17  05  2019

Վերլուծաբանները, որ բենզինի մեկ դրամ թանկացումը հանցագործություն էին համարում, հիմա լուռ են

Վերլուծաբանները, որ բենզինի մեկ դրամ թանկացումը հանցագործություն էին համարում, հիմա լուռ են

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի էջերից չէր իջնում բենզինի մենաշնորհի թեման՝ զուգորդվելով «հանցավոր ռեժիմ», «օլիգարխներ» և նմանատիպ այլ ձևակերպումներով, իսկ դրա գնի ամենաչնչին բարձրացումը դառնում էր ամիսների քննարկման թեմա՝ անկախ նրանից, թե այդ բարձրացումն ինչի հետ էր կապված։ Բենզինի ներկրման թեման այդ թերթում երկրորդն էր՝ բանանից հետո։ Սա մինչ վերոնշյալ անձի և նրա շրջապատի իշխանության գալը։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհներ Հայաստանում չկան։ Այն, որ Հայաստանում մենաշնորհներն օրենքով արգելված չեն, դեռ թողնենք մի կողմ։ Փաստենք, որ այս պահին էլ բենզին և դիզվառելիքի շուկայում գործում են 4-5 ընկերություններ։ Պարզապես, տեղեկատվություն կա այն մասին, որ շուկայում նոր ընկերություն է մուտք գործել, որը շուկայում իբր մրցակցություն է ստեղծել։ Կարևոր չէ նույնիսկ, թե ո՞վ է մուտք գործողը, որքանո՞վ է մոտ Նիկոլ Փաշինյանին, նրա շրջապատից է, թե՞ Նիկոլ Փաշինյանն է բենզինի շուկա մուտք գործած գործարարի շրջապատից։ Կարևորն այն է, որ այսպես կոչված «նոր խաղացողի» շուկա մուտք գործելուց հետո ոչ միայն բենզինի և դիզվառելիքի գներն ավելի մրցակցային չեն դառնում, այլ ընդհակառակը՝ դառնում են ավելի հակամրցակցային։

Իշխանական համակարգում հայտնված երիտպաշտոնյաները մի քանի ամիս առաջ գրառումներ էին անում այն մասին, թե «հաճելի է, որ երկրում դրական փոփոխություն ենք տեսնում», նկատի ունենալով բենզինի և դիզվառելիքի գների նվազումը, իսկ հիմա բերանները ջուր են առել և «չեն տեսնում», թե ի՞նչ է տեղի ունենում։ Ներկայացնենք բենզինի և դիզվառելիքի գներն ու համադրումները նավթի միջազգային գների հետ վերջին ամիսներին։

Երեք-չորս ամիս առաջ վառելիքի շուկայում հետևյալ գներն էին՝ ռեգուլյար բենզինը 400 դրամ, պրեմիումը՝ 420 դրամ, դիզվառելիքը՝ 420 դրամ։ Այդ ժամանակ՝ փետրվարին նավթի (Brent տեսակի) միջազգային գները գտնվել են 60-66 դոլարի միջակայքում։   

2019 թ-ի ապրիլին 10 դրամով աճեցին ռեգուլյարն ու պրեմիումը կազմելով համապատասխանաբար 410 դրամ և 430 դրամ, իսկ դիզվառելիքը թանկացավ 20 դրամով և դարձավ 440 դրամ։ Նավթի միջազգային գները ևս աճել էին այդ ընթացքում և ապրիլ ամսին գտնվում էին 69-74 դոլարի միջակայքում։ Այս ամենը կարծես թե տեղավորվում էր շուկայի և միջազգային գների տրամաբանության մեջ։ Սակայն, այն ինչ տեղի է ունենում մայիս ամսին, որևէ կերպ չի տեղավորվում այդ տրամաբանոության մեջ։

Մայիսին բեինզին և դիզվառելիքի գներն էապես աճել են։ Ռեգուլյար բենզինի գինն այս պահին 430 դրամ է, պրեմիումի գինը՝ 450 դրամ, դիզվառելիքինը՝ 470 դրամ։ Սա այն դեպքում, երբ մայիս ամսին նավթի միջազգային գինը ոչ միայն չի աճել, այլև նվազել է՝ գտնվելով 70-72 դոլարի միջակայքում։

Իշխանական քարոզչամեքենան բնականաբար լռում է, լռում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու նրա նոր նախագահը, պատգամավոր դարձած փաշինյանական թերթի լրագրողները, որ մի ժամանակ նման առիթ էին փնտրում նյութ գրելու համար։ Լուռ են, չեն էլ փորձում խորհրդարանում դրա մասին խոսել։ Հասկանալի է նրանց պահվածքը, իհարկե, ինչպե՞ս ընդունել, որ երկրում ոչ միայն «հաճելի փոփոխություններ» չեն եղել, այլ տեղի են ունենում տհաճ փոփոխություններ։ Վառելիքի գների միջազգային գներին անհամարժեք բարձր թանկանալը ինչ որ կերպ բացատրելը հեշտ չէ՝ հատկապես որ այդ բացատրությունը կարող է դուր չգալ «շեֆին»։

Մինչդեռ վառելիքի գների թանկացման հետևանքները ներկա պահին իրենց վրա զգում են ոչ միայն վարորդները, այլև հասարակական տրանսպորտով երթևեկող երևանցիները՝ առանց այն էլ անմխիթար տրասնպորտային սպասարկման ավելի վատթարացման տեսքով։ Դիզվառելիքով աշխատող ավտոբուսները սկսել են ավելի ուշ դուրս գալ երթուղի և ավելի գերբեռնված երթևեկել, որպեսզի այդ կերպ փոխհատուցեն դիզվառելիքի գնի բարձրացումը։ Նույնը կարելի է ասել նաև գազով երթևեկող միկրովատոբունսրեի մաիսն, քանզի գազի գինը գազալցակայաններում ևս բարձրացել է։ Դիզվառելիքի գների բարձրացումն առաջիկայում ազդելու է նաև գյուղմթերներ արտադրողների և վաճառողների վրա, հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի գների վրա։

Մի խոսքով, սա «նոր Հայաստանն» է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ