19 06 2019

Փաշինյանական «արդարադատությունը» վերստին փորձելու է շրջանցել օրենքը

Փաշինյանական «արդարադատությունը» վերստին փորձելու է շրջանցել օրենքը

Երեքշաբթի` հունիսի 18-ին, հրապարակելով ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումը` դատավոր Դանիելյանը մերժեց ինքնաբացարկ հայտնելու պահանջը և անցավ գործի քննությանը։ Ըստ էության` քննվելու է գլխավոր դատախազության ներկայացրած բողոքարկումները, որոնցով պահանջել են վերացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ին և 20-ին կայացրած` նախագահ Քոչարյանի նկատմամբ անձնական (Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած) երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանքը փոխելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումները։

Այսինքն. փաշինյանական «արդարադատությունը» վերստին փորձելու է շրջանցել օրենքը, Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանն ու մարդկային առողջ տրամաբանությունը և վերստին կալանավորել նախագահ Քոչարյանին։ Այս ուղղությամբ խիստ կասկածահարույց առաջին քայլն արդեն արված է։ ՍԴ-ն օրերս մեկ ամսով հետաձգեց դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

Տեր-Պետրոսյանական-ՀՀՇ-ական կլանի կարկառուն կեղծարար ու հաստիքային օրինազանց` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ, ով, ըստ օդում կախված լուրերի, դատական համակարգում օրերս բարձր պաշտոն է ստանալու, դեռ մեկ շաբաթ առաջ է ասել, թե ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը` մինչև իր կազմում փոփոխություններ լինեն, վերաքննիչն էլ բեկանի առաջին ատյանի որոշումները։ Թավշյա ԱԺ-ն Վահե Գրիգորյանին արդեն ընտրեց ՍԴ անդամ, առաջիկայում էլ, դատելով սորոսական ագիտպրապի խրախճանքից, կփորձեն դարձնել ՍԴ նախագահ։ Այսինքն. Ջհանգիրյանը հրապարակավ հաստատել է դատարանների, ողջ դատական համակարգի վրա փաշինյանական ռեժիմի տոտալ ճնշնամ փաստը։ Նաև ապացուցել է, որ Վահե Գրիգորյանի նշանակումը բացառապես քաղաքական նպատակադրություն ունի և առաջադրանք կա կատարելու։

«Ելնելով այս ամենից և Ձեր նկատմամբ հնչեցված անվստահության կարծիքներից` Ձեզ ևս մեկ անգամ հորդորում եմ. Ձեր յախան թափ տվեք այս գործից։ Սրանից լավ հոտ չի գալիս։ Այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- հունիսի 14-ի նիստում դիմելով դատավորին՝ ասաց նախագահ Քոչարյանը։ Մնում է, որ դատավոր Դանիելյանը ևս մտածի Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի պատվերն ստանձնելու անխուսափելի հետևանքների մասին, ևս մեկ անգամ լավ կշռի սեփական արժանապատվությունն ու մասնագիտական պատիվը և համադրի վարձու դատավորի անպատվության ու անարգանքի պիղատոսյան հեռանկարին։

Բոլոր օրինազանցներին պատիժն օրենքի ամենայն խստությամբ և անխուսափելի է լինելու։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ