06 06 2019

Դավողների աչքերին ամեն տեղ դավադիրներ են երևում

Դավողների աչքերին ամեն տեղ դավադիրներ են երևում

Հայկական մուլտֆիլմ կա՝ «Հայելի»: Ամենքը դրանում իրենց են տեսնում, բայց վեախենում են կամ վիրավորում երևացող պատկերին։ Մեկը, թե՝ հարբեցող ա, մյուսը՝ կաշառակեր, երրորդը՝ բանսարկու, խաբեբա։ Թագավորը, առհասարակ, մարդակեր գազան է տեսնում հայելու մեջ, ասում է՝ աչքը գահիս է տնկել...

Արդեն մի քանի անգամ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում ինչ-որ դավադիր ուժեր կան, իր դեմ դավեր են նյութում, ապազգային են բնորոշում Հայաստանում իշխանության եկածներին, օգնականների միջոցով սոցցանցերում այլ փիս-փիս բաներ են գրում իր՝ սրբազնագույն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հասցեին: Հայելու պատմությունն է, բայց ոչ թե մուլտֆիլմում, այլ իրականության մեջ: Ու, որ ավելի վատ է, մեր քաղաքական իրականության մեջ:

Դա արդեն զավեշտի է հասնում, այն տեսանկյունից, թե ով է ինչի մասին խոսում:

Զավեշտի է հասնում, որովհետև զանազան սուտվուվփուչ հրապարակումներում Նիկոլ Փաշինյանն ուղղակի կամ իր թերթի այլ հեղինակների միջոցով, գրեթե 15 տարի շարունակ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու նրանց գլխավորած կառավարություններին, իշխանություններին մեղադրում էր հողեր ծախելու, Ղարաբաղը տալու և էլի նման ծանր ու հանցավոր մտադրություններ ունենալու մեջ: Բայց ոչ մեկը ոչ մի հող էլ չի տվել, ոչ էլ ծախել է: Առավել ևս՝ հիշատակված նախկին նախագահներից յուրաքանչյուրն իր կոնկրետ ու ծանրակշիռ ներդրումն ունի թե Արցախյան պատերազմում տարած հաղթանակի, թե հայկական զույգ պետական կազմավորումների՝ Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի անվտանգության ու պաշտպանության ամրապնդման գործում:

Եթե կան մարդիկ, իսկ նրանք կան, որ տարիներով «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումներ են արել, այդ մարդիկ Փաշինյանի ու նրան աջակցող-սատարողների շարքերում են, լևոնտերպետրոսյանականներն են, սորոսականներն են: Նրանք, որ սոցցանցերում բերանները առիթ-անառիթ շաղ են տալիս Արցախի ու արցախցիների հասցեին, պրոֆիլը մի փոքր նայում ես, պարզվում է՝ նման բաներ ասողն ամենաքիչը իշխանության կողմնակից է, կամ որևէ գրանտակերական շրջանակին հարող:

Նման դավեր նյութող, ստեր ու բամբասանքներ տարածողները մի քանի ընդհանուր գիծ ունեն՝ ատելություն են տարածում Ռոբերտ Քոչարյանի ու նրա մերձավորների դեմ, Բակո Սահակյանի դեմ, դա շրջում են արցախցիների դեմ, վիրավորական են խոսում Հայ եկեղեցու և կաթողիկոսի դեմ, ծաղրում են ազգային արժեքներն ու բարոյական նորմերը, և միահամուռ Փաշինյանի պաշտամունքով են զբաղված:

Այդ դավադիրներին Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ ու ոչ մի դեպքոււմ չի տեսնում: Իր և իր թերթի՝ տարիներով տարածած դավադրական լուրերն ու տեղեկությունները մոռացել է, եթե հիշեցնող լինում էլ է, իշխանապաշտները վայնասուն-աղաղակով վրա են տալիս, էլ՝ թուրք, էլ ծախված, էլ ռեժիմի ստրուկ, էլ չգիտես՝ ինչ:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին էլի խոսեց Արցախում դավադիրներ լինելու մասին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ երեկոյան նրան ինչպես պետք է, դեռ մի բան էլ՝ չափազանց մեղմ պատասխանեց։ 

Գուցե նաև ավագի, ավելի փորձառու գործչի բնական իրավունքով, Բակո Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստան-Արցախ միասնականությունն է մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ ակնարկելով, որ դա խարխլելն է դավադրություն:

Բայց ի՞նչ կա բոլոր այս հայտարարույթունների մյուս կողմում: Ինչի՞ց է այդպես վատացել Նիկոլ Փաշինյանը, որ արդեն մի 10 օր է՝ մե՛կ պատգամավորներին է դատարանների մուտքերի առաջ շարվել տալիս, մե՛կ արցախյան դավադիրների մասին է խոսում, անում է հայտարարություններ, որ ոչ մի կերպ չեն համապատասխանում պետական բարձրաստիճան ղեկավարի պարտավորեցնող ստատուսին:

Դա բոլորն էլ գիտեն, բայց չեն ուզում ուղիղն ասել:

Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժ է լուծում, նպատակ ունենալով՝ բանտարկված տեսնել երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանին: Ու երբ մի երկու շաբաթ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկան դատարան ու անձնական երաշխավորություն տվեցին Արցախի հերոս ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, դատարանը պարզապես չէր կարող չհարգել այդ երաշխավորույթունը, դատարանը չէր կարող այդ աստիճան կոպտորեն ոտատակ տալ օրենքը: Ու դա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում «մարսել»: Դրա համար իր մանկլավիկները հարձակվում են դատավորի վրա: Դրա համար էլ կեղտոտ բառերով ֆեյսբուքներում ինչ ասես, որ դուրս չեն տալիս նույն Բակո Սահակյանի հասցեին: Այն, որ իր կողմնակիցները, լևոնականները Քոչարյանի, Սահակյանի ու արցախցիների հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, դա Նիկոլ Փաշինյանը չի տեսնում, այդտեղ պառակտում ու դավադրություն չի փնտրում:

Ու բոլոր այս հանգամանքները նկատի առնելով, հիմա էլ Վերաքննիչ դատարանն է լուրջ ընտրության առաջ կանգնել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին վերաբերող գործի քննության հարցում: Ինչպե՞ս վարվել՝ կատարել Նիկոլ Փաշինյանի կապրի՞զը, կամայականորեն և օրենքի մասին մոռանալով՝ քայլ կատարել Ռոբերտ Քոչարյան՞ դեմ, որ այս պայմաններում Հայաստան-Արցախ միասնականության կամուրջի կամ նման կամուրջի կարևոր հենասյան դերում է հայտնվել, թե՞ գիտակցել այդ ամենը և գործել որպես իրական դատարան ու Հայաստանի շահերը անցողիկ իշխանավորների կապրիզներից ու անհավասարակշիռ պահվածքից վեր դասել:

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ