05  07  2019

ՍԴ-ն միայն կարող է կասեցնել փաշինյանական ապօրինությունների հեղեղը

ՍԴ-ն միայն կարող է կասեցնել փաշինյանական ապօրինությունների հեղեղը

Թավշյա շրջանն ի սկզբանե եմ ընկալել, որպես անբնական, հակաբնական, արհեստական, սինթետիկ, շինծու, վիրտուալ, ժամանակավոր ու շատ վտանգավոր երևույթ: Ռաբլեն իր անմահ ծաղրավեպում նույնիսկ Անտիֆիզիսի (հակաբնության) անձնավորված կերպարն է ստեղծել. «Նա ոչինչ չի անում` երբ աշխատում է, կծում է` երբ ծիծաղում է, վախենում է սեփական ստվերից, սեփական քթից բարձր է թռնում։ Այս սրիկան իր կողմն է ձգում բոլոր խելագարներին ու ապուշներին, հիացնում է բոլոր անուղեղներին ու առողջ բանականությունից զրկվածներին, լույս աշխարհ է բերում անպետքությունների, մոլագարների, խաբեբաների, կեղծ սրբերի և կեղծ բարեպաշտների, որկրամոլների, երեսպաշտների, դատարկախոսների, դիվահարների և ամեն տեսակ հրեշավոր, այլանդակ, անբնական արարածների»։

Անցած մեկ տարում համոզվեցինք, որ երբ Անտիֆիզիսին իշխանություն են տալիս, նա իրականություն է դարձնում ամեն վատն ու անթույլատրելին` ինչը մինչ այդ անհնարին ու անկարելի, հակաբանական ու հակաբնական է համարվել։ Նախ և առաջ` հակաբնական էր, որ Նիկոլին ձերբակալելուց րոպեներ անց նրան ազատ արձակեցին։ Հակաբնականն այն է, որ առանց Նիկոլի մնացած ուսապարկը կարճ րոպեների ընթացքում մանրակրկիտ պատասխանել է բոլոր առաջացած հարցերին, ապացուցել` որ իրեն կրո՛ղն է ճիշտը և նրան դարձրել Փաշինյան։

Հետո հակաբնական իրադարձությունները հաջորդեցին մեկը մյուսին ու ստեղծվեց թավշյա վիրտուալ իրականությունը։ Լեգիտիմ ԱԺ-ի մեծամասնությունը արեց պահանջվողը, որ փաշինյանական փոքրամասնությո՛ւնը մեծամասնություն դառնա ու լուծարի իրենց։ Թավշյա էյֆորիկ ակտիվիստների փաքրամասնությունը հոկտեմբերի 2-ի շանտաժով հաստատեց իր գերիշխանությունը։ Էյֆորիայի ալիքի վրա լողացողը սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված նախագահին ու սահմանադրական կարգի պահապանին կալանեց սահմանադրական կարգը տապալելու շինծու մեղադրանքով, ապա գնաց յուրացնելու օրենսդիր ու գործադիր իշխանությունը։ Պատերազմ հայտարարեց ազգային արժեհամակարգին ու ավանդույթներին, ազատամարտի հերոսներին ու Արցախին, Հայ Առաքելական եկեղեցուն ու ժողովրդի իրենով չհիացած մասին, արժեք հայտարարեց Իլհամի քաղաքակրթությունն ու սորոսական հեղաշրջումը...

Այս ողջ ընթացքում Սահմանադրական դատարանը կար, բայց ուզում էր աննկատ մնալ, որ ինքնապահպանվի, ասֆալտին չփռվի, թավշյա ալիքով պատերին չլղոզվի։ Այլապես ստիպված էր լինելու ասել, որ թավշյա ռեժիմի յուրաքանչյուր քայլը սահմանադրական կարգի ոտնահարում է, որ օրենսդիր և գործադիր իշխանությունը բռնազավթված են, որ դատական համակարգը գործում է հեռակառավարմամբ ու հրահանգներով, որ Արցախի I և Հայաստանի II նախագահի հանդեպ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, որ մարդկանց գրավ են դնում ու փրկագնով ազատվում, որ երկիրը հանձնվել է հինգերորդ շարասյանը...

Լռեցին և հակաբնականը դարձավ իրողություն։ Մարդիկ, ովքեր կայանալու երկար ճանապարհ պետք է անցնեն` հիմա կառավարությունում որոշումներ են կայացնում, ԱԺ-ում օրենքներ են գրում և ընդունում։

Քրեաօլիգարխիկ անվանված իշխանությանը փոխարինած ապագաղափարական, անիզմ ու անծրագիր անձիշխանությունը գործում է ոչ թե օրենքներով, այլ գողական մտածելակերպով է ճիշտն ու սխալը «ջոգում» և սորոսական պատկերացումներով է զանազանում անմեղներին «մեղավորներից», յուրայիններին «թշնամիներից»։ Հենց այս հակաբնականը արմատավորելու համար է Անտիֆիզիսին հանձնարարվել` ամբողջությամբ զավթել նաև դատական իշխանությունը և լյուստրացիա, վեթինգ, սեգրեգացիա, ինկվիզիցիա ներմուծել։ Սահմանադրությունն ու քրեական ողջ օրենսգիրքը ոտնահարած թավշյա ռեժիմը բացարձակ բռնատիրության ու որևէ դատարանի չգոյության պայմաններում միայն կարող է անբնական երաշխիք ունենալ, որ չի կանգնելու արդար դատաստանի առաջ։

Դատարանը վերացնելը, դատարանին իր կամքը թելադրելը, իրավապահ համակարգը ճորտացնելը, իրավակարգը ոչնչացնելն ու յուրաքանչյուր քաղաքացու անցումային արդարադատության պոտենցիալ զոհ դարձնելն այն է, որ չեն արել անգամ բացարձակ միապետերը` «պետությունը ես եմ» ու «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» գոռացած լյուդովիկոսները, իր իշխանությունը բացարձականացնելու համար Հռոմի պաին մարտահրավեր նետած Հենրիկոս VIII-ը։ Նրանք հավատ ու հիշողություն են ունեցել, իսկ Անտիֆիզիսը զուրկ է բնական մղումներից, անբնական է ու անբանական։

Երբ սորոսական պարտադրմամբ նրա նշանակած ՍԴ դատավոր-անդամը անբնական ու անբանակն «ձուն կարելի է կոտրել սուր ծայրից ու չի կարելի` բութ ծայրից» թեզով երկրի բարձրագույն դատարանը ստրկացնելու կամ վերացնելու սորոսական երկընտրանքն է պարտադրում երկրին, ի՞նչ տարբերություն, թե ձուն ինչպես է ուզում կոտրել` մեր երկիրն ինչպես է մտադիր ոչնչացնել։ Անտիֆիզիսը չի էլ գիտակցում, որ դիկտատորական մեքենան կունենան, բայց դա ատոմային ռումբ չէ, որի միայն գոյությունից վախենում են, այն պետք է նաև վարել իմանա` որ առաջին պատահած պատին չբախվի ու «դժբախտ պատահարի» զոհ չդառնա:

ՍԴ-ն մեր վերջին ամբարտակն է, որ կարող է կասեցնել փաշինյանական ապօրինությունների հեղեղը: Եթե այն էլ փլուզվի, ապա երկրում կտիրի անարխիան, դատական համակարգի փոխարեն կլինի զուտ քաղաքական նկրտումներով խստագույնս ուղղորդվող «փողոցային» արդարադատություն և Անտիֆիզիսը լինչի դատաստան կտեսնի յուրաքանցյուրիս՝ բոլոր անցանկալիների, անբարեհույսների, այլախոհների, իրենից տարբերվողների, տեսակ ունեցողների, բնականների հետ...

... Հայաստանի Հանրապետությունում բնականորեն գործում է և գործելու է Սահմանադրական դատարանը և Սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ