13  08  2019

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի միակ չաշխատող

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի միակ չաշխատող

Շատ ժամանակ չէր անցել 2018 թ․-ի ապրիլ-մայիսյան «սիրո», «հանդուրժողականության», «ոչ բռնի» և կոչվող հեղափոխությունից, իսկ իրականում գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայով իշխանության գրավումից, երբ ցանկացած քննադատություն, դիտողություն, մեկնաբանություն նոր իշխանության գործունեության մասին միանգամից արժանանում էր «հպարտ քաղաքացիների» հայհոյախառն հարձակումներին՝ «թողեք աշխատեն» կարգախոսով։ Դե իսկ երիտասարդ, կառավարման փորձ, շատերը նաև աշխատելու հետ երբևէ առնչություն չունեցող, իշխանության վայելքներին տրված նորաթուխ իմքայլականներն ու նրանց առաջնորդը լիուլի օգտվում էին «հպարտների» ընձեռած իդուլգենցիայից։ Նրանց քեֆ-ուրախությունների մասին տեսանյութերը տարբեր ռեստորաններում և ակումբներում սոցցանցերի հիմնական հիթերն էին։

Եվ ահա, անցել է ավելի քան մեկ տարի այդ օրերից։ «Նոր Հայաստանի» իշխանությունները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա առաձնապես չեն ձգտում աշխատել, չնայած այն, ինչ հայտարարվում էր, որ խանգարում է նրանց «աշխատելուն»՝ նախկին ԱԺ-ն, Երևանի նախկին ավագանին, ՀՀԿ-ն ԱԺ-ում և ՏԻՄ մարմիններում, այլևս գոյություն չունեն։ Ընդ որում, խոսքը առաջին հերթին նրանց առաջնորդի՝ վարչապետի աթոռին տիրացած Նիկոլ Փաշինյանի մասին է։ Նա գլխավոր «չաշխատողն» է, ինչի մասին եզրակացութոյւն կազմելու համար բավական է հետևել նրա ֆեյսբուքյան էջին։

Եվ այսպես, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի օրերի ֆեյսբուքյան գրառումներին։

Սկսենք օգոստոսի 5-ից, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս արձակուրդում չէր․

  • Առավոտյան 9․30՝ գրառում ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունների մասին, զուգակցված՝ պայծառ ապագայի մասին սովորական դարձած ճոռոմախոսությամբ։
  • 10․20՝ գրառում և տեսանյութ նախորդ գրառման վերաբերյալ։
  • 12․00՝ «Հայրենիք» գրառմամբ լուսանկար։
  • 13․21՝ տեսանյութ Խնձորեսկից, որտեղ բանակում չծառայած և արցախյան հրամանատարների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարդը փառաբանում է «մեր ազգի բոլոր փառապանծ Սպարապետներին»։
  • 15․30՝ ընտանեկան լուսանկար բանակում ծառայող որդու հետ։
  • 19․20՝ Ելույթը Ստեփանակերտի հրապարակից։

Սա օգոստոսի 5-ն էր, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ և գուցե ոմանք դրանով պատճառաբանեն այդ օրվա նրա չաշխատելն ու ֆեյսբուքյան էջով տարվելը։

Այժմ օգոստոսի 6

  • 01․11՝ լուսանկար Ստեփանակերտի հրապարակից։
  • 07․49՝ պաթետիկ գրառում՝ «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:
  • 09․50՝ լրատվամիջոցներում և համացանցում բազմաթիվ սրախոսությունների և քննադատությունների առիթ դարձած գրառում՝ «Մինչև 2050 թվականի Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագիծը»
  • 10․50՝ լուսանկարի տեղադրում դարձյալ Խնձորեսկից՝ իր չունեցած հայրենասիրության պատրանք ստեղծելու նկատառումներով։
  • 15․46՝ լուսանկար՝ «Համահայկական 7-րդ խաղերի մեդալները»։ Ինչո՞ւ և ի՞նչ կապ ունի վարչապետի աշխատանքի հետ։
  • 23․27՝ համահայկական 7-րդ խաղերի բացման ուղիղ միացումը։

Օգոտոսի 7

  • 01․05՝ յութուբյան տեսանյութ՝ «Մի քանի կտոր իմ կենսագրությունից» վերնագրով։
  • 11․35՝ գրառում տրամադրված ՀԴՄ կտրոնների և արձանագրված առևտրաշրջանառության մասին։
  • 13․53՝ գրառում «Համահայկական կոնսեսուսի 6 կետերը», որոնք ներառված էին Ստեփանակերտում ունեցած պատակտիչ և վտանգավոր ելույթում։
  • 17․45՝ տեսանյութ կառավարության սուբվենցիոն ծրագրերի մասին
  • 20․02՝ տեսանյութ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած ընտանիքի մասին՝ զուգակցված վարչապետական հերթական ոտանավորով։ (ի դեպ, հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող 100 ամերիկահայ ընտանքիների մասին սփյուռքի նախկին նախարարի տխմար հայտարարությունը վաղուց արդեն մոռացվել է)։

Օգոստոսի 8

  • 09․26՝ զբոսաշրջության ցուցանիշի մասին գրառում, որտեղ հրապարակված ցուցանիշը հակասում էր հուլիսի 16-ին իս իսկ կողմից հրապարակված ցուցանիշին (անդրադարձել ենք հետևյալ հրապարակմամբ
  • 10․04՝ գրառում Հայաստանում և Արցախում ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ։
  • 16․52՝ երկարաշունչ բարոյախրատական տեքստ «օջախ և ընտանիք» հասկացությունների մասին՝ մի մարդու կողմից, ով սեռական փոքրամասնություններ, տրանսգենդերների և այլ այլասերվածների իրավունքները դարձրել է գերակա և ում գլխավորած կառավարությունն ամեն գնով ձգտում է վավերացնելու տխրահռչակ ստամբուլյան կոնվենցիան։
  • 17․33՝ գրառում Սևանա լճից այս տարի կատարված ջրառի մասին

Օգոստոսի 9-ին կատարված 6 գրառումները բաց ենք թողնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրանք կատարել էր Ղրղզստանում՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելիս։ Միայն հիշատակենք «սելֆիստ» վարչապետի երկու սելֆիները՝ ԵԱՏՄ վարչապետների և Չինգիզ Այթմատովի ․․․ արձանի հետ։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Օգոստոսի 10

  • 11․17՝ գրառում այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին։
  • 12․30՝ տեսանյութ Մարալիկի բամբակագործվածքային ֆաբրիկայի բացումից՝ որի ստեղծման ներդրումային ծրագիրն սկսվել է 2016 թ․-ին՝ նախորդ իշխանության կողմից։ Ներկայիս կառավարությունը դարձյալ դրա հետ կապ չունի և ուրիշի կատարածը սովորության համաձայն, փորձում է յուրացնել։
  • 15․09՝ գրառում ժամկետային զինծառայողների մասին կառավարության որոշման վերաբերյալ
  • 17․34՝ տեսանյութ դարձյալ Մարալիկի ֆաբրիկայի բացումից՝ «աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա» գրառմամբ: Ոչինչ չես կարող անել՝ մարդը պարզապես չի կարողանում առանց լայվերի, սելֆիներին և ինքնագովազդի։

Օգոստոսի 11

Առավոտվանից սկսած «կիրակնօրյա զբոսանք Գյումրիում»՝ «հայրենաճանաչության մասին» վերնագրով։ Զբոսանքը 2000-ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ կառուցված Գյումրու նորակառույց և վերակագնված թաղամասերում էր և փողոցներում։ Գյումրեցիները պարզապես անտարբեր էին այդ զբոսանքին, իսկ նրանցից մեկն էլ համարձակություն ունեցավ մեղադրել Նիկոլ Փաշինյանին ստախոս լինելու և դերասանության մեջ։

Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալի մասին։

Նախ՝ տպավորությունն է ստեղծվում, որ ընթերցում ես ինչ որ կայքի լրատվական հոսք կամ բլոգ։

Երկրորդ՝ հարցեր են առաջանում, թե այս կամ այն բարոյախրատական քարոզը, պաթետիկ հայտարարությունը, ելույթն ու դրա առանձին հատվածները, տարբեր տեղեկատվություններ ողջ օրվա ընթացքում կազմելուց ու ֆեյսբուքում տեղադրելուց բացի, ինչո՞վ է զբաղվում Նիկոլ Փաշինյանը և ե՞րբ է նա աշխատում։

Երրորդ՝ նախկինում Հայաստանի ո՞ր նախագահն ու վարչապետն է աշխատելու փոխարեն բլոգերություն արել։

Չորրորդ՝ ո՞ր երկրի վարչապետը կամ նախագահն է հիմա կամ նախկինում իր պարտականությունները կատարելու փոխարեն ողջ օրվա ընթացքում գրառումներ, լայվեր, սելֆիներ արել կամ անում, տեսանյութեր տեղադրել կամ տեղադրում։

Մի խոսքով՝ թողեք «ժողովրդի» վարչապետը շարունակի չաշխատել։

 

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ