14  06  2019

Վարչապետը շարունակում է ապացուցել, որ մեղադրանքը քաղաքական է

Վարչապետը շարունակում է ապացուցել, որ մեղադրանքը քաղաքական է

«Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանո՞վ է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և դատավարության փուլում ազատ արձակելու վերաբերյալ։ «Գործող նախագահը, ով ունի նաև ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ և էդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է և էդպես պետք է լինի, և պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանո՞վ կարող ենք էս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Միանգամից առաջանում են հետևյալ հարցերը։

1․ Իսկ որքանո՞վ է ճիշտ, երբ գործող վարչապետն ուղիղ ազդեցություն է ունենում դատարանի վրա՝ սկսած հայտնի գաղտնալսումներով, որտեղ վարչապետը հետաքրքրվում է, թե ինչ ընթացքում է կալանք տալու պրոցեսը, վերջացրած վերջին` բոլոր դատարանները արգելափակելու անձամբ իր՝ երկրի վարչապետի կոչ-հանձնարարականով, որին հետևեցին իր կուսակցական մարզպետների և խմբակցության պատգամավորների հանձնարարականները կողմնակիցներին: Արդյունքում մոտ 1000-ից ավելի քաղաքացիական ակտիվիստներ, պատգամավորներ և այլք կանգնեցին դատարանների մուտքերի մոտ, իսկ ոստիկանները պարզապես ապահովեցին վարչապետի հրահանգի անխափան կատարումը։

2․ Անել արտահայտություն, թե նախագահն «ունի» լծակներ և ուժային կառույցներ, ամբողջովին մերկացնում է վարչապետ Փաշինյանի պատկերացումները պետության ղեկավար-պետական ինստիտուներ հարաբերությունների մասին։ Ոչ թե նախագահը «ունի», այլ պետությունը։ Դա ոչ թե երկրի ղեկավարի անձնական օգտագործման գործիքներն են, այլ պետության։

3․ Մերկացնում է նաև Փաշինյանի իրավական անգրագիտությունը։ Միջնորդողի կամ երաշխավորողի ներկայությունը դատարանում ոչ թե իր ցանկությունն է, այլ օրենքի պահանջ, որն իրականացվում է դատավորի հայեցողությամբ։ Բակո Սահակյանը կարող էր և չներկայանալ։ Բացի այդ, նույն տրամաբանությամբ, դատարանի դահլիճում էր գտնվում մեկ այլ բարձրաստիճան անձ՝ ՀՀ գլխավոր դատախազը, որն անվտանգության խորհրդի անդամ է, ուղեկցվում է պահպանության ծառայության աշխատակիցներով և այլն։

4․ Փաշինյանի տարօրինակ տրամաբանությամբ, երաշխավորողը պետք է նվազ կարգավիճակով, հեղինակազուրկ մարդ լինի։ Այդ նորմերը ոչ թե որևէ մեկի տրամաբանությամբ պետք է գործեն, այլ ՀՀ օրենքներով։ Իսկ օրենքը չի արգելում որևէ քաղաքացու երաշխավորելու իրավունքը։ Այլ հարց է, որ միշտ և հիմնականում երաշխավորագրեր են ներկայացնում մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, վաստակ ունեն, կամ կարգավիճակ՝ որը իր հերթին ցույց է տալիս երաշխավորության արժանահավատության աստիճանը։

5․ Արցախի Նախագահների միջամտության իբր անթույլատրելիության մասին խոսելուց առաջ կարևոր է պատասխանել մեկ այլ հարցի՝ իսկ ինչո՞ւ և ո՞ւմ թելադրաքով է կեղծ մեղադրանք առաջադրվել Արցախի և Հայաստանի նախկին նախագահին։ Մի դեպքում ստացվում է, որ երկրի ղեկավարի հեղինակությունը գերադրական է, մյուս դեպքում ոչինչ չի նշանակում, պետք է լինի կալանքի տակ, որովհետև դատախազները փաստեր չունեն բայց ենթադրում են։

Ի վերջո, եթե դատարանում տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց, ինչը արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են մեզ համոզել, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է քաղաքական ենթատեքստ տալիս երկու նախագահների դատարան այցին։ Չէ՞ որ երաշխավորագիր ներկայացնելն օրենքի խախտում չէ, և այն կարող են ներկայացնել բոլոր չափահաս մարդիկ՝ ուսանողից մինչև նախագահ ու կաթողիկոս։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի հաստատում, որ գործընթացը քաղաքականն է։

Պետք է չմոռանալ ամենակարևոր գաղափարը, որին ուղղված էր նախագահների երաշխավորությունն ու ՀՀ դատական ատյան այցը․ Հայաստան-Արցախ հարաբերությունները վերջին մեկ տարում հետևողականորեն ու հեղափոխական տեմպերով տարվում է վատացման, և նախագահների այցն այդ լարվածության թուլացման, ազգային միասնականության պահպանման ընդգծված քայլ էր։ Սա գնահատել է պետք, այլ ոչ թե խորացնել այն անջրպետը, որ հաստատում է ինքը՝ վարչապետ Փաշինյանը։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ