30 07 2019

Երևանը հրդեհների մեջ․ այրվել է Ավան շրջանի չափ տարածք

Երևանը հրդեհների մեջ․ այրվել է Ավան շրջանի չափ տարածք

Մի տեսակ անարդար է ստացվում, երբ խոսելով վերջին 1-1,5 տարվա «թավշյա» կառավարման մասին, մարդիկ ասում են «ոչինչ չի փոխվել»։ Մի՞թե ոչինչ չի փոխվել կոնկրետ երևանցիների համար, որոնք խանդավառությամբ մերժելով նախկին իշխանություններին, անցյալ տարվա աշնանը ձայների ավելի քան 80 տոկոսով (ընտրություններին մասնակցած ընտրողների 42 տոկոսի 80 տոկոսը) Երևանի նոր քաղաքապետ ընտրեցին Նիկոլ Փաշինյանի դրածոյին։ Փոխվել է, իհարկե․ Երևանում այդ փոփոխություններն աչքի են զարնում ամենուր։ Ընդ որում, խոսքը միայն քաղաքի բնապատկերի մաս դարձած աղբի սարերին և գարշահոտությանը չի վերաբերվում։

Ավելի քան 10 ամիս Երևանն այս վիճակում է, իսկ քաղաքային իշխանությունները խոստանում են միայն, որ խնդիրը շուտով կլուծվի և բնականաբար՝ չեն մոռանում նորից «օգնության կանչել» նախկին իշխանությանը՝ ասելով, որ նախկինում էլ է այդպես եղել։ Նրանց աղբային մտածողությունը թույլ չի տալիս գիտակցել, որ ընդամենը ամիսներ առաջվա կացությունը մարդիկ չեն մոռացել, որ նախկինում կանոնավոր աղբահանության պարագայում եղել են ժամանակավոր խնդիրներ, իսկ իրենց օրոք և մեղքով դա վերածվել է անլուծելի խնդրի։ Խնդիր, որը նրանք պարտավոր են կարգավորել օր առաջ և չփորձել դա ներկայացնել որպես երևանցիներին արված լավություն։ Ինչևէ։

Ինչպես արդեն նշեցինք, աղբահանության խայտառակ վիճակն ամենևին էլ «դուխով» քաղաքային իշխանության միակ «ձեռքբերումը» չէ։ Դրանք ընդգրկում են բոլոր ոլորտները՝ կանաչապատում, ոռոգում, շինբարեկարգում, մշակութային միջոցառումներ և այլն։

Երկրորդ խոշոր ձախողումը՝ աղբահանությունից հետո, մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացումն է հրդեհից։ Նոր իշխանությունը, նախկինում շահարկելով կանաչ տարածքների թեման և հայտարարելով, որ ավելացնելու են դրանք, այժմ աղետալի ձևով նպաստում է դրանց ոչնչացմանը։

Բոլորս ականատես ենք ամեն օր ձայնային ազդանշաններով փողոցներով սլացող հրշեջ մեքենաներին։ Նրանք պարզապես չեն հասցնում մայրաքաղաքի չորացած կանաչ հատվածներում բռնկվող հրդեհները մարել։ Հուլիսի 22-ի դրությամբ, Երևանում այրվել է 870 հա կանաչ տարածք։ Այն, որ ամառվա շոգին հրդեհներ են լինում, նորություն չէ, նորությունը դրանց մի քանի անգամ ավելանալն էլ։ Ի՞նչ է փոխվել։ Թերևս ավելի ճշգրիտ ասել է նախարարության պաշտոնյան․ «Եթե ժամանակին Երևան համայնքի համապատսախան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ հրդեհների թիվը կնվազի»։ Մեզ հայտնի չէ՝ հիշյալ պաշտոնյան դեռևս աշխատո՞ւմ է, թե՞ հեռացվել է որպես «հակահեղափոխական», բայց որ նա իրականությունն է ասել, փաստ է։ Քաղաքային իշխանությունը ոչ միայն ոռոգմամբ չի ապահովել խոտածածկ տարածքները, այլև խոտհունձ չի իրականացրել, որը ևս նպաստել է հրդեհների բռնկմանը։

Գուցե շատերի համար վերացական լինի 870 հա տարածքը, որն անցած մեկ շաբաթվա ընթացքում շարունակել է ավելանալ, ապա համեմատության համար ասենք, որ Երևանի Ավան վարչական շրջանի տարածքը կազմում է 812 հա։ Այսինքն, այս տարի ամռանը արվել է Ավան շրջանի տարածքը գերազանցող կանաչապատ տարածք և հրդեհները դեռ շարունակվում են։ ԱԻՆ պաշտոնական կայքում ամեն օր տեսնում ենք հաղորդագրություններ հազարավոր քառակուսի մետրեր այրված խոտածածկ տարածքների մասին թե՛ Երևանում, թե՛ ամբողջ Հայաստանում։

Երևանում վերջին 10 ամիսներին ի հայտ են եկել նաև այլ խնդիրներ, որոնք նախկինում չեն երևացել և նկատելի են դառնում միայն, երբ աշխատանքներ չեն կատարվում՝ չեն թարմացվում փողոցների գծանշումները, չեն էտվում փողոցի երկայնքի ծառերը ծառերը, ինչի պատճառով ճանապարհային երթևեկության հավելյալ դժվարություններ են առաջանում։ Ծաղկապատում, կանաչապատում՝ մոռացված երևույթներ են, բարեկագրման աշխատանքներ չեն արվում, սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր այլևս անցյալ են, չխոսելով արդեն կառուցապատման և ներդրումային ծրագրերիի բացակայության մասին։ Փոխարենը քաղաքապետարանի պաշտոնյաներն առատորեն ինքնապարգևատրվում են։

Այս ամենը զարմանալի չի։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի՝ որպես երկրի հետ, ավելի ակնառու երևում է մայրքաղաքում։ Հայաստանի կառավարման հետևանքով մեր ողջ երկիրն է հայտնվել Երևանի աղբի սարերի վիճակում, պարզապես վերջինս ամեն օր ենք տեսնում։ Այնպես, ինչպես կառավարում է ամբողջ երկիրը Նիկոլ Փաշինյանը՝ առանց գիտելիքների և հմտությունների, առանց որև մասնագիտության տիրապետելու, անկառավարելի հոգեվիճակով, ստանձնած ահռելի պատասխանատվությունը չգիտակցելով և խոշոր սխալներ թույլ տալով, այնպես էլ դա Երևանում անում է՝ Հայկ Մարությանը։ Տարբերություններ փնտրելու կարիք չկա՝ նրանց կառավարումից հետո արձանագրվող «փոփոխությունները» դեռ շարունակելու ենք «վայելել»։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ