05  07  2019

Լուռ տոն՝ աղաղակող մեսիջներով

Լուռ տոն՝ աղաղակող մեսիջներով

Պետական բյուջեից 124 միլիոն դրամի հատկացում, փակ փողոցներ, միջոցառումներ Երևանում և մարզերում, խորոված-նարդի փարթիներ: Մոտավորապես այսպես նշվեց Քաղաքացու օրը Հայաստանում՝ զուգակցված ՀՀ վարչապետի, Աժ նախագահի, պատգամավորների ու նախարարների քայլերթով ու շնորհավորանքներով: Նիկոլ Փաշինյանն անգամ չգնաց Պեկինում ընթացող «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին, որտեղ օրինակ՝ Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր ստորագրեց ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։

Առանց պետական հատկացումների, առանց տոնական միջոցառումների` զուգակցված երկրից բացակայող ՀՀ վարչապետով, Աժ նախագահով և սակավաթիվ շնորհավորանքներով: Այսպես է ՀՀ-ում նշվում Սահմանադրության օրը: Հայտարարվել է, որ լինելու է քայլերթ, բայց թե ովքեր են քայլելու, ուր են քայլելու, հայտնի չէ: Հատկանշական է՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը ոչ հստակ օրակարգով մեկնել է Վիետնամ՝ մի երկիր, որտեղ ՀՀ-ն անգամ ներկայացուցչություն չունի: Վիետնամում ՀՀ նոր դեսպան նշանակված Վահրամ Կաժոյանը դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին: Վիետնամում, մեր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, վարչապետ Փաշինյանը արդեն հասցրել է այցելել Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակ դրել Զոհված հերոսների շիրիմներին, կնոջ ուղեկցությամբ այցելել է Գրականության տաճար։ Այցի հրատապությունն ամենաքիչը կասկածելի է:

Որ վարչապետն ու իր տիկինը ավելի հավանական է, որ չգիտեն՝ ո՞վ է Հո Շի Մինը, կամ իրենց զոհված հերոսները ո՞ր պատերազմում են զոհվել, կամ այդ ի՞նչ Գրականության տաճար է, դա դեռ ոչինչ, բայց որ նույնիսկ չեն պատկերացնում, թե որքան անհամեմատելի են Սահմանադրության և Քաղաքացու օր/սիմվոլները, դա անթույլատրելի է երկրի ղեկավար համարվողի համար։

Հիշեցնենք, եթե չգիտեն՝ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Եվ պետական մակարդակով այս տոնի նկատմամբ նման վերաբերմունքն ամենաքիչը տարակուսելի է:

Վերջին շրջանում, երբ ՀՀ սահմանադրականության, սահմանադրական դատարանի շուրջ տարբեր իրադարձություններ են ծավալվում, կամայական ինքնահռչակումներ տեղի ունենում, հենց իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում, թե կա սահմանադրական ճգնաժամ։ Ճգնաժամը, սակայն, ինչպես երևում է, կա իրե՛նց քայլերում և գլուխներում։

Ստացվում է՝ Սահմանադրությունը արհամարհվում է ոչ միայն գործողություններում այլ նաև հրապարակայնորեն և ցուցադրական։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ