03  07  2019

Ե՞րբ և որքա՞ն է բարձրացել նվազագույն աշխատավարձը․ թվեր՝ ըստ տարիների

Ե՞րբ և որքա՞ն է բարձրացել նվազագույն աշխատավարձը․ թվեր՝ ըստ տարիների

Ինչ-ինչ, բայց ներկա իշխանություններն անգերազանցելի են պոպուլիզմով։ Դրա ակնառու դրսևորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ տեղի ունեցածն է։ Նախ՝ իմքայլական պատգամավորները նախագիծ են առաջարկում 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը 63 հազար դրամ սահմանելու մասին և այն ներկայացնում են կառավարության հավանությանը։ Կառավարությունն էլ, «ժողովրդի» վարչապետի առաջարկով, 63 հազար դրամի փոխարեն առաջարկում է նվազագույն աշխատավարձ սահմանել 68 հազար դրամը։ Այժմ, այս մասին ըստ էության։

Բնական է, որ աշխատավարձերի և թոշակների էական բարձրացում խոստացած Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե ինչ-որ տարբերակներ գտնի՝ ցույց տալու համար, թե կատարում է իր խոստումը։ Նման կերպ նա վարվեց որոշ սոցիալական նպաստներ 18 հազար դրամից 25 հազար դրամ դարձնելով և հայտարարելով, թե բարձրացնում է թոշակները։ Բնականաբար, խոսքը սահմանափակ թվով մարդկանց էր վերաբերվում (միայն նրանց, ովքեր չունեն աշխատանքային ստաժ և ստանում էին 18 հազար դրամ ծերության նպաստ), այլ ոչ թե ավելի քան 450 հազար կենսաթոշակառուներին։ Նույնն այժմ արվում է նվազագույն աշխատավարձի պահով, կառավարության կողմից աշխատավարձերի համընդհանուր բարձրացման տպավորություն ստեղծելով, մինչդեռ այն վերաբերվելու է սահմանափակ թվով մարդկանց։

Իրականում նվազագույն աշխատավարձ հասկացությունը սահմանվել է նախորդ «հանցավոր» իշխանության կողմից՝ աշխատողների իրավունքների պաշտպանության նկատառումներով և որոշակի նվազագույն շեմ ամրագրելու համար և անցած տարիների ընթացքում այդ շեմը պարբերաբար բարձրացվել է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, նվազագույն աշխատավարձը, սկսած 2001-ից հետևյալ կերպ է աճել․

տարփթիվ նվազագույն աշխատավարձի չափը / ՀՀ դրամ աճի տեմպը / տոկոս
2001 5000
2004 13000 160
2005 15000 15,4
2007 20000 33,3
2008 25000 25
2009 30000 20
2011 32500 8,3
2013թ․ հունվարի 1-ից 35000 7,7
2013թ․ հուլիսի 1-ից       45000 28,6
2014թ․ հուլիսի 1-ից 50000 11
2015թ․ հուլիսի 1-ից       55000 10

Այսինքն, նվազագույն աշխատավարձի ներկայիս բարձրացումը նորություն չէ, ոչ էլ մոտ 24 տոկոս բարձրացումն է աննախադեպ՝ ինչպես տեսնում ենք աղյուսակից, եղել են ավելի լուրջ բարձարցումներ։ Այս բարձրացումը առնչվելու է 55-67 հազար դրամ ստացող անձանց և, ի տարբերություն 2015 թ-ի բարձրացման, չի ազդելու պետական համակարգի բոլոր աշխատողների վրա։ Հիշեցնենք, որ 2014 թ․-ին, երբ սահմանվեց աշխատավարձերի սանդղակ՝ նվազագույն աշխատավարձը դարձավ նաև բազային աշխատավարձ, որի հանդեպ գործակիցներով սահմանվեցին պետական համակարգի բոլոր աշխատողների աշխատավարձերի չափերը։ Այժմ, պետական համակարգի մյուս աշխատողների աշխատավարձերը մնալու են անփոփոխ։ Բացի դրանից, բազային աշխատավարձի անփոփոխ՝ 55 հազար դրամ մնալը թե պետական, թե համայնքային, թե մասնավոր հատվածներում աշխատողների համար լուրջ անարդարություն է առաջացնելու։

Ի՞նչ է տեղի ունենալու։ Օրինակ, 55 հազար դրամ ստացող համյանքային մշակույթի տան հավքարարը կամ տնտեսվարը այժմ ստանալու է 68 հազար դրամ, մեկ կամ երկու ժամ օրական իրենց կատարած աշխատանքի համար իսկ նույն մշակույթի տան տնօրենը՝ իր կատարած աշխատանքի դիմաց՝ նույն 70 հազար դրամը։ Այսինքն, կառավարության այս որոշումը խորացնելու է արհեստական պառակտումը ժողովրդի տարբեր հատվածների միջև, վերացնելու աշխատելու և բարձր ստանալու ցանկացած խթան։

Հաջորդը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նոր խնդիրներ է առաջացնելու թե՛ աշխատողների, թե՛ գործատուների համար։ Աշխատողներից պահանջվելու է կատարել ավելի շատ աշխատանք, անխուսափելի են լինելու կրճատումները և ասենք՝ երեք հոգու աշխատանքը երկու հոգու վրա դնելը։ Բնական է, որ գործատուն մտածելու է իր գլխին ընկած հավելյալ ծախսից խուսափելու մասին, և կա՛մ աշխատակիցներ է կրճատելու որպեսզի օրենք չխախտի և պահանջվող աշխատանք էլ կատարվի, կա՛մ աշխատաժամանակի վրա հիմնվելով է վճարելու՝ անկախ նրանից թե օրենքով ինչ սահմանափակումներ կկիրառվեն այստեղ, կա՛մ էլ պարզապես խորացնելու է ստվերը՝ առանց աշխատակիցներին գրանցելու։ Ցանկացած պարագայում, 13 հազար դրամ հավելյալ վճարելու և դրան համապատասխան եկամտային հարկ վճարելու դիմաց նա ամեն ինչ անելու է, որ այդ ծախսը դուրս գա կամ աշխատողի կամ սպառողի գրպանից՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական հետընթացը և բնակչության գնողունակության անկումը, որը էապես նվազեցրել է բիզնեսի շրջանառությունը։

Երբ նախորդ կառավարությունը վերանայեց նվազագույն աշխատավարձը մինչև 72 հազար դրամ հասցնելու նպատակը, հիմնավորումը հենց սա էր՝ տնտեսական բարձր աճ պետք է լինի, հավելյալ արդյունք ստեղծվի, որպեսզի այդ ամենից հետո միայն գործատուից պահանջվի նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ընդ որում բազային չափի բարձրացումը, որ պետք է ազդի բոլորի վրա։ Ի՞նչ է անում ներկայիս կառավարությունը՝ փորձում է առանց այս ամենի, սիրաշահել մի քանի տասնյակ հազար մարդկանց, որի արդյունավետությունը հարցականի տակ է ընկնում թվարկված պատճառներով։

Ինչ մնում է իշխանական պատգամավորների այն պնդմանը, թե իրենց աշխատավարձերը չեն բարձրացնում, ապա դա, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Եկամտային հարկի համահարթեցմամբ՝ բոլորի համար 23 տոկոս սահմանելով, նրանք արդեն իրենց կյանքում «փոփոխությունն» արել են՝ մի քանի տասնյակ հազարից մինչև մի քանի հարյուր հազար դրամներով արդեն ավելացրել են իրենց եկամուտները։

 

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ