26 07 2019

Առաջին կիսամյակում գյուղատնտեսությունը 7․4 տոկոսով անկում է գրանցել

Առաջին կիսամյակում գյուղատնտեսությունը 7․4 տոկոսով անկում է գրանցել

Այսպիսով, վիճակագրականն կոմիտեի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,5 տոկոս։ Հիշեցնենք, որ շատ ժամանակ չի անցել, երբ նույն վիճկոմի կողմից ներկայացված հունվար-մայիս ամիսներին 7,3 տոկոս աճի ցուցանիշով մենք Եվրոմիության երկրների մեջ «չեմպիոն» էինք, հետո էլ պարզվեց, որ այդ երկրների մի մասը Եվրոմիության երկրներ չէին և մենք էլ աճի չեմպիոն չենք։ Եթե չեմպիոն ենք, ապա միայն տնտեսական ցուցանիշներն աղավաղելու և իրականությանը հակասող պատկեր ներկայացնելու առումով։

Մեկ ամսվա կտրվածքով աճի տեմպի 0,8 տոկոս նվազման հիմնական պատճառը, թերևս գյուղատնտեսության՝ կարելի է ասել աղետալի անկումն է՝ 7,4 տոկոսով։ Ինչո՞ւ աղետալի, քանի որ անցած տարի ևս «թավշյա» վարչապետի պատճառով գյուղատնտեսության մեջ կտրուկ անկում ունեցանք՝ տարեկան 16 մլրդ դրամի կամ 7,2 տոկոս անկում ունեցանք։ Պատճառի մասին բազմիցս ենք ասել՝ հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց ոռոգման համար ջրառ կատարել Սևանից, իսկ երբ դա թույլ տվեց սեպտեմբերին՝ բերքի և մշակաբույսների մի զգալի մասն արդեն ոչնչացել էի շոգից։ Սա այն դեպքում, երբ 20018 թ-ի հունվար-ապրիլին, շնորհիվ Կարեն Կարապետյան կառավարության իրականացվող քաղաքականության, գյուղատնտեսությունում աճ էինք ունեցել։ Սակայն «թավշյա» ալիքը ջնջեց նաև գյուղատնտեսության մեջ սկսված դրական այս միտումը, իսկ անցյալ տարվա անկումը ավելի է խորանում։

Ինչ մնում է տնտեսության մյուս ճյուղերին, ապա ամենամեծ աճը շարունակվում է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 15,3 տոկոս։ Ինչպես հայտնի է, դրա հիմնական շարժիչ ուժը բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքներն են, որոնց ցուցանիշը ևս, գոնե այս տավա համար լուրջ կասկածներ է առաջացնում։ Բանն այն է, որ այստեղ կտրուկ աճ տեղի ունեցավ անցած տարվա հունիսին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ և խիստ կասկածելի է, որ այս տարի ավելի շատ խաղադրույքներ են արվել, քան անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում։

Շինարարության մեջ, հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումին» աճի տեմպը նվազում է և կես տարվա արդյունքով կազմել է 4,7 տոկոս։ Ընդ որում, այս տարվա հունիսին, այն գրեթե այնքան է, որքան 2018 թ․-ի՝ ցնցումներով լեցուն հունիսին՝ աճն ընդամենը 0,6 տոկոսով է։

Արդյունաբերությունում աճի ցուցանիշը 6,9 տոկոս է, ինչը նույնպես տարակարծություններին տեղիք է տալիս։ Այն պարագայում, երբ վերջին ամիսներին շարունակաբար նվազում են էլեկտրաէներգիայի և արտահանման ծավալները, ինչպե՞ս է արդյունաբերությունում աճ գրանցվում։ Դրա համար պետք է զուգահեռաբար ավելանար էլեկտրաէներգիայի արտադրությունը, առանց որի արդյունաբերությունը չի կարող աշխատել, իսկ որպես աճի արդյունք՝ պետք է ավելանար արտահանումը, որը գրեթե տեղի չի ունենում։ Արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում դեռևս 0,5 տոկոսով զիջում են նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներին, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 5,5 տոկոսով են նվազել անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ։

Նույնը կարելի է ասել առևտրի 8,9 տոկոս աճի մասին։ Եթե ամիսների շարունակ նվազում էր ներմուծումը, իսկ արդյունաբերությունը գրեթե չէր աճում, ապա ինչպես էր առևտրում, որտեղ վաճառվում են կամ ներմուծվող, կամ արտադրվող ապրանքները, երկնիշ աճ գրանցվում։ Ընդ որում, երբ փոքր ինչ ավելացան ներմուծման և արդյունաբերության աճի տեմպերը, առևտրի աճի տեմպը նվազեց։ Սա իսկական հանելուկ է։ Իրականում ամեն ինչ հանգում է վարչապետական հրահանգին՝ ցույց տալ տնտեսական ակտիվության բարձր աճ։

Եվ ահա, հակառակ վերջին 8-9 ամիսներին առևտրում արձանագրված շրջանառության անկման, ինչի մասին փաստում են բոլոր առևտրով զբաղվածները, վիճկոմը նախ այստեղ բարձր աճ է պատկերում՝ ներմուծման և արդյունաբերության անկման պարագայում, ապա վերջիններիս ծավալների որոշակի աճի ժամանակ, առևտրի աճի ցուցանիշը աստիճանաբար, ամսե-ամիս նվազեցնում և մոտեցնում ներմուծման և արդյունաբերության ցուցանիշներին։ Նպատակը՝ ցույց տալ բարձր աճ, տպավորություն ստեղծել «հպարտ» զանգվածի մոտ, թե զարգանում ենք, ապա աննկատ, մի քանի ամսվա ընթացքում, փոքր-ինչ «մոտենալ» իրականությանը։

Այս առումով պատահական չէ, որ ընդհանուր կացությունից կտրված տնտեսական ինչ-որ ցուցանիշի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում կամ գրառում է կատարում, քանի դեռ հրապարակված չեն լինում վիճակագրական տվյալները, որոնց համադրումներից հնարավոր կլիներ ստուգել հրապարակված ցուցանիշի հիմնավորված լինելը։ Հետո արդեն, երբ դրանք կհրապարակվեն և կպարզվի, որ ամեն ինչ այնպես չէ ինչպես ներկայացվել էր, «սպիտակ» քաղաքացիները մոռացած կլինեն նախորդ՝ շինարարության, զբոսաշրջության կամ մեկ այլ «բումի», «տնտեսության լավ տրամադրության» և նմանատիպ այլ՝ իրականության հետ կապ չունեցող անհեթեթությունները և կշարունակեն փառաբանել «ժողովրդի» վարչապետին։ Սակայն, փաստն այն է, որ անգամ տնտեսական ակտիվության նվազած աճի տեմպը իրականությանը մոտ չէ, ինչի պատճառների մասին արդեն նշեցինք, և ինչքան էլ որ վիճկոմը ջանի, իրականությունն ու դրանից տարբերվող թվային ցուցանիշներն իրար մոտեցնելն առաջիկայում ավելի ու ավելի է դժվարանալու։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ