29  05  2019

Չինաստանի հետ` առանց վիզաների. ակնկալվող արդյունքն ու իրական ռիսկերը

Չինաստանի հետ` առանց վիզաների. ակնկալվող արդյունքն ու իրական ռիսկերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Չինաստանի տարածք և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 180 օրվա ընթացքում՝ մինչև 90 օր ժամկետով: Այս մասին համաձայնագիրը Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է։ Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել առանց վիզաների միմյանց երկրների տարածք մուտք գործելու համաձայնագրից և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր համար։

Ակնհայտ է, որ աշխարհի ամենարագ զարգացող և գերտերության հավակնություն ունեցող երկրի հետ սերտ հարաբերությունների հաստատելն անհրաժեշտ է։ Տվյալ որոշումն որոշումն ընդունվել է Չինաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի խթանման նպատակով։ Այն, որ մեկ-երկու տարի առաջ այդ երկրից Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ավելացել են, նկատելի էր անգամ անզեն աչքով։ «Թավշյա» կոչվող հեղափոխությունից հետո սակայն Հայաստան այցելող ավելի քիչ չինացի զբոսաշրջիկներ ենք տեսնում, և առանց վիզաների մեր երկիր այցելելու հնարավորությունը գուցե իսկապես նպաստի, որ այդ հոսքը վերակագնվի։ Սակայն, այս որոշման հետ կապված մտահոգություններն ու ռիսկերն ավելի շատ են, որոնք, սակայն, Հայաստանի ղեկին հայտնվածները հաշվի չեն առել վերոնշյալ համաձայնագիրը մշակելիս։

Չինաստանը հայտնի է որպես էժան աշխատուժի երկիր և առանց վիզաների Հայաստան մուտք գործելու իրավունքը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր աշխատաշուկայում։ Թեև համաձայնագրում նշվում է, որ եթե համաձայնագրի կողմ քաղաքացիները 90 օրից ավելի են ցանկանում գտնվել մյուս կողմի պետության տարածքում պարտավոր են դիմել նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար, բայց այդ նորմը հեշտությամբ կարելի է շրջանցել։ Միգրանտների առատությունից լրջագույն խնդիրներ ունեցող երկրներում միգրանտների զգալի մասը կամ ապօրինաբար են այդտեղ հայտնվել, կամ օրինական մուտք են գործել և շարունակել են բնակվել ու աշխատել ապօրինաբար։

Աշխատասեր և սակավ պահանջմունքեր ունեցող չինացիների՝ իրենց երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն նույնիսկ աննշան միգրացիան դեպքում մեր երկրում գործազրկության նոր ալիք կարող է առաջանալ։ Հնդիկների ներկայիս աշխատանքային միգրացիան արդեն իսկ նման խնդիրներ ստեղծել է։ Առանց այն էլ սահմանափակ ռեսուրներ և սոցիալական բարձր լարվածություն ունեցող Հայաստանում էժան աշխատուժի տարածման պարագայում ուժեղանալու է նաև գումարների արտահոսքը։ Այսօր հնդիկ աշխատանքային միգրատներն են իրենց աշխատած գումարը տանում իրենց երկիր, վաղը չինացիները։ Զարգացած, մեծ ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող երկրների համար սա գուցե այդքան էլ մտահոգիչ խնդիր չի, բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի համար։

Չինաստանի հետ առանց վիզայի համաձայնագրի ստորագրումն ունի ևս մեկ՝ թերևս ամենակարևոր ռիսկը՝ այդ երկում համահավաք ապրում են թյուրքալեզու ույգուրները՝ մոտ 15 մլն, որոնց «իրավունքների ոտնահարաման» մասին հաճախակի են արտահայտվում և սադրանքների դրդում Թուրքիայի իշխանությունները։ Եվ ահա այդ նույն ույգուրները հնարավորություն են ստանալու առանց վիզայի մուտք գործել Հայաստան։ Պետք չի մեծ երևակայություն ունենալ պատկերացնելու համար, թե մեր թշնամի հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը ինչպիսի փայլուն հնարավորություն են ստանում Հայաստանում նրանց միջոցով գործունեություն ծավալելու՝ լրտեսությունից մինչև ահաբեկչական հարձակումներ։ Տեղյա՞կ են այս սպառնալիքի մասին մեր արտգործանախարարությունում։ Թերևս, այո։ Սակայն, մենք ապրում ենք մասնագիտական տեսակետները արհամարհելու և նեղ քաղաքական շահերով առաջնորդվելու ժամանակաշրջանում, երբ մեկ մարդ որոշում է ամեն ինչ և ամեն տեղ` հիմք ընդունելով միայն մեկ գերագույն նպատակ՝ սեփական վարկանիշի անկումը կասեցնելը և իշխանության պահելը։ Ի՞նչ կապ ունի այս համաձայնագիրը Նիկոլ Փաշինյանի այս մարմաջի հետ՝ ամենաուղղակի։ Չինաստանից եկած միգրանտների հաշվին օրերից մի օր նա կհայտարարի, որ Հայաստանում ներգաղթը սկսել է գերազանցել արտագաղթին։ Եվ նրան հավատացողներից շատերը չեն էլ ցանկանա հետաքրքրվել, թե այդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին, խոսքը միայն ՀՀ քաղաքացիների մասին է, թե՞ ընդհանրապես Հայաստան բոլոր մուտք ու ելք անողների։

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թ․-ին ներգաղթողների թիվն ավելի մեծ է, քան արտագաղթողներինը, այն դեպքում, երբ իրական պատկերն հակառակն է՝ հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 9 հազարով ավելի է եղել, քան ներգաղթողներինը։ Վաղն էլ կհայտարարի, որ «թավշյա» հեղափոխության շնորհիվ ոչ միայն հայերն են սկսել Հայաստան ներգաղթել, այլև օտարերկացիները, որոնք մինչ օրս զմայլված են Նիկոլ Փաշինյանի միակ և անկրկնելի «սիրո և հանդւորժողականության հեղափոխությունից»։    

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ