14  08  2019

2050 թվականի ծրագրերը տապալվեցին 2018-ին

2050 թվականի ծրագրերը տապալվեցին 2018-ին

 5 միլիոն բնակչություն, 1.5 միլիոն հավելյալ աշխատատեղ, անվճար առողջապահություն, աշխարհի առաջնության մեդալակիր ֆուտբոլի հավաքական․․․ այսպիսի Հայաստան են մեզ խոստացել 2050 թվականին: Ի՞նչ խոսք, դժվար գտնվի մեկ հայ, որ չցանկանա սա իրականություն դառնա․ բայց թե ինչքանով այդ Հայաստանը կյանքի կկոչվի, ցույց կտան հաջորդող տարիները:

Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություն։ Եթե երկարաժամկետ ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ են բազմաթիվ գործոններ, որոնց մի մասն էլ մեր երկրի հետ անգամ հեռավոր թելերով են կապված, կարճաժամկետ ծրագրերը պետք է իրականություն դառնան անկախ ամեն ինչից։ Ինչպես ասում են՝ աշխարհն էլ ավերվի, պետք է կարճաժամկետ ծրագրերն իրականացվեն, և չի կարող որևէ իշխանություն արդարանալ, թե բա՝ այսինչ պատճառով չիրականացավ։

Խոսքը ոչ միայն հստակ քայլերի գիտակցության, այլ նաև հաշվետվողականության և պատասխանատվության մասին է: Մեծ հաշվով և շատ պարզունակ ասած, կարճաժամկետ ծրագրերի հաջողություններն են ապահովում երկրի զարգացման շարունակականությունը: Իսկ չհաջողելու դեպքում էլ քաղաքացին, ընտրողը հնարավորություն է ունենում տեսնելու, թե ինչի է ունակ կառավարությունը, և պահանջում տեր կանգնել իրեն տված խոստումներին:

ՀՀ քաղաքացուն, որ մերժել էր նախորդ իշխանությանը, հետաքրքրում էր, թե ինչ է իրեն սպասվում 2018 թվականի վերջին, 2019-ին, 20-ին․․․ Կառավարությունը խոստացավ կյանքի որակի փոփոխություն հեղափոխական տեմպերով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այնքան ժամանակում, որքանում կատարվեց հեղափոխությունը, կլուծվեն մեր սոցիալական խնդիրները։ Իրականում խոստումների կատարման փոխարեն ամփոփիչ ասուլիսում եղավ 100 քայլի մասին իրազեկում, որոնք մեր կյանքի վրա էական ազդեցություն չէին ունեցել։ Մի մասը նախորդ իշխանությունն էր արել, մի մասը դեռ պետք է արվի, մի մասն էլ կյանքի բնականոն ընթացք է, որը որևէ կապ չունի որևէ իշխանության հետ։

Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ո՞րն է կառավարության կարճաժամկետ ծրագիրն ու նպատակը: Վերջին մեկ տարում տպավորություն է, որ մենք մեր երկրում կամ ապրում ենք անցյալով, կամ խոսում ենք ապագայից, ներկան դարձել է անցյալում սխալների փնտրտուքի և ապագա երազանքների սահմանագիծ:

Շարքային քաղաքացու համար պարզ չէ՝ ինչ կլինի իր կյանքում այս տարի, մյուս տարի, կան խոստումներ և միայն խոստումներ: Մեկ տարի հետո վարչապետը համառորեն կրկնում է, որ իր տված խոստումները կատարվել են, հղումներ է անում վիճակագրական թվերին, նորից խոսում ապագայից, խոստումներ տալիս, իսկ մարդկանց կյանքը կարծես թե չի փոխվել, սոցիալական բեռը նույնն է, խնդիրները՝ նույնպես: Այդ մասին բարձրաձայնողների ձայնը խլացվում է, անտեսվում:

Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած «միջադեպն» ասվածի վառ օրինակն է: Մարիամը, որ հիմա տարբեր որակումների է արժանանում, ընդհանրական պատկերն է խոստացված լավ ապագայի ու դատարկ ներկայի բախման: Նա, կարող է սթափեցնող ազդակ լինել իշխանության համար՝ ռոմանտիկ երազանքներով ու պատրանքներով ներկան չես լցնի, մարդիկ հիասթափվում են, իսկ հետո հույսը, հավատն ու երազանքի ու երազելու կարողությունը վերականգնելը ավելի դժվար կլինի:

Հիմա կառավարությունը, որ կտրուկ ձաոխողել է իր կարճաժամկետ խոստումները, տապալել ծրագրերը, մեզ խոստանում է, թե 30 տարի հետո․․․

Հավատա՞նք։

Դա չի լինելու և ասենք, թե ինչու։

Բնականաբար, շատերն են պնդում, որ 30 տարի հետո մենք չենք կարող Նիկոլ Փաշինյան բռնել, որ հարցնենք, թե ինչո՞ւ այսինչ բանը չեղավ։ Բանն այն է, որ պետք է պետության զարգացման ընթացքը որոշեմն ոչ թե ղեկավարները, այլ ռազմավարական ծրագրերը։ Պետք է Նիկոլ Փաշինյանը ոչ թե ջնջեր նախորդ իշխանության գծած ծրագրերը և իր հմար նոր շեմ գծեր, այլ շարունակեր որպես իրավահաջորդ, շարունակեր սկսած գործը։

Մեկ օրինակ․ Կարեն Կարապետյանը ստեղծել էր ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն։ Նրանք նախագծեր էին մշակում հետագայի համար, 20, 30, 50 տարի հետոյի Հայաստանի համար։ 50 տարի հետո Կարեն Կարապետյան պաշտոնյա չէր լինելու, բայց ծրագրերը կսկսեին կյանքի կոչվել ու արդյունք տալ։ Նիկոլ Փշինյանի առաջին քայլերից մեկն էլ դրա լուծարումն էր։

Այսինքն, մարդը որոշեց, որ մեզ ռազմավարական նախագծեր պետք չեն։

Նման կերպ, վստահաբար, զարգացում չի լինելու։ Յուրաքանչյուրը պետք է մի քար դնի նախորդի դրած քարի վրա, շարունակի նրա ծրագրերը, հանրությունն էլ յուրաքանչյուր հաջորդ իշխանությունից արդյունք պահանջի։

Այլապես այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, կոչվում է ձախողում ի սկզբանե։

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ