05 08 2019

Հնդիկ միգրատների հաշվին Նիկոլ Փաշինյանը «նվազեցնում» է արտագաղթը

Հնդիկ միգրատների հաշվին Նիկոլ Փաշինյանը «նվազեցնում» է արտագաղթը

Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի, որ այս տարվա առաջին կիսամյակում «սահմանահատումների նեգատիվ սալդոն» նվազել է «32 անգամ կամ 96,9 տոկոսով» կամ 75 հազարից հասել մինչև 2 հազարի։ Այդ պնդումը նա արել էր, ներկայացնելով 2015-2019 թվականների առաջին կիսամյակների Հայաստան մտնող և դուրս եկող մարդկանց տվյալները, այն պարագայում, երբ 2019 թ․-ի առաջին կիսամյակի ցուցանիշը դեռ հրապարակված չէր։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր ոչ թե Հայաստանի քաղաքացիների ելքն ու մուտքը մեր երկիր, այլ ընդհանրապես բոլորի։ Այդպիսով, խոսքն ըստ էության այն մասին էր, որ օտարերկրացիների և ՀՀ քաղաքացիների միասնական տվյալները ներկայացնելով, փորձել էր տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում արտագաղթը տասնյակ անգամներով նվազում է։ Մինչդեռ, ցավոք, դա այդպես չէ։ Քանի որ արդեն հրապարակվել են նաև այս տարվա առաջին կիսամյակի տվյալները և մենք այս առումով միայն հիմա ենք հայտնվել Նիկոլ Փաշինյանին հետ հավասար պայմաններում, անդրադառնանք դրանց։

Այսպիսով, 2015-2019 թվականների առաջին կիսամյակներում ՀՀ փաստաթղթերով (այսինքն ՀՀ քաղաքացիների) մարդկանց ելքն ու մուտքի տվյալներից պարզվում է, որ մեկնողների և ժամանողների բացասական սալդոն նվազել է ոչ թե 32 անգամ, այլ մոտ 2,3 անգամ՝ 103 հազարից հասնելով 44,4 հազարի։ Այսինքն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս են եկել մոտ 949 հազար ՀՀ քաղաքացի, իսկ Հայաստան են մտել ավելի քան 904 հազար ՀՀ քաղաքացի։ Ընդ որում, ամենևին էլ այնպես չէ, որ բացասական տարբերությունը միանգամից կրճատվել է «դուխով» վարչապետի կառավարման ժամանակ։ Այն աստիճանաբար կրճատվել է անցած 5 տարիների ընթացքում։

Բնական է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է և ՀՀ քաղաքացիների և օտար երկրների քաղաքացիների Հայաստան ելքի և մուտքին, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում, հիմնականում շնորհիվ Հնդկաստանից Հայաստան հազարավոր հնդիկների միգրացիայի, այդ տարբերությունը իսկապես նվազել է։ Սակայն, դա ոչ միայն չի նշանակում արտագաղթի նվազում, այլ նաև իր բացասական ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա, որն առանձին խոսակցության թեմա է։

Վերադառնալով ՀՀ քաղաքացիների Հայաստանից հեռանալուն, նշենք, որ արտագաղթի տեմպն, այդուհանդերձ, չի կարող անընդատ բարձր մնալ։ Կա մի սահման, որից այն կողմ այդ տեմպն իջնելու է, քանի որ արտաղթողների հիմնական մասն արդեն գնացել է։ Սակայն, տնտեսական վիճակի վատթարացման պատճառով, այն կանգ չի առնելու և մեր երկրի բնակչության թիվը շարունակելու է նվազել։ Ի դեպ, բնակչության թվի մասին։

Դարձյալ նոր հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հուլիսի 1-ին Հայաստանի մշատական բնակչությունը կազմել է 2 մլն 961 հազար մարդ։ Հիշեցնենք, որ սրա մեջ են մտնում մինչև 1 տարի ժամկետով Հայաստանից դուրս գտնվող մեր քաղաքացիները, իսկ առկա բնակչությանը թիվը մոտ 200 հազարով ավելի քիչ է։ Այսպիսով, վերոնշյալ 2 մլն 961 հազար թիվը փաստում է, որ 2018 թ․-ի հուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 970 հազար մշտական բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 9 հազարով։ Բնական է, որ այս տխուր ցուցանիշների մասին Նիկոլ Փաշինյանը գրառում չի անի, իսկ «հպարտ» քաղաքացիներն էլ չեն էլ ցանկանա իմանալ այդ մասին։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ