22  05  2019

Ինչպես է ստացվում Նիկոլ Փաշինյանին ցանկալի վարկանիշը

Ինչպես է ստացվում Նիկոլ Փաշինյանին ցանկալի վարկանիշը

Օրեր առաջ Gallup international-ի կողմից հրապարակվեց «Փաշինյան vs Փաշինյան» հետազոտական զեկույցը, որը միմյանց հակադրվող տեսակետների տեղիք տվեց։ Ընդհանրապես սոցիոլոգիական հարցումներն ունեն իրենց մեթոդաբանությունը եւ շատերը անտեղյակ լինելով դրանից, ճիշտ չեն ընկալում ստացվող արդյունքները։ Մյուս կողմից էլ գոյություն ունի իրականություն, որն արտահայտվում է ընտրությունների միջոցով, որից սոցհարցման արդյունքների էական տարբերությունը հիմնավոր կասկածներ է առաջացնում հարցման արդյունքների նկատմամբ։

Անդրադառնանք Gallup international-ի հարցման արդյունքներին, որոնք առնչվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կուսակցության վարկանիշին։

Նախ հետազոտության մեթոդաբանության մասին։ Նշվում է, որ այն անց է կացվել համամասնորեն՝ մարզերում եւ Երեւանում բնակչության տոկոսային հարաբերակցությանը համապատասխան։ Սակայն հարցվող «տնային տնտեսությունները ընտրվել են պատահական քայլով»։ Այսինքն, փաստենք, որ բացակայում են բնակչության սեռատարիքային կազմին, կրթական մակարդակին համամասնորեն ընտրված հարցվողները, ինչը սոցիոլոգիական հետազոտությունների ժամանակ սովորաբար կիրառվում է։ Սա առաջին էական կասկածն է առաջացնում իրականության հետ հարցման արդյունքների համապատասխանությանը։ Այժմ հարցման մի քանի արդյունքների մասին։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պարզելուն ուղղված հարցերից մեկին՝ «գնահատեք Նիկոլ Փաշինյանի գործելաոճը», 2018 թ․-ի սեպտեմբերին ընդհանուր առմամբ (լիովին եւ ավելի շուտ դրական) դրական էին պատասխանել հարցվողների 91,6 տոկոսը, այս տարվա մայիսին՝ 84,2 տոկոսը։

Համանման «Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչ» հարցին էլ 2018 թ․-ի սեպտեմբերին դրական էին պատասխանել հարցվողների 95,4 տոկոսը, 2019 թ․-ի մայիսին՝ 89,6 տոկոսը։

Ի՞նչն է այստեղ տարակուսանք առաջացնում։ Անցյալ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի վարկանիշի եւ դրան հաջորդած ընտրությունների արդյունքների ակնհայտ անհամապատասխանությունը եւ երկրորդ՝ անցած 7-8 ամիսներին այդ վարկանիշի աննշան 6-7 տոկոս նվազումը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ, ըստ Gallup international-ի, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 91-95 տոկոսի սահմաններում էր, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների ․․․ 43 տոկոսը, որից Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ստացավ ձայների 81 տոկոսը։ Հավելենք, որ խոսքը ընտրություններին մասնակցածների, այլ ոչ թե ամբողջ ընտրողների 81 տոկոսի մասին է։ Թվային առումով Երեւանում 848 հազար ընտրողներից Նիկոլ Փաշինյանին ձայն էին տվել 294 հազարը, որը ընդհանուրի մոտ 35 տոկոսն է։ Բնական է, որ ընտրությւունների արդյունքները որոշում են ընտրություններին մասնակցածները։ Համընդհանուր էյֆորիայի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններին մասնակցելու ամենօրյա կոչերով հանդես գալու պայմաններում տրամաբանական է, որ նրա կողմնակիցները կարելի է ասել գրեթե ամբողջությամբ մասնակցել են այդ ընտրություններին, եւ նրանց ձայնը որոշիչ է եղել։ Դա նշանակում է, որ խոսքը Նիկոլ Փաշինյանին ընտրած Երեւանի բնակչության մոտ 35 տոկոսի մասին է, որն էլ կազմում էր նրա իրական վարկանիշն այդ պահին։ Բնական է, որ դա ամենաբարձր վարկանիշն էր թե այդ պահին, թե դրանից հետո տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ։

Սակայն Աժ ընտրությունների ժամանակ այդ վարկանիշն արդեն իսկ նվազել էր։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 48-49 տոկոսը, իսկ Նիկոլ Փաշինյանը ստացել էր նրանց ձայների արդեն 70,5 տոկոսը։ Այսինքն, արդեն իսկ նրա վարկանիշի 10 տոկոսանոց անկումն առկա էր։ Թվային առումով նրան ձայն էին տվել շուրջ 885 հազար մարդ ընտրողների ընդհանուր՝ 2 մլն 593 հազարից։ Այն որ ընտրություններին մասնակցողների թվի ավելացումը անխուսափելիորեն վերածվում է Նիկոլ Փաշինյանի ձայների նվազմանը, փաստում է, որ այդ ժամանակ նրա իրական վարկանիշը տատանվել է 30-35 տոկոսի սահմաններում։ Դրանով էր պայմանավորված նախապես խոստացված այս տարվա մայիս-հունիսի փոխարեն անցյալ տարվա դեկտեմբերին ընտրությունների անցկացնելու անհրաժեշտությունը։ Թե ինչպես է պատահական հարցման արդյունքով այդ վարկանիշը դառնում 91-95 տոկոս, միայն հարցման հեղինակներին է հայտնի։ Կամ եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ներկայումս 84-89 տոկոս է, ապա ինչպե՞ս է լինում, որ մեկ այլ հարցի պատասխանելիս նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատրաստ են ձայն տալ հարցվողների 60 տոկոսը։

Ինչ վերաբերվում է հետհեղափոխական շրջանի վարկանիշային տատանումներին, ապա գոյություն ունի նման ճանապարհ անցած երկրների փորձ։  

Հեռու չգնանք՝ ներկայացնենք մեր հարեւան Վրաստանի օրինակը։ 2004 թ․-ի հունվարին «վարդերի հեղափոխության» ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին նախագահ ընտրվեց ձայների 96 տոկոսով։ Չորս տարի հետո, չնայած նրա կողմից երկրում կատարված ահռելի՝ մոտ 4 մլրդ դոլարի ներդրումների, պետական համակարգի բարեփոխումների եւ երկրի տնտեսության սրընթաց զարգացմանը, 2008-ի հունվարին արտահերթ նախագահական ընտրություններին նա դժվարությամբ ստացավ ձայների 52 տոկոս՝ կամ 44 տոկոսով քիչ, այն էլ քաղաքական մյուս ուժերի կողմից վիճարկելի արդյունքների պարագայում։

Վերադառնանք Հայաստան, որտեղ անցած մեկ տարում ոչ միայն չկան հարեւան Վրաստանի նման սրընթաց տնտեսական վերելք, այլեւ ակնհայտ հետընթաց ենք արձանագրում, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է ընդամենը 6-7 տոկոսո՞վ։ Այն դեպքում, երբ երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններում նրա ստացած ձայները նվազել են ավելի քան 10 տոկոսով։

Հետազոտությունն, իհարկե, չի նշում, թե հարցվածներից որքա՞նն է մասնակցելու ընտրություններին, որով էլ կարելի է արդարացնել «ստացված» ցանկացած եւ տվյալ դեպքում նաեւ Gallup international-ի հետազոտության մեջ նշված անձի համար ցանկալի արդյունքը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ