13 08 2019

Նիկոլ Փաշինյանին էլ փոխհատուցեք անկարգություն հրահրելու և թաքնվելու համար

Նիկոլ Փաշինյանին էլ փոխհատուցեք անկարգություն հրահրելու և թաքնվելու համար

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ին հանդիպել է մարտի 1-ի զոհերի հարազատներին և խոսել կառավարության վերջին նիստում ընդունված որոշման մասին։ Որոշումը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ է: Հիշեցնենք, որ ըստ կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված օրինագծի՝ 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կտրամադրվի 30, ծանր վնասվածք ստացածներին՝ 15, իսկ միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 միլիոնական դրամ:

Մարդկային կորուստի համար աջակցությունն ընկալելի է։ Մյուս հատուցումների մասով, սակայն, ունենք անհամաձայնություն։

Աջակցությունը տրամադրվում է պետական բյուջեից, որն Աննա Հակոբյանի ընտանեկան հիմնադրամը չէ։ Պետական բյուջեն գոյանում է մեր հարկերից ու տուրքերից։ Եվ կարևոր է մեզ հստակ տեղեկացնել, թե մեր գումարներով ում են փոխհատուցում։

Հայաստանում 2008 թվականին տեղի է ունեցել նախագահի ընտրություն, պարտված թեկնածուն իրեն հռչակել է նախագահ և որոշել նախագահի պալատ հասնել։ Քանի որ նման դեպք մեկ անգամ է եղել պատմության մեջ և էլի նույն թեկնածուի պարագայում (1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեց, բայց շարունակեց որպես նախագահ պաշտոնավարել), այս անգամ էլ որոշեց շարունակել իր սկսած գործը։

Լևոն Տեր-Պետրոսյանին նախ իշխանությունը փորձեց բանի տեղ չդնել՝ մտածելով, որ կիրթ մարդ է, մի քանի լեզու գիտի, կհասկանա, որ 21 տոկոսին ևս 2 այդքան պետք է գումարել նախագահի պալատը հասնելու համար։ Նա որոշեց գրոհով վերցնել նախագահականը, արդյունքում արյունահեղություն սարքեց քաղաքում՝ իր հավատարիմ զինակիցների հետ միասին։ Եղան զոհեր ու վիրավորներ։

Այժմ փոխհատուցում են։ Ո՞ւմ։ Մարդը գնացել-քարով խփել է ոստիկանին, ջարդել գլուխը, ինքն էլ վիրավորվել, ասենք՝ փոխադարձ հարվածից, մարդը գնացել ու թալանել է խանութը, ընթացքում վիրավորվել է, մարդը չի հասցրել, ասենք, «մոլոտովի կոկտեյլ» նետել, վիրավորվել է, մարդը վառել է ոստիկանապետի մեքենան, ինքն էլ վնասվածք ստացել, քանի որ լավ չեն սովորացրել, թե ինչպես են ուրիշի մեքենան պայթացնում։ Մարդը կատարել է հանցագործություն, խուլիգանություն, ինքն էլ վնասվել, հետո առողջացել է պետական միջոցներով ու հավանաբար՝ բերդ նստել կամ չի նստել։ Ու հիմա մենք մեր գրպանից պետք է փոխհատուցենք խուլիգանների՞ն։ Ինչո՞ւ ես՝ ՀՀ քաղաքացիս պետք է փոխհատուցեմ նրանց, որոնք մայրաքաղաքը սարքել են ռազմադաշտ ու չեն կարողացել իրենց կեղտոտ նպատակն ավարտին հասցնել։ Թող ինձ մարդկային լեզվով բացատրեն։ Իմ պետության ոստիկանին հարվածած, հայհոյած, իշխանության նկատմամբ բռնի գործողություն իրականացրած ստահակին ինչո՞ւ ես պետք է փոխհատուցեմ իմ գրպանից։ Ցույց տվեք աշխարհում երկիր, որը փոխհատուցում է հանցագործին՝ հանցանքն ավարտին չհասցնելու համար, ու եթե կարողանաք ապացուցել, այդ դեպքում նաև Նիկոլ Փաշինյանին փոխհատուցեք, որ արյունահեղություն կազմակերպելուց հետո փախուստի դիմեց։

Ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում զոհվածների հարազատների հանդիպման ժամանակ հարազատների գնահատականը։ Նրանք, ըստ կառավարության կայքի, նշել են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք  են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Ահա այստեղ է հաջորդ մեծ մանիպուլյացիան։ Նիկոլ Փաշինյանն այս մարդկանց չի ասել, որ ժողովուրդ, մարտի 1-ի գործը, որը ես բացել եմ, որևէ կապ չունի զոհերի մահվան հանգամանքների և սպանությունը կատարածների բացահայտման հետ։ Այդ նոր հանգամանքը, որ իբր կա, ոչ թե նոր փաստեր են մարտի 1-ի շուրջ, այլ այդ նոր հանգամանքն ընդամենը այն է, որ ես եկել եմ իշխանության։

Այդ մարդիկ՝ զոհերի հարազատները, դեռ հավատում են, որ այսօր կատարվում են բացահայտումներ, անծպտուն բերվում են իրենց զավակների հետ չկապված դատական նիստերի, մի բզոցով ելույթ են ունենում՝ առանց հասկանալու, որ իրենց հարազատի զոհվելու մասին խոսք անգամ չկա, որ այդ դատական նիստերը մարդկանց մասին է, որոնց մարտի 1-ի սպանությունները չեն մեղսագրվում։ Զոհերի հարազատները չեն էլ անցկացնում մտքի պոչով, որ Նիկոլ Փաշինյանը, որ մարտի 1-ից հետո թռավ, թռել է նաև այդ գործից։

2019թ․ հունիսի 4-ին ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Մեկ օր անց Նիկոլ Փաշինյանն առիթ ստեղծեց լրագրողների հարցերին պատասխանելու, և հարցին, թե 11 տարի անց առաջին բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել՝ այդ սպանությունների կատարման կասկածանքով, սա ինչպե՞ս եք բացատրում եւ շղթայական ռեակցիայով կարո՞ղ է սա բերել բացահայտումների՝ ասաց. «Սա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետեւողական աշխատանքը: Բոլորս ենք հասկանում, որ վերջին ձեր ասած 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է եղել, այլ ամեն ինչ արվել է, որ փաստերը կոծկվեն: Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված էին, նշանակում է՝ ամեն ինչն է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը: Եվ այս պայմաններում եթե ՀՔԾ-ն հասել է նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի…ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել»: 

Հետո լևոնական պաշտոնյաները շտապեցին եթերներ ու Գեղամ Պետրոսյանին ներկայացրին որպես հանցագործություն կատարած անձ։ Ուղիղ 2 ամիս անց Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Բավարար ապացույցներ չգտնվեցին կալանքը հիմնավորելու համար։ Մեղադրանքն էլ, ըստ փաստաբանի, խոստացել են հանել։ Իսկ եթե մի փոքր ապացույց անգամ ունենային, հիմա, անկասկած, Սասուն Խաչատրյանը «Ազատության» ու Հ1-ի եթերից տուն չէր գնա։ Բայց 70-ամյա նախկին պաշտոնյան ազատ արձակվեց՝ առանց ՀՔԾ-ի հաղորդագրության։ Սասուն Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանն ու որևէ մեկը ներողություն չխնդրեց այդ մարդուն անվանարկելու և մարդասպան ներկայացնելու համար։ Փոխարենը որոշները շտապեցին մարտի 1-ի զոհերի հարազատներին խոսեցնել, որոնք էլ խորը վրդովմունք հայտնեցին, որ այդ մարդուն ազատ են արձակել։ Որովհետև նա որպես մարդասպան էր ներկայացվում։

Ո՞վ է պատասխան տալու սրա համար։

Որ ասում ենք թշնամություն է սերմանվում մարդկանց մեջ միմյանց նկատմամբ, էդ թշնամությունը պոզով-պոչով չի լինում։ Սրանք այն քայլերն են, որ մարդկանց բերում են բախումների շեմին, ինչպես որ ատելությամբ բախումների բերեցին 2008 թվականին։

Դա չի ներվի։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ