08 08 2019

Արցախը վճռականորեն մերժեց թավշյա ռեժիմը Արցախում հիմնավորելու ծրագիրը

Արցախը վճռականորեն մերժեց թավշյա ռեժիմը Արցախում հիմնավորելու ծրագիրը

Եթե ժողովրդին առաջնորդողի, երկրի զարգացման ընթացքն ու վեկտորը որոշողի բարոյական որակները, պատասխանատվության գիտակցումն ու օրենքից վեր իրեն չդասելու կամքը, միտքը, խիղճն ու հոգին առողջ չեն, նա շահարկելու է իր կարգավիճակը ու չարիք է դառնալու։  

Վերջին անգամ ապօրինի կալանվելուն նախորդած հարցազրույցում Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանը շեշտել է. «թե երկրի ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ մտածում է` իրեն կսիրե՞ն, թե՞ չեն սիրի, երբեք չի անելու այն քայլերը, որոնք բերելու են երկիրը զարգացման»: Անցած երկուշաբթի Փաշինյանը Ստափանակերտում արցախցիներին բազմաբնույթ կեղծիք ու ստեր հրամցրեց, որոնց հետին իմաստն ու նպատակը մեկն էր. սիրե՛ք ինձ։

Ամեն ինչ պառակտած ու քաոսի մատնածն իր նկրտմանը հասնելու համար նույնիսկ գերագույն խաբկանքի գնաց` փորձեց իր նենգ նպատակին ծառայեցնել 88-ին ծնված «ՄԻԱՑՈՒՄ» գաղափարը։ Նրա գաղափարազուրկ ու անիզմ «միացումը» արձագանք չունեցավ: Արցախցին խլացնող լուռ անվստահությամբ արձագանքեց թավշյա իշխանափոխությունը բռնությամբ ու խաբկանքով Արցախ ներմուծելու արկածախնդրությանը։ Արցախը վճռականորեն մերժեց թավշյա ռեժիմը Արցախում հիմնավորելու ծրագիրը, հաստատեց, որ թույլ չի տալու որևէ թավշյա միջամտություն Արցախի նախագահական ընտրություններին։

Արցախցին միանշանակ հավաստիացավ, որ Երևանից եկած հյուրի ծածուկ նկրտումը՝ սեփական դրածոին Արցախի տիրակալ դարձնելն է: Արցախը հստակ ու վերջնականորեն ամրագրեց, որ նրա պատկերացրած և անկոչ միջամտությամբ պարտադրած «միացումը» նշանակում է Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միավորում։ Թավշյա ռեժիմի առաջնորդի ստեփանակերտյան այցին հաջորդած ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար» այս իրողության ցայտուն ապացույցներից միայն մեկն է։

Նախագահ Քոչարյանը փաստացի կանխատեսել է ստի ու կեղծիքի միջոցով Արցախը թյուրիմացության մեջ գցելու Փաշինյանի փորձը և իր հարցազրույցում ողջ հայությանն է զգոնության կոչ հղել. «չեմ կարծում, թե կա՛ որևէ մեկը, ով հասկանում է` այս իշխանությունն ինչ է ուզում: Իզմերի բացակայությունը նշանակում է քաղաքականության կանխատեսելիության բացակայություն: Եթե չկան իզմեր, ապա մնում է մեկ և ամենից վատ իզմը, որը կոչվում է պոպուլիզմ: Տնտեսության համար ամենաից վատը` անորոշությունն է»։ Հենց այս պոպուլիզմն ու անորոշությունն էր նաև Արցախում ուզում սերմանել Փաշինյանը, բայց ստի սերմը արցախյան հողին չհասավ։

Ով էլ ժողովրդին ցանկանա «կերակրել» ստով, իր հետ որևէ աղերս չունեցող երեսնամյա հեռանկարով ծրագրեր ներկայացնի` երբ չգիտի, թե իրեն ինչ է սպասում երեք օր հետո, իր թյուր, սին, պարզամիտ պատկերացումները պարտադրաբար թելադրի պետության ապագային, իրեն համարի եզակի ու բացառիկ` միշտ ու ամենուր մերժվելու է։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ