06  08  2019

Արդեն ակնհայտ է, որ «ժողովրդի իշխանության» մասին պնդումը կեղծիք է

Արդեն ակնհայտ է, որ «ժողովրդի իշխանության» մասին պնդումը կեղծիք է

Թեև օրվա վարչապետը յուրացրել է իշխանության գործադիր ու օրենսդիր թևերը, ոչնչացրել է ֆունկցիոնալ տարանջատումները և ամենը կենտրոնացրել ի՛ր ձեռքում, վերացրել է գործող սահմանադրությումբ ու օրենքներով սահմանված հակակշիռները, հիմա էլ փորձում է դառնալ դատաիրավական իշխանության տերը և լռեցնել չորրորդ իշխանությունը, բայց նա արդեն անշրջելիորեն ձախողվել է։ Նա չի կարող իրագործել տոտալիտար ռեժիմ հաստատելու հանձնառությունը, ուստի և` անկարող կլինի կատարել հայոց երկու պետականությունները` Հայաստանն ու Արցախը աշխարհաքաղաքական այլ դաշտ փոխադրելու և ինքնիշխանությունից զուրկ աշխարհագրական տարածք դարձնելու առաջադրանքը։

Տոտալիտար համակարգի հիմքը իշխանության ու ժողովրդի անխախտ, օրգանական, գաղափարական միասնությունն է։ Մինչդեռ թավշյա իշխանությունն ի սկզբանե ժողովրդին բաժանել է սևերի ու սպիտակների, յուրայինների ու թշնամիների, պիտանիների ու անպիտանների, վերնախավի ու «վնգստացողների»։ Ժողովրդի տոտալ պառակտումը շարունակվում է, և ակնհայտ է դառնում, որ «ժողովրդի իշխանության» մասին պնդումը կեղծիք է։ Պարզ է, որ ժողովուրդը անգաղափար ռեժիմի մաս չէ, չկա ժողովրդի ու իշխող ռեժիմի միասնություն, համակարգ չի ձևավորվում, ժողովրդի գերակշիռ հատվածը բաց ու համարձակ բողոքի ցույցերով արտահայտում է իր ծայրահեղ դժգոհությունը և մերժում է թավշա ռեժիմը։

Ինքնապահպանման բնազդը ռեժիմին ստիպում է մնալ արտաքին տոտալ ազդեցության նեղ շրջագծում, ստանձնած առջադրանքը կատարելու պարտադրանքն էլ թելադրում է` վերածվել բռնակալության, ոստիկանապետության, ռեպրեսիվ մեքենայի։ Այստեղ է, որ բուռն հակասություններ են առաջանում բուն իշխանության ներսում` սորոսյան հինգերորդ շարասյան ու տեղական «հեղափոխական» բևեռների միջև։ Եթե սորոսական սեռա-լուսանցքային ծայրահեղականների համար Հայաստանը տարածք, Արցախը` բեռ, ազգը` բնակչություն է, ապա իրենց ժողովրդի մաս տեսնող «հեղափոխական» շերտի համար մտահոգիչ են և՛ Արցախ-Հայաստան խզումները, և՛ Վենետիկի հ/ժ-ի գնահատականները, և՛ դատական համակարգի դեմ արշավը, և՛ դատավորների նկատմամբ ճնշումները, և՛ «ստամբուլյան» պարտադրանքը...    

Կա մի ցցուն իրողություն, որը պարզորոշ է դարձնում ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական ու սոցիալական, իրավական ու հասարակական հարթություններում թավշյա ռեժիմի տոտալ կախվածությունը, տապալվածությունն ու անհեռանկար էությունը։ Իրազեկ հավաստիացումներ կան, որ հրահանգված է` ծածուկ «փակել» պաշտոնական չարաշահումներ և կոռուպցիոն համակարգ ստեղծելու «բավարար ապացույցների» առկայությամբ ապրիլին պաշտոնանկ արված և նախաքննության վրա բացահայտ ճնշումներ գործադրելու պարագայում անգամ չկալանված ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրգործը։ Նույնքան իրազեկ պնդում կա, որ քրգործը դատարան ուղարեկել օրվա վարչապետին արգելել են սորոսյան հարթակից։

Սա իշխանության սորոսական ու տեղական թևերի ահանգնացող պայքարի, իշխանության քայքայման ու պառակտման խոսուն վկայություններից մեկն է միայն։ Չնայած ԱԱԾ-ում առկա հիմնավոր փաստերի, մեղադրանքն ապացուցող բազում` նաև առողջապահության նախարարի ցուցմունքների, բիզնեսներ հովանավորելու, մենաշնորհներ բաշխելու, կաշառք ստանալու մասին տեսանյութերի ու ծավալուն հատորների, որոնց մանրամասները զեկուցվել են Փաշինյանին, հրամայված է` «հեղափոխական իշխանությանը վարկաբեկող հնչեղ դատաքննություն չանել»։

Փաշինյան-Սանասարյան` իշխանություն-սորոսյաններ հարաբերությունների տոտալ անհավասարակշռության ու ենթարկվածության վկայությունն է և՛ օրվա վարչապետի սեփական օրակարգի բացակայությունը, և՛ անվճռականությունը, և՛ գործողությունների հակասականությունը, և՛ Արցախում քաղաքացիական ու քաղաքական աննախադեպ բարդ, կործանարար իրավիճակներ սադրելու թելադրված մարտավարությունը, և՛ թավշյա իշխանության որոշիչ լծակները հերթով ու հարկադրաբար սորոսականներին փոխանցելու կադրայնին լուծումները, և՛ արտաքին քաղաքական դրսևորումների քաոտիկ անորոշությունը։

Ակներև է, որ Փաշինյանն այլևս անկարող է իրեն ենթարկել իշխանության ներսում առկա և անսահման հավակնություններ ունեցող թևերը։ Բացահայտ է, որ թավշյա ռեժիմը պառակտում են ներսից, պառակտվում է դրսից։ Նրան թվում է, թե անցանկալի քաղաքական վախճանից խուսափելու միակ փրկօղակը` Արցախի I և Հայսատանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական վենդետան անօրեն միջոցներով հանձնարարված եզրակետին հասցնելն ու հայոց երկու պետականությունները ոչնչացնելը կարող է լինել։ Մինչդեռ, հիմա արդեն կարող է տեսնել, թե ինչպես են պատվիրատուները վարվում իրենց միսիան ավարտած կամակատարների հետ, եթե հետևի Պորոշենկոյի քաղաքական կյանքի ընթացքին։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ