03  07  2019

Ընդգծվեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման մոտիվները

Ընդգծվեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման մոտիվները

Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները այնքան էին կենտրոնացած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն երրորդ անգամ կալանավորումը կազմակերպելու վրա, որ նույնիսկ դատավարական ձևականույթունների ետևից չընկան: Այն դեպքում, որ այդ ձևականություններ ասվածն էլ իրականում ձևական չէ: Ինչպե՞ս կարող է ձևական լինել դատավարական այնպիսի, նույնիսկ ամենից բռնատիրական կարգերում պահպանված նորմ, ինչպիսին է մեղադրվողի ու նրա դատապաշտպանների պատասխան խոսքը: Ամբողջ աշխարհը տեսավ, որ իբրև թե՝ «բռնապետական ռեժիմը» մերժած ու ժողովրդավարական ինքնահռչակված «հեղափոխական» թավիշները շատ կոպիտ խախտումներով, ըստ էության՝ ամեն գնով, գնացին Ռոբերտ Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու քայլին:

Դա դատաիրավական որոշում չէր: Դա քաղաքական որոշում էր, ընդ որում, նաև քաղաքական տեսանկյունից սխալ որոշում:

Պետք է ընդգծել, որ հենց նույն օրերին ռուսական «Սիստեմա» ԲՖԿ ներդրումային հոլդինգի տարեկան ժողովում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց ընկերության խորհրդի կազմում՝ որպես անկախ տնօրեն: Իսկ «Սիստեմայի» հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, առանց երկիմաստությունների, ուղիղ տեքստով հայտարարեց. «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարիներ ի վեր մեր տնօրենների խորհրդի անփոփոխ անդամն է ու անկախ տնօրենը։ Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է։ Մենք համարեցինք, որ գործընթացն ակնհայտորեն քաղաքական է։ Որոշեցինք նրան ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս, որ նա համաձայնություն է տվել այն ժամանակ, երբ ազատության մեջ է եղել: Կարծում ենք` դա ճիշտ է»:

Սա շատ պարզ մեսիջ է նաև, որքան էլ որ «Սիստեման» բիզնես կառույց է, այլ ոչ թե՝ պետական:

Նման վերաբերմունքը նաև արտացոլում է ավելի տարածվող այն ընկալումը, որ երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդում է իրագործվում:

Իր հերթին, կալանավորման «երրորդ օրինակից» առաջ Ռոբերտ Քոչարյանի տված ընդարձակ հարցազրույցը, այդ հարցազրույցում արած որոշակի հայտարարարությունները ընդգծեցին այդ քաղաքական հետապնդման մոտիվները:

Հարցազրույցը այն ելույթների շարքից էր, որոնք հետո բնութագրում են որպես ծրագրային:

Շատ լավ հասկանալով ու պատրանքներ չունենալով, թե դատարանում ինչ որոշում է հրապարակվելու, Ռոբերտ Քոչարյանը հատուկ չկենտրոնացավ դրա վրա՝ բավարարվելով նշել, որ նման վայրենի մոտեցում դատավարություն ասվածին, չկա անգամ աշխարհի հեռավոր ու խուլ անկյուններում: Նա շատ ավելի բարձր՝ պետական գործչի դիրքից արտահայտվեց՝ տեսնել և լսել կարողացող հասարակության ներկայացուցիչների բացահայտ ցույց տալով, թե որքան են իրեն հետապնդողները հեռու իրենից: Վերջիններս կարծում են, թե «բռնել» են Ռոբերտ Քոչարյանին: Բայց արդեն նկատելի է, որ իրենք են «բռնվել» ու չեն պատկերացնում, թե ինչպես «ազատվեն», եթե իհարկե հասցնեն «ազատվել»:

Երկրորդը, որ կարևոր էր՝ գաղափարական այն ընդգծում է, որ վերաբերվում է Արցախին, Արցախի խնդիրը բեռ, թե առավելություն ընդունելուն: Ռոբերտ Քոչարյանը պարզորոշ վերահաստատեց, որ ինքը Արցախը առավելություն է համարում ու ո՛չ գլխացավանք, որ ինքը հող ազատագրող է ու ո՛չ հանձնող: Նա այդ շեշտումներով իրեն հակադրեց Արցախը բեռ ու գլխացավանք համարողներին:

Ներքաղաքական առաջիկա զարգացումների համար երկրորդ նախագահը նշեց «կոնսենսուս մինուս մեկ» ձևակերպումը, որտեղ «կոնսենսուսը» Հայաստանի պետականության ճակատագրով ու նույն այդ պետականությանն սպառնացող տեսանելի վտանգներով մտահոգված հասարակական ու քաղաքական ուժերն են, իսկ մինուս մեկը՝ հասկանալի է, թե ով կամ որ շրջանակը:

Բաց կամ անպատասխան թողնելով հարցը՝ իշխանության վերադառնալու հեռանկարի վերաբերյալ՝ երկրորդ նախագահը ամեն պարագայում շեշտեց կարողունակ և երիտասարդ ուժերին այդ ճանապարհին աջակցելու պատրաստակամությունը:

Պետականության ամրապնդում, տնտեսական իրական առաջխաղացում, բնակչության սոցիալական վիճակի ռեալ բարելավում և զբաղվածության ապահովում, Արցախի խնդրի տված հնարավորությունների իրացում՝ եղած դիրքերը պահպանելով:

Սրանք բոլորը մոտեցումներ են, որոնց շուրջ դեռ հարցադրումներ են հնչելու, վերլուծություններ են արվելու, ու, որ շատ կարևոր է, քաղաքական դիրքորոշումներ ու տեսակետներ են շրջանառվելու: Իրական պետական գործիչը ներքին օրակարգ մտցրեց կամ ավելի ճիշտ, այդ օրակարգում թարմացրեց լուրջ և ընդգրկուն հարցեր՝ արհամարհանքով վերաբերվելով իր այժմյան հետապնդող-հակառակորդների մանր ու ճահճացած մոտեցումները:

Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը հունցեց խմորը, ասաց, թե մեջն ինչ է գցել ու շատ հանգիտ գնաց նստելու և սպասելու մինչև «խմորը բարձրանա»:

 

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Քաղաքական 16 09 2019

Պուտինի խոսնակը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Եթե ՀՀ 2-րդ նախագահի հետ հանդիպումը չկազմակերպվի, Պուտինի այցը ՀՀ կասկածի տակ կդրվի․ Zham.am

 

Orphus համակարգ