09  08  2019

Շրջանառվեց թավշյա իշխանափոխությունը բռնի Արցախ արտահանելու թեզիսը

Շրջանառվեց թավշյա իշխանափոխությունը բռնի Արցախ արտահանելու թեզիսը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած համազգային հավաքին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ելույթը սկսեց` շեշտելով անելիքը գիտակցելու անհրաժեշտությունը. «ովքեր են հայերը, ինչի համար են եկել աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու և ինչ առաքելությամբ»: Նա ասես կանխատեսել էր, որ հակիրճ, բոլորին հասկանալի և հայոց պետության ղեկավարին վայել իր խոսքին հետևելու է Փաշինյանի հախուռն կեղծիքներով հագեցած ժամանոց ելույթը, որն ավելի նման էր օտարի նենգադավ սպառնալիքներով ու չարամիտ հակասություններ ներարկելով արցախցու միտքն ու հոգին խռովելու, քաոս ու անվստահություն սերմանելու հանձնակատարության։

Խոսելով «Արցախին բաժին ընկած առաքելության» մասին, նախագահ Սահակյանը ընդգծեց․ «մենք մեր մեջ կրում ենք հարգանք, պաշտամունք մեր նախնիների նկատմամբ, որոնք մեզ փոխանցել են սուրբ երկիր» պատգամը։ Այս կերպ նա պատշաճորեն փոխադարձեց անագանքը, որը Երևանից եկած հյուրը դրսևորեց Արցախի II և III նախագահների միջնորդության ու այդ հիմքով ապօրինի կալանքից Արցախի I նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատվելու փաստի նկատմամբ։ Օրինական որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հնարավոր բոլոր ճնշումները գործադրելու և դատարանները շրջափակելու Փաշինյանի հրահանգները հենց հայի առաքելությունը չգիտակցելու և տասնամյա իշխանավարումից հետո բոլորիս բարեկարգ պետություն փոխանցած նախագահ Քոչարյանի նկատմամբ անպատշաճ հարգանքի դրևորումն է։

Նախագահ Բակո Սահակյանը գուցե հաշվի էր առել նաև այս փաստը, գիտեր` թե ինչ «օտարածին առաքելությամբ» է ժամանել հյուրը և նրա սխալն ու սուտը կանխելու համար զգուշացրեց. «31 տարի առաջ է արցախցին ի լուր աշխարհի հայտարարել՝ չենք հանդուրժելու ազգային արժանապատվության, ինքնասիրության ոտնահարման դրսևորումներ»։ Րոպեներ անց պարզվեց, որ օտարին ծառայելու վախն ավելի հզոր է, քան ազգային արժանապատվության գիտակցումը։ Երբ հնչեց Արցախի նախագահի ընտրություններին միջամտելու ուղղակի սպառնալիքը, գուցե և պետք էր բղավել` «դավադիր է վատացել», բայց անգամ այդ պահին արցախցին մնաց իր ազգային պատվախնդիր բարձունքում։

Երևանից եկած որոշ հյուրերի արժեհամակարգին ազգային խելամտության հաղորդելու վեհ փորձ էր Բակո Սահակյանի «հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը արցախյան ազատագրական շարժումն է» հուշումը, որը, սակայն, միտումնավոր մնալու էր անտեսված, չընկալված։ Փոխարենը դարձյալ շրջանառվեց թավշյա իշխանափոխությունը բռնի Արցախ արտահանելու դարձյալ շրջանառվեց թավշյա իշխանափոխությունը բռնի Արցախ արտահանելու բոլշևիկյան թեզիսը թեզիսը։ Արցախի նախագահը, գուցե, սա էլ էր կանխատեսել և պնդեց. «մեր ընտրած ուղին անշրջելի է, մենք գնալու ենք երազանքների իրագործմանը՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչմանն ընդառաջ»։

Բակո Սահակյանն անկասկած հեռատես ու խորաթափանց պետական ու քաղաքական գործիչ է, ուստի իր ավարտական ողջույնի հղումով անգամ` «ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են եռամիսնության կարևորությունն ու նպաստում են, որ այդ միասնությունն էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի մեր հայրենիքի զարգացման համար», փորձեց նրբանկատորեն զսպել Երևանից հյուր եկած որոշակի անիզմ, անհետևողական, անպատասխանատու գործիչին անթույլատրելի, բայց ցավալիորեն կանխատեսելի վանկարկումները։ Ավաղ. օտար ծրագրի անբաժան մասը լինելով` հնչեցին եռամիասնությունը քայքայելուն ուղղված ու նպաստող բոլոր թեզիսները։ Հնչեցնողն ինքն էլ գիտակցեց, որ դավադրություն է գործում. այլապես չէր արդարանա, թե «դավադրությունը բացառված է հենց մեր ծագումնաբանությամբ»։

Ի դեպ. հենց իր «ծագումնաբանությունն» է, որ դավադիրը թաքցնում է ամենայն բարեխղճությամբ, բայց ամենայն պարզամտությամբ էլ բացահայտում է։

 

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ