13 08 2019

Հետապնդե՛ք, խայտառա՛կ արեք, կաշառե՛ք, միայն թե Քոչարյանի կալանքը մնա

Հետապնդե՛ք, խայտառա՛կ արեք, կաշառե՛ք, միայն թե Քոչարյանի կալանքը մնա

Հասարակության թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական հատվածը բավականին բուռն է արձագանքում «Դատական օրենսգիրք»  և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

Հիմնականում արձագանքը քննադատական է՝ սկսած նրանից, որ այդպիսով կաշառում են ՍԴ դատավորներին որ հրաժարական տան, և որպես նրանց փոխարինող՝ բերվեն իշխանության «սրտի» դատավորների։ Որոշներն էլ նշում են, որ անթույլատրելի է «կաշառել» հարկատուներիս հաշվին, կաշառում եք՝ կաշառեք ձեր գրպաններից։ Իսկ հիմնականում տեսակետ են հայտնում, որ նման առաջարկ անելն անգամ դատավորների արժանապատվության նկատմամբ ոտնձգություն է և այլն: Իհարկե, այդ և առհասարակ՝ մնացած այլ կարծիքները ճշմարտության իրենց մեծ բաժինն ունեն:

Բայց կարծում ենք, բացի այդ ամենից, պարտադիր է նաև իրերն իրենց անուններով նշելը. Այդ ամենն իշխանությունն անում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար: Անցումային արդարադատություն, վեթթինգ, դատարանների խայտառակ շրջափակում ակցիա, ԲԴԽ կազմի փոփոխում, ՍԴ նոր դատավորի «զոռով» ընտրություն, արհեստական ՍԴ ճգնաժամի հռչակում․․․ ։ Վերջապես, Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած որ՝ 2019 թվականը պետք է ունենա նոր ՍԴ կազմ և որպես դրա շարունակություն այս սահմանադրական օրենքի փոփոխությունը, որով հարկատուները պետք է վճարեն հրաժարական տված ՍԴ դատավորների ապագայի աշխատավարձերը, պրեմիաները, սոցիալական այլ երաշխիքների ծախսերը, թոշակը մինչև կյանքի վերջ՝ այս ամենը միմիայն մեկ հոգու կապրիզի համար...

Չի՞ ստացվում օրենքով կալանքի տակ պահել, արե՛ք օրենքից դուրս, չե՞ն ենթարկվում, հետապնդե՛ք, խայտառակ արեք, կաշառեք, միայն թե Քոչարյանի կալանքը մնա։ Նորից հնչում է նույն ձայնը․ «Կալանքն ուզես-չուզես՝ պտի տաս»։

Ռոբերտ Քոչարյանը, լինելով լուրջ պետական գործիչ, ունենալով հսկայական ամագ հայկական երկու պետությունների նկատմամբ, առիթի դեպքում Նիկոլին կասեր՝ «Այ տղա, հանգիստ թող երկիրը, ես մի քիչ կնստեմ, թե ուզածդ էդ ա»: Բայց կատակը մի կողմ, պատկերացրեք, ո՞վ, ի՞նչ ու ի վերջո ի՞նչի համար է անում այս ամենը։

Ու հասարակությունը դեռ հանդուրժում է․․․

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ