30  05  2019

Ինչպե՞ս չընտրել ՍԴ դատավոր՝ չծախսելով ժամանակ

Ինչպե՞ս չընտրել ՍԴ դատավոր՝ չծախսելով ժամանակ

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվեց նոր իշխանություն, մի քանի անգամ փոփոխվեց կառավարության կազմը, ընտրվեց նոր խորհրդարան, փոխվեց անգամ մայրաքաղաքի տոնածառը, բայց Սահմանադրական դատարանի դատավոր այդպես էլ չընտրվեց:

Մայիսի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը չընտրվեց։ Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորից միայն 30-ն էր կողմ քվեարկել թեկնածուին, դեմ էին՝ 53-ը։

Արթուր Վաղարշյանը խորհրադարանի կողմից մերժված հինգերերոդ թեկնածուն էր: Նախկին գումարման Ազգային ժողովը չէր ընտրել Ելիզավետա Դանիելյանին, Էմիլ Բաբայանին և Վահե Գրիգորյանին: Գերմանաբնակ Գոռ Հովհաննիսյանին Ազգային ժողովը չընտրեց այս տարվա ապրիլին։

Մեկ ամբողջ օր խորհրդարանը հարցեր էր տալիս ՍԴ անդամի թեկնածուին, փորձում էին պարզել նրա տեսակետները, հատկապես իմքայլականներին հետաքրքիր էր, թե ինչպես է գնահատում Վաղարշյանը դատարանների շրջափակման ակցիան և ինչ ախտորոշում է տալիս դատական համակարգին: Հարցերին հետևեցին ելույթներ, որոնք, ինչպես հետո Վաղարշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, ամեն ինչի հետ կապ ունեին, բացի իրենից։ Քվեարկությունն ավարտվեց Վաղարշյանի չընտրվելու ելքով։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է՝ հավանաբար թեկնածուների պատասխանները չեն բավարարում պատգամավորներին, դրա համար էլ չեն ընտրում։ Իսկ օդում կախված լուրերն ու տրամաբանությունն հուշում են, որ պարզապես իմքայալականներն իրենց սրտի թեկնածուին են սպասում: Խոսքը Վահե Գրիգորյանի մասին է, որը համառորեն առաջադրվում է մի քանի անգամ, բայց ամեն անգամ աթոռին հասնել չի հաջողվում։

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ չունենք ՍԴ դատավոր, բայց ունենք քառօրյա նստաշրջանի մեկ ամբողջ վատնած հերթական օր: Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը մայիսի 29-ի նիստի ընթացքում գործընկերներին հիշեցնում էր աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհարժեշտության մասին, կոչ անում հարգել օրենսդիրի ժամանակը և այլն: Պարզապես պատգամավորի կոչը հիմնականում ուղղված էր ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին:

Եվ իսկապես, հարգենք օրենսդիրի ժամանակը՝ չմոռանալով, որ հրատապ ընտրությունների էինք գնում հենց այդ հիմնավորմամբ՝ ժամանակ չկա, երկիրը պետք է հանել օրհասական վիճակից: Կամ էլ ավելի պարզ, երբ տեսնում եք, որ առաջադրված թեկնածուն ՀՔԾ-ի Վահեն չէ, պարզապես բոյկոտեք, մի մասնակցեք նիստերին:

Այլապես մի քանի ժամ անընդհատ քննարկել, տալ բազմաթիվ հարցեր, այն դեպքում, եթե թեկնածուի արտաքին տվյալներից իսկ հասկանալի է, որ Վահե Գրիգորյանը չէ, պարզապես նշանակում է մեր՝ հարկատուներիս հարկերի հաշվին զբաղվել ժամավաճառությամբ։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ