18  06  2019

Իրականությունն առավել արատավոր է, քան երբևէ եղել է մեր երկրում

Իրականությունն առավել արատավոր է, քան երբևէ եղել է մեր երկրում

Փաշինյանն ավելի ու ավելի է նմանվում Աստվածաշնչով պաշտպանվող անհավատի, հանուն հոգու թվացյալ փրկության` խոնարհ հավատացյալի մարմինը, միտքն ու ոգին ծվատող ինկվիզիտորի։ ՔՊ հերթական համաժողովում նրա ելույթը փաստացի հաստատեց, որ այս «կուսակցությունը» գոյություն ունի միայն նրա լոկալ պատկերացումներում և զուրկ է քաղաքական տրամաբանությունից, նաև` «իշխող ուժ» կամ «ուժ» կոչվելու իրավունքից։ Փաշինյանը բացահայտորեն ասելիք չուներ և մի ողջ ակադեմիական դասաժամ հատվածներ կարդաց քաղաքականության մասին տարիներ առաջ գրի առած իր ուտոպիական մտքերի, երազանքների, կենացների ժողովածուից, որը հիմա դարձրել է իր սեփականությունը դարձած կուսակցության ծրագիր։

Վերջնականորեն հուսահատեցնող տպավորություն ստեղծվեց, թե այս կերպ նա ուզում է սկզբնավորել ՔՊ-ի մասին միֆը, բայց բանահյուսական այս հնարանքը զավեշտից ու քմծիծաղից բացի նաև անտարբերություն առաջացրեց։ Այդպես հաճախ նրբանկատորեն անտեսում ենք իրեն կատարելություն համարողի ակնհայտ արատները։ Երբ դա սպառնում է` կյանքը վերածել համատարած այլանդակության ու գարշահոտի, աղտն աղտահանելն անհրաժեշտություն է դառնում։ Ուստի, Փաշինյանի «ծրագրային» մի քանի մտքերն առանց մեկնաբանության թողնելը կարող է խրախուսել նրան։

Առեղծվածային ինչ-որ պատճառով Փաշինյանին թվում է, թե հենց ՔՊ-ն է այն «քաղաքական ուժը, որ պիտի իրագործի այն փոփոխությունները, որի մասին 25 տարի երազում էին Հայաստանի քաղաքացիները»։ Այսօր էլ անգո ՔՊ-ին ոչ ոք արդեն առաքելություն չի վստահում։ Վախեցնում է Փաշինյանի հիմնազուրկ համոզմունքը, թե ինքը գիտի երկրի բոլոր քաղաքացիների երազանքը. ընդ որում` ստացվում է, որ բոլորը միասին անփոփոխ 25 տարի նույնն են երազում։ Այսպիսի մտածողությամբ երկիր ղեկավարելն արդեն հանցագործություն է։

Այսուհետ զարմանալի չէ, բայց սպառնալի է, որ ճշմարտության մենաշնորհն իր անձին վերապահած Փաշինյանի համար ամենակարևոր գաղափարը «անհատի ազդեցությունն է իրականության վրա», երբ «իրականության համահեղինակ են բոլոր քաղաքացիներն` առանց բացառության»։ Այսինքն. հակահեղափոխական սևերը, սպիտակներին քվե չտված` Փաշինյանին մերժած քաղաքացիների 65,75%-ը այլևս քաղաքացիներ չե՞ն։ Այսինքն. լուսանցքային ծայրահեղականներից, երկիրը մաս-մաս ու բիրիք վաճառող քաղաքական առևտրականներից, սորոսականներից կազմած բացարձակ փոքրամասնությունը ունի՛ իր իրականությունը պարտադրելու իրավունք` միայն այն պատճառով, որ «թավշյա ճշտի» կռապաշտն է։ Այստեղից էլ թավշյա կուռքի անձապաշտական դոգման. «արատավոր իրականության համար մեղադրել ցանկացածին, բայց ո՛չ երբեք` ինքդ քեզ»։

Իր իսկ իշխանակալության «բոլորը մեղավոր են` բացի ինձնից» առաջնորդող բանաձևով էլ կարելի է լրիվ արդարացնել սեփական ռեժիմի արմատավորած սուտը, կեղծիքը, կոռուպցիան` ամեն ինչ։ Փաշինյանի այս պնդումից հետո արդեն բացահայտ կեղծ է հնչում «չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում, երբ մեղավորությունը կարող է լինել նաև պասսիվ, ջանք գործադրելուց խուսափելը» միտքը։ Եթե նա իր արածի համար կուսակիցներին մեղադրելու նպատակ չունի և ունակ է մարդավարի գիտակցել իր պասսիվ, խուսափողական վարքի մեղքը, ապա անհապաղ պետք է հրաժարական տա, քանի որ թավշյա իրականությունն առավել արատավոր է, քան երբևէ եղել է մեր երկրում։ Բավարար է նշել, որ հենց պասսիվ, անգործ խուսափողականության, որևէ ջանք չգործադրելու հետևանքով է Արցախի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը հայտնվել երբևէ եղած ամենավատթար իրավիճակում։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ