10  06  2019

Այդ ինչպե՞ս և ո՞ր «ժողովրդավարությունը հաղթեց»

Այդ ինչպե՞ս և ո՞ր «ժողովրդավարությունը հաղթեց»

Ընտրություններ, Հայաստան։ Համայնքապետի ղեկավար ընտրվելու համար պայքարում են երկու հիմնական թեկանծուներ՝ գործող իշխանության թեկնածուն և անկուսակցական թեկնածուն։ Ընտրություններից 2-3 օր առաջ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածում, որն ըստ էության ուղղված է անկուսակցական թեկնածու՝ գործող համայնքապետի դեմ և նրան փաստացի մեղադրում չարաշահումների մեջ։ Դարձյալ ընտրություններից 2-3 օր առաջ տվյալ համայնք է գալիս վարչապետը՝ իր հետ բերելուվ իշխող կուսակցական ակտիվը, այլ բնակավայերում բնակվող աջակիցներ, երթ է անում և օգտագործելով վարչական ռեսուրսը, կոչ է անում ընտրել իր թեկնածուին։ Միաժամանակ, տվյալ մարզի մարզպետը, մի կողմ դնելով իր պարտականությունների կատարումը, օրուգիշեր քարոզում է ընտրել իշխանական թեկնածուին։ Ընտրությունների օրը նույն մարզպետը մի քանի անգամ հայտնվում է ընտրատեղամասերում՝ ինչի իրավունքը չուներ, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում ոչ իշխանական թեկնածուի աջակիցներին և վստահված անձանց ու երեք ժամ պահում ոստիկանությունում՝ զենք փնտրելու պատրվակով։ Երեք ժամ փնտրելուց հետո զենք չգտնելով, բայց փոխարենը ընտրական գործընթացներից կտրելով, ոստիկանությունը բաց է թողնում նրանց։ Եվ այս ամենից հետո, երբ հաղթում է ոչ իշխական թեկնածուն, գործող վարչապետը հայտարարում է, որ «հաղթել է ժողովրդավարությունը»։

Եթե մարդիկ անտեղյակ լինեին, թե այս ամենը ե՞րբ է տեղի ունեցել և ո՞ւմ կողմից են եղել այս ճնումներն ու կոպիտ միջամտությունները, միանշանակ կդատապարտեին այս ամենը և խստագույնս քննադատությունը կուղղեին գործող իշխանության հասցեին ընդհանրապես և «ժողովրդավարությունը հաղթեց» արտահայտության համար մասնավորապես։ Սակայն ․․․

Մարդիկ տեղյակ են, որ խոսքը հունիսին 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների մասին է, որի շուրջ էլ ծավալվել են վերևում նշված իրադարձությունները, տեղյակ են թե՛ ԱԱԾ-ի ու ոստիկանության քայլերից, թե՛ մարզպետի ու վարչապետի պահվածքից ու գործողություններից։ Բայց արի ու տես՝ շարունակում են նույն վախը սրտներում կրկնել Նիկոլ Փաշինյանի մեկը մյուսից անհեթեթ պնդումները՝ «ժողովրդավարությունը հաղթեց», «ընտրությունները առաջին անգամ չկեղծվեցին», «վարչական ռեսուրս չի օգտագործվել» և այլն։

Հիմա ենթադրենք, թե հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում կատարվածը եղել է նախորդ կամ նախորդի նախորդ կամ ընդհանրապես որևէ այլ իշխանությունների ժամանակ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկնող մարդիկ միաբերան կհայտարարեին, որ հերթական անգամ ընտրություններն անցան խախտումների, վարչական ռեսուրսի օգտագործման, բռնաճնշումների մթնոլորտում։ Եվ անկախ նրանից, թե իրականում այդպես էր, թե ոչ, ոչ ոք չէր վախենա այդ մասին և այդ բովանդակությամբ հայտարարություններով հանդես գալ։ Հիմա այս ամենը կա, բայց շարունակում են սարսափել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հակառակվել, որքան էլ որ իրականությունն այդ ասածի հակառակն է։ Նրանց վախերը տարբեր են՝ մեկը վախենում է քաղաքական բռնաճնշման ենթարկվելուց, մյուսը՝ փաշինյանական շրջանակների կողմից հալածանքի ենթարկվելուց, երրորդը՝ աշխատանք կորցնելուց կամ առնվազն աշխատանքի վայրում խնդիրներ ունենալուց, չորրորդը՝ սոցցանցում իշխականան կեղծ և իրական օգտատերերի կողմից հարձակումների ենթարկվելուց կամ հայհոյանքների արժանանալուց և այդպես շարունակ։

Զավեշտալի է, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով շրջափակվում են դատարանները, այսինքն, երբ ժողովրդավարության պատվարներից մեկը՝ իշխանության երեք ճյուղերի տարանջատումը խախտում է իշխանության գործադիր ճյուղը, երբ մարդկանց սև ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղոխականի բաժանելուց հետո արդեն զգեստների գույնով է երկրի ղեկավարը որոշում, որ նրանց պետք է ձերբակալեն և նման անհեթեթ հրահանգ է տալիս ուժային կառույցներին, երբ դրա արդյունքում ձերբակալվում են թե քաղաքական գործընթացում չներգրավված և որևէ հանցանք թույլ չտված մարդիկ, թե փողոցում զբոսանող և Նիկոլ Փաշինյանին քննադատելուց չվախեցող սակավաթիվ քաղաքական հակառակորդները, ապա այդ ինչպե՞ս է ժողովրդավարությունը հաղթում կամ ո՞ւմ է հաղթում։ Նման պայմաններում ընտրություններում իշխական ուժի պարտությունը ոչ այլ ինչ է, քան նրա սպառվելու նշան և ոչ հեռավոր ապագայում անգամ նման մեթոդներով «ժողովրդավարություն» կիրառելը նրանց չի փրկի։

Արա Մարտիրոսյան  

Հ․ Գ․ Ի դեպ, Աբովյանի գործող քաղաքապետը հաղթել էր նաև նախորդ ընտրությունների ժամանակ՝ 2015 թ․-ին, երբ նա դարձյալ իշխանության թեկնածուն չէր։ Այդ դեպքում, ի՞նչ տարբերություն «կեղծված» և «չկեղծված» ընտրությունների մեջ և ո՞րն է այսպես կոչված «հեղափոխության» արժանիքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ