12  07  2019

Օրինապահ հարկ վճարողները «նախորդ ռեժիմի» ժամանակ եռակի շատ էին

Օրինապահ հարկ վճարողները «նախորդ ռեժիմի» ժամանակ եռակի շատ էին

2019 թվականի առաջին եռամսյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 14 հարկ վճարողի, երկրորդ եռամսյակում՝ ևս 11-ի, իսկ երրորդ եռամսյակում՝ նրանց թիվը դեռ 5 է:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ հարկատուներին խթանելու, որոշակի արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրվում է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակ: Կարգավիճակ ստանալու համար պետք է դիմել ՊԵԿ, որը համապատասխան ստուգումներից հետո հաստատում կամ մերժում է հայտը:

Մի կողմ թողնելով երրորդ եռամսյակի արդյունքները, քանի որ դեռ ժամանակ կա այն ամփոփելու համար, համեմատենք այս տարվա առաջին վեց ամիսների տվյալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Այսպես՝ 2018 թվականի առաջին երեք ամիսներին օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ է տրվել 25 տնտեսվարողների, իսկ դրան հաջորդող երեք ամիսներին՝ 39-ի:

Եթե հանրագումարի բերենք՝ ստացվում է, որ 2018-ի առաջին վեց ամիսներին ունեցել ենք 64 Օրինապահ հարկ վճարող, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 25:

Հայաստանում մեկնարկած տնտեսական հեղափոխության կարևոր դերակատարներից մեկը ՊԵԿ-ն է: Այս մասին մշտապես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիները պետք է տնտեսական ակտիվություն դրսևորեն, ՊԵԿ-ն էլ այդ ամենը վերահսկի:

«Ակնկալում եմ, որ հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք»,- դեռ տարվա սկզբին ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ահա ապրիլին ՊԵԿ-ում շրջայցի ժամանակ ասաց. «ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, եւ ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի»:

Օրեր առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա ներկայացրեց 2019-ի առաջին կիսամյակում փաստացի հավաքագրված հարկային եկամուտները: Ըստ Անանյանի՝ դրանք կազմել են 713.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում մոտ 63 մլրդ դրամով կամ 9.6 %-ով գերակատարվել է բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը:

Եթե սրան էլ ավելացնենք, որ ստվերը կրճատվել է, ապա տրամաբանորեն «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակ ունեցողների թիվը ևս պետք է ավելանար, մինչդեռ կրկնակի նվազում ունենք: Ստացվում է, որ կամ տնտեսվարող սուբյեկտները հարկերը վճարում են, բայց չեն նախընտրում իրենց օրինապահությունը վկայող հավաստագիր ստանալ և չեն դիմում, կամ էլ դիմում են, բայց ՊԵԿ-ը մերժում է: Ամեն դեպքում, որ կողմից էլ դիտարկում ես, վարչապետի ասածը, թե հանրային վստահությունը ՊԵԿ-ի նկատմամաբ ավելանում է, սուտ է դուրս գալիս։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ