21 06 2019

Քաղաքական դեգրադացիա

Քաղաքական դեգրադացիա

Հայերենում «կուսակցություն» հասկացությունը միանշանակ է` միայն մե՛կ նշանակություն, իմաստ ունի. ի տարբերություն ռուսերեն партия (պառտիյա), իտալերեն partito (պարտիտօ) կամ անգլերեն party (փարթի) բառերի, որոնք տասնյակ ամենատարբեր նշանակություններ ու իմաստներ ունեն։ Երբ մենք որևէ բան «կուսակցություն» ենք անվանում, ապա միանշանակ նկատի ունենք, որ այդ բանը քաղաքական է։ Իտալացիները, անգլախոսները կամ ռուսախոսները մեր այս կոնկրետությունը չունեն և «կուսակցություն» ասելու համար ստիպված են համադրել նաև «քաղաքական» ածականը (համապատասխանաբար` partito politico, political party, политческая партия)։

Աշխարհն իր պրակտիկայով հաստատում է, որ կուսակցություն կարող է կոչվել միայն քաղաքական կառույցը։ Հետևաբար, անցած կիրակի իր ՔՊ-ի V համագումարում Փաշինյանի «մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը։ Մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից։ Մեր քաղաքական գաղափարախոսության առանցքը` գաղափարախոսական կաղապարների միանշանակ մերժումն է» ասածը անիմաստություն, բարբաջանք, անմտություն, ախինեյա է։

Իր այս ելույթով Փաշինյանը միամտորեն, ակամա, այլաբանորեն կամ հստակ միտումնավորությանբ հայտարարում է, որ խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմնում իր նշանակած մեծամասնությունը քաղաքական տարր չէ, այլ քաղաքացիական հոսանքների ակտիվիստների ապագաղափարական, էկլեկտիկ, հախուռն հավաքածու։ Իսկ սա քաղաքական դեգրադացիայի ահազանգ է։ Նա նաև շեշտում է, որ «իշխող կուսակցություն» երևույթն` ի դեմս ՔՊ-ի, երկրի քաղաքական դաշտում` որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի։ Հետևաբար. միակ իշխողն ու իշխանությունը ինքն է։ Իսկ ինքն իրեն ազատել է քաղաքական բեռից` պետությունը ղեկավարելու պարտականությունից, քանի որ իրեն խորթ, անհասանելի է անտիկ ժամանակներից πολιτική կոչվող կառավարելու արվեստը։

Իր առաջնորդած ՔՊ-ն անվանելով իզմամերժ, իզմազուկ, ստանդարտից դուրս, ապագաղափարական, «քաղաքացիական» կուսակցություն` Փաշինյանը նաև հայտարարում է, որ այնուամենայնիվ ունի՛ «քաղաքական գաղափարախոսության առանցք»` օրենքը, բանականությունը, բարոյական սահմանները, պատմությունը անտեսող անարխիան։ Ահա և պատճառը, թե ինչո՞ւ է նա մոլորեցնելով, խաբելով ու ստելով, բայց հետևողականորեն և՛ պետության ներքին կյանքը, և՛ աշխարհի հետ արտաքին հարաբերությունները վերածել քաոսի։ Փաշինյանի անիզմությունը ԼՏՊ-ի «ազգայինը կեղծ կատեգորիա է» թեզի նոր ընկալումն է, ռեինկարնացիան:

Նա անցած մեկ տարում ուղղակի համակերպվել է սեփական բնավորություն, անձնական դեմք չունենալու, հարկ եղած դիմակով բեմ բարձրանալու կործանարար «գաղափարին»: Կոմկուսում էլ կար հայտարարված իզմ, բայց կյանքում այն չկար։ Այդ իզմի գաղափարական ֆունկցիոներներն էլ` քանի որ գաղափարազուրկ էին, դարձան պարզ չինովնիկներ, կարիերիստներ, և նրանց միակ նպատակը սեփական գրպանը լցնելը դարձավ: Հիմա նույնը կատարվում է ՔՊ-ի հետ։ Փաշինյանը այն դիմազրկել է, զրկել է մտքից ու գաղափարից, որ հարկ եղած պահին հագցնի ցանկացած դիմակը։

Ո՛չ ՔՊ-ն, ո՛չ էլ նրա ճակատագիրը ոչ մեկին, հավատացած եմ` նույնիսկ քպականներին, չի հուզում։ Մտահոգում է մեր երկրի ճակատագիրը, որի օրենսդիր իշխանությունում քպականները մեծամասնություն են ու մեկ անձի հրահանգով որոշումներ են ընդունում։ Մինչդեռ ՔՊ-ն քաղաքական դաշտում այսօր առկա այն տարրն է, որ չունենալով գաղափարախոսություն, ծրագիր, իզմ, ոչինչ` չի կարող նաև քաղաքական պայքար մղել։ Այս անկարողությունից է, որ ՔՊ խամաճիկավարը ապամրցակցային, ապաքաղաքական պայքար է պարտադրում՝ դատարանները սեփականացնելու, սեփականությունը վերաբաշխելու ու յուրացնելու, իշխանությունը պահելու համար բոլոր ցանկացողների հետ ցանկացած գործարքի գնալու միջոցով։ Եթե Փաշինյանը մերժում, ժխտում, օրենքից դուրս է հայտարարում օրենքն ու սահմանադրությունը, քաղաքականությունից դուրս է դնում գաղափարն ու միտքը և առաջնորդվելու է իր անմշակ պատկերացումներով, հապա ինչո՞վ է տարբերվում «պոնյատիյաներով» ապրող գողականներից, թայֆայական մտածողությամբ ապրող հանցավոր աշխարհից, շահը գլխավոր նպատակ դարձրած կաստայից:

Խոստանում է քաղաքական ժողովրդավարություն, բայց հիմնում է գաղափարազուրկ, միահեծան դիկտատուրա։ Ինքնակոչ դիկտատորն էլ հեղհեղուկ պատկերացում ունի քաղքականության մասին և ամեն նոր հանդիպումից, ամեն հաջորդ կարդացած հոդվածից կամ բրոշյուրից հետո հիմնավորապես փոխում է նոր յուրացրած կարծիքը երևույթների, արժեքների, իրողությունների մասին և անցնում հակառակ ծայրահեղության: Եվ այսպես շարունակ՝ արդեն մեկ տարի:

Միայն թվում է, թե սա կատակերգություն է. իրականում սա ողբերգություն է։

 

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ