12  08  2019

Ի՞նչ են ենթադրում օրենսդրական աղմկահարույց նախագծերը․ Ուսումնասիրություն

Ի՞նչ են ենթադրում օրենսդրական աղմկահարույց նախագծերը․ Ուսումնասիրություն

Արդարադատության նախարարությունն օգոստոսի 9-ին իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել  «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Քննարկումը բաց է լինելու մինչև օգոստոսի 26-ը: Այս պահին նախագծին ավելի շատ են դեմ քվեարկողները:

Նախագիծն այս կարճ ժամանակում արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել, իրավական, փորձագիտական շրջանակները մի շարք մտահոգություններ և խնդիրեն են մատնաշել: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին նախագծում հոդված 10-ում, մասնավորապես նշվում է.

«Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը՝ մասնագիտացված դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, մեկը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից, մեկը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից։ Բացի դատավորներից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում է մեկ ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և երկու ներկայացուցիչ՝ սույն հոդվածի 7-րդ հոդվածում մատնանշված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից։»:

Քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավումը, ըստ փորձագետների, ոչ այլ ինչ է, եթե ոչ քողարկված իշխանության ներկայացուցիչների էթիկայի հանձնաժողով ուղարկելու փորձ է: Հատկապես հեղափոխությունից հետո, շատ է նշվում, որ քաղհասարակությունը սերտաճել է իշխանությանը, քանի որ մեծ մասը տարբեր պաշտոններ է ստացել, կամ մեղ, ասած շատ հանդուրժող վարքագիծ է դրսևորում իշխանության գործելաոճին:

Հաջորդը՝ 18-րդ հոդվածում նախատեսվում է նվազեցնել դատավորների տարիքային ցենզը՝ 28-ից դարձնելով 25:

Սա խոցելի է մասնագիտական փորձառության տեսանկյունից, տեսակետներ են հնչում նաև, որ կան նախընտրելի թեկնածուներ, այս կերպ կառավարությունը նրանց աշխատանքի տեղավորման խնդիր է լուծում:

Նշված նախագծերի փաթեթում առանձնահատուկ ուշադրության են արժանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող երկու փոփոխությունները։

Մասնավորապես. Հոդված 1-ում

Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։

Իսկ հոդված 7-ում գրված է. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

Եթե ամբողջացնելու լինենք, այս երկու հոդվածների շուրջ ծավալվող քննարկումները, ապա հիմնական եզրահանգումները սրանք են.

  • նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Կառավարությունը փաստացի դադարեցրեց սահմանադրական դատարանի դատավոր/անդամ եզրույթների վերաբերյալ բանավեճը
  • փորձ է արվում ներդնել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով ՍԴ դատավորներին կոռուպցիոն գործարքի մեջ մտցնելու մեխանիզմ
  • հոդված 1-ից նաև հետևում է, որ կարող ենք առաջիկայում ականատես լինենլ նոր քրեական գործերի հարուցման և այդկերպ նաև ՍԴ դատավորների հեռացման:

Խնդրահարույց է նաև հրաժարական ներկայացնելու համար դատավորներին ներկայացված ժամկետը: Նախ, արձանագրենք, որ նախագիծը ներկայացվել է օգոստոսի 9-ին, բայց առաջարկվում են երաշխիքներ այն դատավորներին, որոնք օգոստոսի 1-ից սկսած հրաժարական կներկայացնեն: Նշենք նաև, որ առաջարկվող փոփոխությունները սահմանադրական օրենքներ են, դրանց շուրջ քննարկումները գուցե ավելի երկար տևեն, նախագիծը դեռ պետք է հաստատվի Կառավարության նիստում, ապա քննարկվի Աժ-ում, ապա ստորագրվի ՀՀ նախագահի կողմից: Թե ինչ հաշվարկներով է ընտրված վերջնաժամկետը, և առհասարակ ինչու է ընտրված, ավելի շատ հարցեր են առաջացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ