03  06  2019

Փաշինյանի հեքիաթը՝ տնտեսության «լավ տրամադրության» մասին

Փաշինյանի հեքիաթը՝ տնտեսության «լավ տրամադրության» մասին

Մեր նախորդ հրապարակմամբ անդրադարձանք այս տարվա ապրիլին մարտի համեմատ Հայաստանի տնտեսության անկմանը։ Մինչդեռ, երբ հրապարակվեցին այդ տվյալները, Նիկոլ Փաշինյանը իր հերթական գրառման մեջ ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատելով նախորդ տարվա ապրիլի հետ, հայտարարեց, որ իր հորինած տնտեսական հեղափոխության համար «թափ ենք հավաքում»։ Բնական է, որ որևէ բացատրություն, թե ինչպե՞ս են թափ հավաքում, երբ նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցվում, նա ոչ այն ժամանակ ոչ էլ մինչ այժմ չի տվել։ Ավելին նա շարունակում է թմբկահարել տվյալներ, որոնց մասին լավ կլիներ, որ լռեր։

Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց Հայաստանի տնտեսության «դրական և լավատեսական» դինամիկայի, «լավ տրամադրություն» ունենալու, առաջիկայում «ավելի դրական դառնալու» և վերջապես «տևական և կայուն զարգացման» փուլի փոխակերպվելու մասին։ Տպավորությունն այնպիսին էր, որ նա իրոք ծանոթ չէր ապրիլին նախորդ ամվսա համեմատ տնտեսության անկման մասին։

Այսպիսով, տնտեսության «լավ տրամադրությունը» Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճով։ Մի կողմ թողնենք վիճակագրական կոմիտեի կողմից հատկապես անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից սկսած տվյալների խայտառակ աղավաղումը։ Անգամ եթե հիմք ընդունենք այդ ցուցանիշը, ապա պետք է հիշենք, թե ի՞նչ էր տեղի ունենում անցյալ տարվա ապրիլին։ «Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվող իշխանության զավթման գոծընթացն այդ ժամանակ ուղեկցվում էր երկրի տնտեսության կաթվածահար անելով՝ փողոցներ, ճանապարհներ, օդանավակայան և երկաթուղի փակելով, գործադուլներ հրահրելով։ Արդյունքում, անցյալ տարվա ապրիլին մարտ ամսվա համեմատ տնտեսության բոլոր ճյուղերում անկում էր արձանագրվել։ Այսինքն, մարդը անցյալ տարի կաթվածահար էր արել երկիրը և դրա հետևանքով տնտեսական անկման ֆոնին այս տարվա ապրիլին հայտարարում է աճի մասին։ Սա պարզապես ցինիմ է։

Միաժամանակ, նշենք նաև, որ ինչպես 2018 թ․-ի ապրիլին էր մարտ ամսվա նկատմամբ տնտեսությունը անկում ունեցել, երբ երկիրը ցնցվում էր ամբոխի և նրա առանջորդի հեղափոխական գործողություններից, այնպես էլ այս տարվա ապրիլին է դա տեղի ունենում, երբ այդ նույն առաջնորդը արդեն իշխանության ղեկին է։ Այսինքն, չնայած հիմա արդեն հեղափոխություն չկա և իշխանությունը ամբողջությամբ զավթել են «թավշյա» հեղափոխականները, բայց նրանց կառավարման արդյունքը նույնն է, ինչ հեղափոխական քաոսի ժամանակ արձանագրված արդյունքը։ Եզրակացությունը մեկն է, որ ոչ թե տնտեսությունը «լավ տրամադրություն ունի», այլ ընդհակառակը՝ անցյալ տարվա ապրիլից այն «հիվանդացել է», հիվանդությունն արդեն քրոնիկ բնույթ ունի և այդ վիճակում հաստատ չի կարող «լավ տրամադրություն» ունենալ։ Հուսալ, որ քրոնիկ հիվանդը, ինքն իրեն, առանց համալիր առողջացման քայլերի, կբուժվի, առնվազն միամտություն է։ Ավելին, նրա վիճակը վատթարանում է։ Ապացույցը՝ մեկ տարի շարունակվող տնտեսական վիճակի վատթարացումն է և մասնավորապես՝ այս տարվա ապրիլին մարտի համեմատ գրանցված տնտեսական անկումը։

Հիմա Նիկոլ Փաշինյանի վկայակոչած մի քանի այլ ցուցանիշների մասին։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը, նրա ներկայացմամբ, աճել է 13,2 տոկոսով։ Դարձյալ դառնանք անցյալ տարվա ցուցանիշին՝ 2018 թ․-ի ապրիլին վերևում նշված իրադարձությունների պատճառով, արդյունաբերական արտադրանքը նվազել էր 15,6 տոկոսով։ Այսինքն, 13,2 տոկոս աճով այս տարվա ապրիլին արդյունաբերությունը չի էլ կարողացել վերականգնել անցյալ տարվա կորցրածը։ Սրանո՞վ է հպարտանում Նիկոլ Փաշինյանը։ Այո, և ոչ միայն սրանով։

Շինարարության աճի մասին խոսելով «ժողովրդի վարչապետը» խուսափում է հայտնել թվային ցուցանիշ, ասելով, որ աճն այստեղ ավելի քիչ է։ Տեղեկացնենք, որ աճն այստեղ ընդամենը 1,8 տոկոս է և հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր շինարարության ինչ որ «բումի» մասին։ Չնայած հիմա էլ է ասում, որ այդ ցուցանիշները կլավանան և ակտիվությունը ավելի շոշափելի կլինի։ Ինչպես ասում են, թող ասի, նա այնքան բաներ է ասել, որոնք իրականություն չեն դարձել, որ մեկ հատ ավել, մեկ հատ պակաս առանձնապես էական տարբերություն չի լինի։

Նիկոլ Փաշինյանի մյուս «հայտնագործությունը», որը նա «ուրախալի» համարեց կառավարության այդ նիստի ժամանակ, արտահանման 9,9 տոկոս աճն էր։ Սա փաշինյանական ամբոխավարության դասական դարձած օրինակն է՝ ներկայացնել մի տվյալ՝ առանց ընդհանուր երևույթի մասին խոսելու։ Նրա փոխարեն կխոսենք մենք։ Այսպես, այս տարվա հունվարին արտահանումը նվազել էր 16,3 տոկոսով, փետրվարին՝ 8,4 տոկոսով, մարտին՝ 18,9 տոկոսով և այս ամենից հետո միայն, ապրիլին փոքր-ինչ վերակագնվել՝ աճելով ընդամենը 9,9 տոկոսով։ Արդյունքում, հունվար-ապրիլին արտահանումը զիջում է 2018 թ․-ի հունվար-ապրիլի արտահանմանը 8,6 տոկոսով։ Մի՞թե սա ուրախալի ցուցանիշ է։ Նիկոլ Փաշինյանի և նրան դեռևս առանց հասկանալու հավատացողների համար՝ գուցե, իսկի ընդհանրապես՝ սա բացասական և տխրելու ցուցանիշ է։

Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք իրականությունից կտրված, ցանկալին իրականության տեղ ներկայացնող տնտեսական վիճակի մասին վարչապետական հեքիաթի հետ, որը, չգիտես ինչո՞ւ, նա պատմեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվանից՝ հունիսի 1-ից 2 օր շուտ՝ կառավարության անդամների համար։

Արա Մարտիրոսյան       

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ