10  06  2019

Ինչպե՞ս մի քանի օրում 101 մլն դոլար հայտնվեց

Ինչպե՞ս մի քանի օրում 101 մլն դոլար հայտնվեց

Այն, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած վիճակագրական կոմիտեն վերածվել է իշխանության քարոզչամեքենայի բաղկացուցիչ մասի, բազմիցս նշել ենք և հիմնավորել կոնկրետ փաստերով։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածի տնտեսական հետընթացն ամեն կերպ թաքցնելու նպատակով վիճկոմիտեն արդեն անցել է անթաքույց աղավաղումների և բացահայտ կեղծիքների, ինչն արտացոլվել է մի քանի օրվա տարբերությամբ հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշների մեջ։

Հայտնի է, որ արտաքին առևտրի ցուցանիշը տվյալ երկրի տնտեսության վիճակի ցուցիչներից է։ Եթե տնտեսությունը զարգանում է, և բնակչության սոցիալական վիճակը լավանում, ապա համարժեքորեն ավելանում են արտահանման և ներմուծման ծավալները և ընդհակառակը՝ եթե տնտեսությունը հետընթաց է ունենում, ապա այդ ծավալները նվազում են։

Գաղտնիք չէ, որ Հայաստանից թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները նվազում են, և դա արձանագրվում է վիճակագրական կոմիտեի կողմից։ Սա, ամենայն հավանականությամբ, նյարդային այնպիսի ցնցման մեջ է գցել վարչապետի պաշտոնում հայտնված անձին, որ վիճակագրական կոմիտեն հարկադրված է ցանկալի տվյալներ պատկերել նաև այստեղ, որոնք, սակայն, հակասում են նույն ժամանակաշրջանի վերաբերյալ իր նախորդ` մի քանի օր առաջվա հրապարկման տվյալներին։

Այսպես, ըստ վիճակագրական կոմիտեի այս տարվա մայիսի 27-ին՝ 2019 թ․-ի հունվար-ապրիլի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հրապարակման, արտաքին առևտրի շրջանառությունը նշված ժամանակահատվածում կազմել է 2 մլրդ 181 մլն դոլար, որից արտահանումը 716 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 465 մլն դոլար։ Սակայն, ըստ նույն՝ հունվար-ապրիլի վերաբերյալ արդեն հունիսի 5-ի հրապարակման, արտաքին առևտրի ծավալը ․․․ «հանկարծ» ավելացել է 101 մլն դոլարով և դարձել 2 մլրդ 282 մլն դոլար, որից արտահանման ցուցանիշը դարձել է 751 մլն դոլար կամ մոտ 35 մլն դոլարով ավելի ընդամենը մի քանի օր առաջ հրապարապած ցուցանիշից, իսկ ներմուծմանը՝ 1 մլրդ 530 մլն դոլար կամ մոտ 65-66 մլն դոլարով ավելի նախորդ հրապարակման ցուցանիշից։

Ճշտումներ, անշուշտ, կարող են լինում են, բայց 101 մլն դոլարի՞, մի քանի օրվա ընթացքո՞ւմ։ Սա պարզապես պատկերազարդում է , այլ ոչ թե վիճակագրություն։ Սակայն, ավելի արտառոցն այլ է։

Բանն այն է, որ չնայած գումարային առումով մի քանի օրվա մեջ հունվար-ապրիլի արտաքին առևտրի շրջանառության 101 մլն դոլարի տարբերություն է ցույց տրվել, բայց ահա հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին առանձին-առանձին տվյալները չեն փոխվել և դրանց գումարով ստացվում է մայիսի 27-ին հրապարակված չորս ամսվա տվյալները։ Հետաքրքրական է նաև, որ եթե գումարային առումով առանձին վերցրած ապրիլ ամսվա արտաքին առևտրի ծավալը երկու հրապարակումներում էլ նույնն է, ապա տոկոսային առումով ապրիլին մարտի համեմատ մայիսի 27-ի հրապարակման մեջ այլ ցուցանիշ է, հունիսի 5-ի հրապարակման մեջ՝ այլ։ Եթե մայիսի 27-ի հրապարակման մեջ ապրիլին մարտի համեմատ արտաքին առևտրի ծավալն ավելացել է 25,8 տոկոսով, որից արտահանմանը՝ 21 տոկոսով, ներմուծմանը՝ 28,2 տոկոսով, ապա հունիսի 5-ի հրապարակման մեջ ապրիլինի մարտի համեմատ արտաքին առևտրի ծավալն ավելացել է 5,3 տոկոսով, որից արտահանումը՝ 0,3 տոկսով, ներմուծումը՝ 7,8 տոկոսով։ Ոչ մի տրաբանության մեջ չտեղավորվող միմյանց հակասող ցուցանիշներ։

Պարզապես զավեշտ է ստացվում, երբ ըստ ամիսների առանձին-առանձին ցուցանիշները մնում են անփոփոխ, իսկ ահա չորս ամսում «հանկարծ» ավելանում է 101 մլն դոլարով։ Կամ՝ երբ ապրիլին մարտի համեմատ տոկոսային ցուցանիշները տարբեր են լինում, իսկ ահա գումարայինը մնում նույնը։ Վիճակագրական կոմիտեն անգամ տարրական թվաբանության հետ խնդիրներ է սկսել ունենալ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքերը կատարելու համար։

Այս խայտառակ կեղծումների և թվային աղավաղումների արդյունքում, բնականաբար, ոչ միայն 101 մլն դոլարով ավելի արտաքին առևտրաշրջանառություն է «արձանագրվել» երկրորդ հրապարակման մեջ, այլև մասամբ կատարվել է «լավ» ցուցանիշներ ստանալու Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Եթե մայիսի 27-ի հրապարակման մեջ գրանցված էր 8,6 տոկոս արտահանման անկում և 1,9 տոկոս ներմուծման անկում, ապա նոր՝ հունիսի 5-ի հրապարակման մեջ արտահանման անկումը դարձել է 4,1 տոկոս, իսկ ներմուծման դիմաց անգամ աճ է պատկերվել՝ 2,5 տոկոս։

Սա, իհարկե, նորություն չէ, գումարային նմանատիպ խոշոր՝ 136 մլրդ դրամի վերաբերյալ ՊԵԿ, վիճկոմի և Նիկոլ Փաշինյանի հայտարարած միմյանց հակասող ցուցանիշների մասին, որի «հայտնությունը» շարունակում է անհայտ մնալ մինչ այժմ, անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։

Մի խոսքով, ահա այսպիսի ստի տեխնոլագիա, որը դրվել է պետական քաղաքականության հիմքում՝ մեր կյանքի բոլոր ասպարեզներում և որի գերնպատակն է զոհել ամեն ինչ և բոլորին՝ հանուն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի և իշխանության։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ