10 08 2019

Այսքանից հետո նա դեռ խոսում է «օտար գործակալների» մասին

Այսքանից հետո նա դեռ խոսում է «օտար գործակալների» մասին

Ըստ էության BBC-ն թավշյա «պատվերով» արել է այն, ինչ արդեն 15 ամիս է պատվերով ու օրինազանցությամբ անում է Փաշինյանը։ Անձա՛մբ ու իր հոգեհայր ԼՊՏ-ի՛ 2008-ին գործած ոճիրի մեղավոր է նշանակում վերջին 3 տասնամյակում կյանքով ու գործերով հերոսացածների՛ն։ Իսկ դա՛ է անում, քանի որ երբեք ու այլևս չի կարող անել ա՛յն, ինչ արել ու անում են հերոսները։

Նա քառօրյա պատերազմի առիթն օգտագործեց` ազատամարտիկների ֆոնին ինչ-որ կերպ խլրտալու համար։ Եվ հիմա անվերջ շահարկում է մի քանի ժամով կամուֆլյաժ հագնելու «խիզախությունը», պարծենում` թե իր թավշյա ուսերին երբևէ զինվորի փոշի է նստել։ Նա նույնիսկ Ստեփանակերտի համազգային հավաքին հյուրի կարգավիճակով իր ներկայությունն օգտագործեց համազգային պառակտում ու հայոց Արցախ պետության դեմ դավադրություն նյութելու նպատակով։

Նա բոլշևիկյան շեշտով ոչնչացրեց Արցախի հիմնախնդիրը լուծելու գրեթե 30-ամյա բանակցային ընթացքը ու տեղը ոչինչ չստեղծեց` իբր չի գտնում նոր ֆորմատ։ Վերածննդի հրապարակում նենգորեն «միացում» բղավեց` գիտակցելով, որ այդ իրավունքն ունի ցանկացած արցախցի ու ազատամարտիկ, բայց ո՛չ երբեք` ինքը։ Ինչո՞ւ և ո՞ւմ համար արեց. որ Իլհամը բանակցություններից հրաժարվելու ու բանակցային նոր հարթակ հնարելու հնարավորույուն ստանա՞։ Եթե ո՛չ, հապա ինչի՞ շուրջ են օրակարգի բացակայության պայմաններում անվերջ ու գաղտնի` ժողովրդի թիկունքում բանակցում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ավելի խոշոր ու ցանկալի զիջում Իլհամին ուղղակի հնարավոր չէ պատկերացնել. Չէ՞ որ հենց սա՛ է նրա վաղեմի երազանքը։

Մի նենգ ու անարձագանք մնացած վանկարկում` և Իլհամի ձեռքերն ազատ են Մինսկի խմբի բոլոր միջնորդական ջանքերը անտեսելու և պատերազմը վերսկսելու համար։ Իսկ եթե Մինսկի խմբին հաջողվի էլ` զսպել Իլհամին, ապա նա կօգտվի իրեն քաղաքակիրթ որակածի ընձեռած շանսից ու բանակցությունները կփոխադրի 1996-ին ԼՏՊ-ի հասցրած կետին` առնվազն պահանջելով այն 7 շրջանները, որոնք ազատագրել են նրանք, ում այսօր թավշյա իշխանակալը բանտարկել ու քաղաքական հաշվեհարդարի թիրախ է դարձրել։ Միթե՞ սա՛ չէր ԼՏՊ-ի «լավ ապրելու» ծրագիրը, միթե՞ հոգեզավակը կարող է այլ բան անել։

Ցավոք, պարզվում է` նա ընդունակ է ավելիին։ Նա կարող է պառակտել երկու հայոց պետությունների միասնությունը։ Միթե՞ նրա սադրիչ միջամտությունը, պնդումը` թե ինքն է Արցախում ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը` այսինքն պարտադրված ու այլընտրանք բացառող ընտրություններ թելադրողը, պակաս է խեղաթյուրում Արցախի ինքնիշխանությունը, քան ադրբեջանական ապատեղեկատվությունն ու թշնամական քարոզչությունը։ Միթե՞ սա չի նշանակում, որ եթե արցախցին չընտրի թավշյա իշխանակալի դրածոյին, ապա նա սևերի ու սպիտակների է բաժանելու նաև Արցախի ժողովրդին։

Այսինքն. արտաքին թշնամու դեմ պատերազմի մեջ գտնվող Արցախին նա պարտադրում է ներքին պատերազմ, ինչը ոչ այլ բան է, քան օտարի թելադրած առաջադրանք, թշնամու պատվեր։ Եվ այսքանից հետո նա դեռ խոսում է «օտար գործակալների» մասին։

Դավադրությունը բացառված չէ, բայց այն անհրաժեշտ է բացառել։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ