06  06  2019

Գնանկում է արձանագրվե՞լ․ Խճճված թվերն ու հերթական սուտը

Գնանկում է արձանագրվե՞լ․ Խճճված թվերն ու հերթական սուտը

Հայաստանի գիտակից քաղաքացիները հերթական անգամ համոզվեցին, որ ստախոսությունը իշխանության համար գործելաոճ է դարձել։ Նման որակներ դրսևորվեցին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ապա կառավարության նիստում վարչապետի ելույթների ժամանակ։ Անդրադառնանք ելույթի միայն հետեւյալ հատվածին, որն անմիջականորեն առնչվում է բոլորիս, քանի որ խոսքը գնաճի մասին է․ «Ըստ էության, մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր և շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով: Կանխատեսվում էր, որ ահա կունենանք գնաճային ցնցումներ՝ սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և հակառակը, տարվա արդյունքերում մենք ունեցանք գնանկում»:

Երկու-երեք ն ախադասության մեջ Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Նա նախ ասում է, որ «2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն», ապա «տարվա արդյունքերում մենք ունեցանք գնանկում»։ Այն, որ ցածր գնաճն ու գնանկումը միմյանցից միանգամայն տարբեր բաներ են, որ չի կարող նույն տարում ե՛ւ ցածր գնաճ լինի, ե՛ւ գնանկում, այլ պետք է կամ մեկը լինի կամ՝ մյուսը, վարչապետ դարձած մարդը պետք է հասկանար, բայց ․․․

Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ցանկանում խոստովանել, որ անցյալ տարվա օգոոստոս-սեպտեմբերին տեղի ունեցած մրգերի եւ բանջարեղենի աննախադեպ գնաճը ուղղակիորեն իր մեղքով էր տեղի ունեցել։ Բարենպաստ կլիմայական պայմաններով եւ լավ բերքատվության տարին հանկարծ վերածվեց մրգերի եւ բանջարեղենի սակավության եւ դրանց բարձր գների տարվա։ Ինչպես բազմիցս ենք նշել եւ անհրաժեշտության դեպքում շարունակելու ենք այդ մասին հիշեցնել, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց հուլիս-օգոստոս ամիսներին Սեւանա լճից լրացուցիչ ոռոգման ջուր վերցնել, ինչի պատճառով առանց ոռոգման ջրի մնացած Արարատյան դաշտի բերքը շոգից չորացավ։ Տարին աճով սկսած գյուղատնտեսությունը տարեկան 8 տոկոսից ավելի անկում եւ ավելի քան 16 մլրդ դրամի կորուստ ունեցավ, իսկ քաղաքաբնակներն էլ դրա հետեւանքով մրգերն ու բանջարեղենը գնում էին թռիչքային դարձած գներով։

Եվ վերջապես, անդրադառնանք գնաճի տարեկան ցուցանիշներին, որոնք հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ցանկությունների կամակատար դարձած վիճակագրական կոմիտեն։

Համաձայն վիճկոմի, 2018 թ․-ի դեկտեմբերին 2017 թ․-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1,8 տոկոս, 2018 թ․-ի հունվար-դեկտեմբերին 2017 թ․-ի հունվար-դեկտեմբերի համեմատ 2,5 տոկոս եւ 2018 թ․-ի դեկտեմբերին նախորդ ամսվա նոյեմբերի համեմատ էլ գնաճը կազմել է 1,5 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, ո՛չ դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ո՛չ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ, ո՛չ էլ հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ՝ այսինքն «տարվա արդյունքերում» մենք չենք ունեցել գնանկում։

Մենք պարզապես արդեն մեկ տարի է ունենք վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ստելուց՝ հույսը դնելով իրեն կուրորեն հավատացողների վրա։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ