08  07  2019

Սննդամթերքի գների սրընթաց աճ՝ նաև հունիսին

Սննդամթերքի գների սրընթաց աճ՝ նաև հունիսին

Ոչ հեռավոր անցյալում գնաճի ամենաչնչին փոփոխությունը դառնում էր հանրային քննարկման գլխավոր թեման, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ դրա հիմնական շահարկողը։ Ոչ հեռավոր անցյալում, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գնաճի վերաբերյալ նախորդ իշխանությունից պարզաբանումներ էր պահանջում, ասելով թե «դուք մարդկանց ասում եք կարագ մի կերեք, կանաչի կերեք»։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իշխանության ղեկին, հետևաբար ոչ նրա ընտանեկան թերթն է աղմուկ բարձրացնում, ոչ էլ ինքն է հրապարակային ելույթներ ունենում և վրդովվում։ Մինչդեռ վերջին ամիսներին արձանագրվող՝ հատկապես սննդամթերքի գների բարձր գնաճը շարունակվում է։

Համաձայն վիճկոմի, այս տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիսին, Հայաստանում գնաճը կազմել է 2,5 տոկոս։ Դա, անշուշտ, բարձր չէ։ Սակայն բանն այն է, որ սննդամթերքի և ամենօրյա սպառման առարկաների գնաճն է բարձր։

Այսպես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 4,6 տոկոս, ծխախոտի և ալկոհոլային խմիչքներինը՝ 4 տոկոս, ոչ պարենային ապրանքներից՝ հագուստի և կոշիկի գնաճը՝ 5,2 տոկոս։ Ակնհայտ է, որ այս ցուցանիշները վկայում են շարքային քաղաքացիների ծախսերի նկատելի բարձրացման մասին։ Սրանց փոխարեն աննշան աճել են կոմունալ ծառայությունների, առողջապահության, կրթության, տրանպորտի, ռեստորանների և հյուրանոցների գները, որոնք ամենօրյա ազդեցություն թեև չեն ունենում, բայց ևս ավելացնում են մարդկանց ծախսերը։ Իսկ ահա տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության, կապի, հանգուստի և մշակույթի ոլորտներում գնանկում է արձանագրվել։ Այս ծառայությունները բնակչության ծախսերի մեջ շատ փոքր մաս են կազմում և գնանկումն այստեղ մարդկանց կենցաղում էական փոփոխությունների չի բերում։ Սակայն այս ծառայությունների գնանկումը լուրջ «օգնություն» է վիճակագրական կոմիտեին՝ սննդամթերքի և զանգվածային սպառման այլ ապրանքների բարձր գնաճի հետ համադրելով, այն հնարավորություն է տալիս գնաճի ընդհանուր ցուցանիշը 2,5 տոկոս դարձնել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, արդեն չի ասում «հիմա մարդիկ ձու կամ բանջարեղեն չուտեն, այլ քաղցած մշակութային միջոցառման՝ թատրոն կամ կինո գնա՞ն»։ Այդ պատճառով մենք ենք հիմա դա ասում Նիկոլ Փաշինյանին։ Եվ դա անում ենք ոչ թե պարզապես նույն կերպ հակադարձելու համար, այլ անցած տարվանից սկսված սննդամթերքի բարձր գնաճի նրա անմիջական մեղավոր լինելու պատճառով։

Բազմիցս նշել ենք, որ 2018 թ․-ի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարել, ինչի պատճառով բերքի ահռելի ծավալ առանց ոռոգման ջրի ոչնչացավ շոգից։ Արդյունքում, անցյալ տարի գյուղատնտեսությունում ավելի քան 8 տոկոս անկում և շուրջ 17 մլրդ դրամի բերքի կորուստ ունեցանք։ Դա էլ բերեց բանջարեղենի և մրգի բարձր գնաճին, որը շարունակվում է նաև այս տարի, քանի որ գյուղատնտեսությունում նման կորուստը չի կարող սահմանափակվել միայն մեկ տարով, այն իր հետևանքներն է ունենալու մի քանի տարի։ Շոգից ոչնչացած մշակաբույսերի փոխարեն նոր տնկիների աճեցման և բերքատվության հասնելու համար տարիներ են պետք։

Եվ ահա այս տարվա հունվար-հունիսին բանջարեղենի գներն աճել են 19,1 տոկոսով։ Ընդ որում, առավել շատ սպառվող բանջարեղենից լոլիկի գինը հունիսին անցած տարվա հունիսի նկատմամբ աճել է 40,1 տոկոսով՝ անտեսելով վարչապետի հավաստիացումը, որ «լոլիկի գներն այս տարի նորմալ և ընդունելի կլինեն», վարունգի գինը աճել է 25,3 տոկոսով, կարտոֆիլինը՝ 74,8 տոկոսով, կաղամբինը՝ 26,4 տոկոսով, ծաղկաղամբինը՝ 33,3 տոկոսով, դդմիկինը՝ 56 տոկոսով, գազարինը՝ 37,3 տոկոսով, կանաչ լոբու գինը՝ 24,2 տոկոսով, պղպեղինը՝ 8,5 տոկոսով, գլուխ սոխինը՝ 12,9 տոկոս։ Փոխարենը նվազել են սմբուկի, ճակընդեղի, սխտորի և ուշադրություն՝ կանաչ սոխի և խառը կանաչեղենի գները։ Փաստորեն, «կանաչի ուտելու» մասին ռեպլիկը հիմա էլ կարող է այժմեական լինել։

Մրգի գների աճը ավելի համեմատաբար համեստ է՝ 8,6 տոկոս, բայց վիճակագրական կոմիտեն մրգի առանձին տեսակների գների մեջ շրջահայացորեն չի նշել այս սեզոնին առավել սպառվող ծիրանի, կեռասի, բալի գները։ Նման խորամանկությունները թույլ են տալիս վիճակագրության միջոցով «մեղմել» իրականության մեջ գոյություն ունեցող բարձր գնաճը։ Ի դեպ, հեղափոխության իբր «արդյունքի» խորհրդանիշ բանանի գինը ևս աճել է՝ 8,7 տոկոսով ․․․

Շարունակելով անդրադառնալ սննդամթերքի գներին, նշենք, որ պանիր, ձու և կաթանմթերք ապրանքախմբում գնաճը կազմել է 4,9 տոկոս, իսկ ձվի գինը աճել է 37,6 տոկոսով։ Մսամթերքի գներն աճել են 3,1 տոկոսով, իսկ ահա շաքարինը՝ նվազել 8,4 տոկոսով։

Ինչ վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին և ծխախոտի 4 տոկոս գնաճին, ապա հունիս ամսվա ցուցանիշը հուլիսին գերազանցվելու է, քանի որ այս ապրանքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացել է և այս օրերին դրանք արդեն թանկացել են։

Հագուստի և կոշիկի գնաճը մտահոգիչ է ոչ միայն այն առումով, որ դրանք սննդից հետո ամենաանհրաժեշտ ոչ պարենային ապրանքներն են, այլև որ անցած տարվա մայիսի համեմատ այս տարվա մայիսին գնաճն այստեղ 1,7 տոկոս էր, իսկ ահա հունիսին անցած տարվա հունիսի համեմատ՝ արդեն 5,2 տոկոս։

Այս ամենը նշանակում է, որ գործ ունենք շարքային քաղաքացու վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գնաճի հետ, որն անմիջական բացասական ազդեցություն է ունենում բնակչության սոցիալական վիճակի վրա։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ