրել է ստախոսության մեջ, այն բանի համար, որ հեղափոխություն կոչվածի ժամանակ թևեր էր առել, հույսով ու հավատով սպասել է, թե իր առջև ծառացած սոցիալական ու հոգեբանական խնդիրները կհաղթահարվեն՝ Նիկոլ Փաշինյանի գալով, սակայն «հեղափոխության» արդյուքնում ստացվեց այն, ինչ ստացվեց, իսկ դրա պտուղները սկսում են համտեսել առաջին հերթին տիկին մարիամները:

Տիկին Մարիամի շուրջ ձևավորված համացանցային հիստերիայից հարց է առաջնում՝ ո՞վ է ավելի ուղղորդված՝ Մարիամը, թե՞ այն մարդիկ, ովքեր իրենց բառապաշարի զինանոցում առկա ողջ վիրավորական բառամթերքներին էին շռայել համացանցում:

Հարց է առաջանում, արդյո՞ք «ծախված» են այն մարդիկ, որոնք բողոքում են իրենց ֆինանսական խնդիրների կուտակումից, որոնք իրենց երեխաներին դպրոց չեն կարողանում ուղարկել, և այն մարդիկ որոնք շարունակում են ապրել օրվա հացին կարոտ լինելով, թեպետ «ոսկե սարեր» էին խոստանում։ Մի՞թե ծախված է այն մարդը, որը համարձակվել էր վարչապետի դեմքին շպրտել այն, ինչ մտածում էր:

Իշխանությանը վախեցրեց այն հանգամանքը, որ Մարիամն անկեղծ էր և ուղղորդված չէր։

Նույն օրը երբ մեկ այլ գյումրեցի՝ Արտյուշը, իր սրճարանում քծնում էր Փաշինյանին, իշխանության և Ֆեյսբուքի համար շատ նորմալ էր։ Եթե Մարիամն անկեղծ էր ու մաքուր, Արտյուշն իր մշուշոտ անցյալով փորձում էր քծնել իր հոր նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու համար (Արտուշի հայրը Գյումրիում հայտնի Յաշա Եղիազարյանն է, ով երկար տարիներ եղել է ատլետիկայի դպրոցի տնօրենը, ով իր որդու նման ժամանակին քծնել է իշխանություններին, իսկ անցած տարի նրա նկատմամբ առանձնապես խոշոր չափի դրամական յուրացման համար քրեական մեղադրանք է առաջադրվել):

Ո՞վ է ավելի լավը, ազնիվ ու անկեղծ, Մարիամի՞ տեսակը, թե՞ քծնող ու կեղծավոր Արտյուշի։ Շատերիս համար՝ Մարիամը, իսկ ժողվարչապետի համար՝ Արտյուշը, որովհետև Մարիամի խոսքն իրական էր ու ցավոտ, իսկ Արտյուշը պոպուլիստին օգնում է ավելի պոպուլիստ լինել։

Ի դեպ, կարծում ենք, սա էլ կոռուպցիոն ինչ-որ դրսևորում էր։

Հետաքրքիր է նաև այն, որ տիկին Մարիամի մասին համացանցում քննարկումներից զերծ չէին մնում նաև իշխանական թևի ներկայացուցիչները։ Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե երազում էր այն երկրի մասին, որտեղ քաղաքացին հանգիստ մոտենա վարչապետին ու քննադատի։ Առավել ուշադիրները կնկատեն, որ վարչապետը կոտորվեց թիկնապահներին ասելով՝ թողեք թող մոտենա։

Պարոն Ռուբինյանը լավ կլինի երազի բարեկեցիկ հասարակության, սոցիալապես ապահով ժողովրդի մասին, որը բազմաթիվ առիթ կունենա ոչ թե երկրի ղեկավարի երեսին թքելու, այլ շնորհակալություն հայտնելու՝ խոստումները կատարելու համար։ Իսկ առայժմ նա միայն խոստովանում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ