12  08  2019

Ապագան առանց «մինուս մեկ»-ի

Ապագան առանց «մինուս մեկ»-ի

Այն ամենը, ինչ Փաշինյանը չհամարձակվեց հնչեցնել Ստեփանակերտի իր նենգամիտ ու շանտաժային ճամարտակությունների շարքում, սպրդեցին ըստ էության նրա թելադրանքով պատվիրված BBC-ի հրապարակման մեջ։ Բնույթով ու բովանդակային նշանակությամբ դրանք համարժեք են։ Իզուր է հիմա ակնկալել, թե առայժմ օրենքի դաշտից դուրս և ինքնիրավչության բացառիկ մենաշնորհ ունեցող վարչապետին նրա անմիջական ճնշումների ներքո գործող դատական համակարգը կարող է սահմանադրության կոպիտ խախտումների կամ քրեական բացահայտ հանցանքի համար մեղադրանք առաջադրել։ Անմիտ է կարծել, թե նրա հրահանգով օտար պատվիրատուին գաղտնի փաստաթղթեր հանձնած փաստաբանը, ՀՔԾ քննիչը կամ դատախազը որևէ պատասխանատվություն կկրեն, անհրաժեշտորեն ու անհապաղ կզրկվեն ունեցած կարգավիճակից ու լիազորություններից։

Հաշվի առնելով` որ հիմա մեր երկիրը իրավական պետություն չէ, օրենքներն ու սահմանադրությունը գործում են խտրական ընտրությամբ և օրենքի առաջ ոմանք բոլորովին էլ հավասար չեն, առայժմ նշենք նախորդ շաբաթ կատարված կամ մեկ անգամ ևս արձանագրված հանցագործությունների փաստերը` վստահությամբ, որ դրանք շատ շուտով կդառնան քրեական գործերի հիմք։ Հատկանշական է փաստը, որ հայոց երկու պետությունների միջև պառակտիչ նոր տարրեր նեմուծելու, Արցախի ինքնիշխանությունը սասանելու նկրտումով կեղծիք հրապարակելու համար ընտրվել է հենց բրիտանական BBC-ին, ինչը հավելյալ հաստատումն է, որ թավշյա ռեժիմն իր էությամբ հինգերոդ շարասյուն է և կատարում է օտար պատվեր։

BBC-ին որոշակի միտումով շրջանառել է 1 տարի առաջ հարցաքննության ժամանակ ոմն քննիչի հնարած վարկածը` թե 2008-ի մարտի 1-ի սադրանքից հետո «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ մայոր Սամվել Կարապետյանը` հերոս ազատամարտիկ Օգանովսկին, բայց ադրբեջանամետ բնույթով հայտնի բրիտանական ԶԼՄ-ն նույն հրապարակման մեջ նաև 3 անգամ շեշտել է, որ սա քննիչի անհիմն, որևէ ապացույց չունեցող մտավարժանք, նախաքննական վարկած է։

Հենց այն հիմնավոր ու ապացուցված փաստերը, որ մարտիմեկյան ոճիրի 10 զոհերից 2-ը ոստիկաններ են և նրանցիաց մեկը մահացել է ցուցարարի նետած նռնակից, մյուսը` ցուցարարի կրակոցից, ցուցարարներից 3-ը մահացել են Չերյոմուխա հատուկ միջոցի բեկորներից, 1-ը` Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից, 1-ը` ԱԿՍ տեսակի ավտոմատի կրակոցից, 3-ը` տարբեր տեսակի հրացանների կրակոցներից` ինքնին հերքում են և՛ բանակի որևէ մասնակցության, և՛ դիպուկահարների առկայության մասին ԼՏՊ-հհշական, հիմա նաև` իշխող   թավշյա կլանների հնարած, համառորեն շրջանառվող ու շահարկվող վարկածները։

Հերոս գեներալը ևս չի բացառել, որ «BBC-ի հրապարակումը կարող է հատուկ պատվեր լինի», բայց նա նաև զինվորական ճշգրտությամբ ցուցադրել է քննիչին թելադրված կեղծիքի մերկությունը. «Հազարից ավելի վկաներ կան։ Ես այն մարդկանցից չեմ, ով կարող է հրաման տալ կամ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա։ Առավել ևս, որ պատերազմի ժամանակ դա չեմ արել անգամ հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»: Իր երկրի զինվորը երբևէ չեղած ու օտարի դրդմամբ հայոց պետությունների դեմ պատերազմ հրահրելու գնով գերագույն գլխավոր հրամանատար դառնալ երազողն, իհարկե, երբեք չի ընկալի հերոս գեներալի խոսքի արժեքը։      

Դժվար է գուշակել, թե BBC-ի գնահատականներում ինչ կփոխվեր, եթե հրապարակումը նշեր նաև, որ ցուցարար Զաքար Հովհաննիսյանին մարտի 1-ի երեկոյան իր «Մակարով» տեսակի ատրճանակից գնդակահարելու հնարածին մեղադրանքով 2 ամիս առաջ կալանված ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել, քանի որ գնդապետին մեղսագրված ամբաստանությունը հնարավոր չէ ապացուցել իրականության հետ աղերս չունենալու պատճառով։ Մինչդեռ էական է, որ BBC-ն շրջահայացորեն արձանագրել է «հերոսին մեղավոր նշանակելու» և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրագործելու ամենաղաղակող փաստը։

Հրապարակման մեջ նշված է, որ մարտիմեկյան ոճիրի անմիջական մասնակից Փաշինյանն իր ենթակայությամբ գործող ՀՔԾ-ի միջոցով քաղաքական վենդետա է իրագործում Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Շեշտված է, որ հենց ԼՏՊ-ի ու Փաշինյանի ծայրահեղորեն սադրիչ գործողությունների հետևանքով է բողոքի ցույցը վերածվել զինված բախման, ապա` արյունահեղության, սակայն մարտիմեկյան ոճրագործության մեղավոր է նշանակվել սահմանադրական կարգի բռնի տապալումը սահմանադրական եղանակով կանխած սահմանադրական կարգի երաշխավորը։

Ընդգծված է, որ «նոր նախաքննությունը» Փաշինյանի անձնական նախաձեռնությունն է, քաղաքական միտումնավորությամբ ամբաստանության հիմքում հնաված մեղադրանք է դրված, քննության բնույթը «ոչ թափանցիկ» է, իսկ «նոր իշխանության էմոցիոնալ հայտարարությունները կասկածներ են առաջացրել, որ գործը քաղաքական բնույթ ունի և դատարանի վրա ճնշում է գործադրվում»: Թավշյա իշխանության պատվերի կատարումն ստանձնած BBC-ի միջոցով, սակայն, արտաքին պատվիրատուն նաև վերջին նախազգուշացումն է հղել, հրապարակավ արձանագրելով` որ իրենց հայտնի է ողջ ճշմարտությունը մարտի 1-ի ոճրագործության մասին։

Այսինքն. եթե հանձնառուն չկարողանա կատարել ստացած առաջադրանքը, ապա կզրկվի օտար հովանավորչությունից և օրենքի ամենայն խստությամբ կպաժվի և՛ Հայաստանի դատարանների, և՛ Եվրոպական դատարանի անողոք վճիռներով։ Հետևաբար, Փաշինյանն իր հանցավոր կենսագրությունը սրբագրելու, իր անցյալը փոխելու ու ապագան ազատազրման մեջ չանցկացնելու նպատակով է ամենայն օրինազանցությամբ, հոգեհայր ԼՏՊ-ի համակողմանի աջակցությամբ, ջանում սեփականացնել Սահմանադրական դատարանը և յուրացնել դատական ողջ համակարգը։ Ջանքերն ապարդուն են. էյֆորիան հանգում է, իսկ կոնսենսուսն ահանգանում ու հաստատակամ մերժում «մինուս մեկ»-ին։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ