17  05  2019

Ով է ում դատում. Ռոբերտ Քոչարյանը հիմնավորապես է պատրաստվել դատին

Ով է ում դատում. Ռոբերտ Քոչարյանը հիմնավորապես է պատրաստվել դատին

ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանում նիստը մայիսի 16-ին առավել քան հետաքրքրական ստացվեց:

Առաջինը Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ դատարանի դահլիճ գալն էր՝ Արցախի ու Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու անձնական երաշխավորույթունը փաստերլու համար: Դա դատական-տեխնիկական կողմն էր: Բովանդակային տեսանկյունից դա մարդկային, տղամարդկային, ինչու ոչ՝ քաղաքական և բարոյական ակտ էր. Դժվարություններով, պատերազմով անցած ընկերների կեցվածքը հարգանքի է արժանի: Թե մեր պետությունը որքանո՞վ է արժանի նման՝ խորքից պետականությանը հարվածող, հասարակությանը պառակտելու նպատակով այլոց կողմից ոգտագործվող իրավիճակի, այլ հարց է, չնայած՝ կարևոր հարց է:

Երկրորդը նախագահ Ռոբերտ Քոչարյանի զուսպ, բայց արդարացված կոշտ դիտողությունն էր իր նկատմամբ անձնավորված թշնամանք տարածող ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչին: Դա աննշան դրվագ էր, բայց ուշադրություն գրավեց:

Երրորդը գլխավոր դատախազին հասցեագրված արտահայտությունն էր, որով երկրորդ նախագահը թեթևակի հիշեցրեց, որ ինքը մաղադրյալ լինի, թե չլինի, կալանավորված է, թե չէ, ինքը պատերազմ հաղթած ղեկավար է, երկրի հանգած տնտեսությունը ոտքի հանած ղեկավար է: Դատախազին ուղղված նախկին նախագահի ռեպլիկը կարող է մեկնաբանվել նաև կոնկրետ գործին վերաբերվող կարևոր ակնարկ: Այն իմաստով, որ Ռոբերտ Քոչարյանը քննության ընթացքում ցուցմունք չի տվել, իսկ դատարանում մանրամասն ներկայացնում է իր դիտողությունները։ Այնպես որ, ակնհայտորեն միակողմանի և միայն մեղադրական մոտեցմամբ քննված գործը ներկայացնող դատախազը իսկապես էլ, պետք է շատ ուշադիր լսի, թե ինչ է ասում դատարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Չորրորդը՝ երկրորդ նախագահը իսկապես շատ մանրամասն և իրեն բնորոշ մեթոդականությամբ է նախապատրաստվել այս դատավարությանը: Նա մայիսի 16-ի նիստում դրա մասին էլ նշեց, որ երևի դատարանի դահլիճում գտնվողների մեջ ինքը ամենից ուշադիր ու մանրամասն է ծանոթացել գործին,՛ ընդհուպ՝ թե հարյուրավոր վկաներից ով ինչ ցուցմունք է տվել:

Հինգերորդը՝ Ռոբերտ Քոչարյանը գերազանցապես փաստեր էր վկայակոչում՝ լիներ դա 2008-ի փետրվարին, իր մոտ հրավիրված խորհրդակցության վերաբերյալ, թե արտակարգ դրույթուն մտցնելու հետ կապված, օրինակ՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ գործում եղած նշումներին կոնկրետ տվյալներով հակադարձելու ընթացքում: Վեցերորդն ազատության մեջ հայտնվելու դեպքում իր՝ իբր փախուստի դիմելու հավանականության վերաբերյալ մեղադրող կողմի ու, ի դեմս նրանց, փաստորեն գործող իշխանությունների մոտեցմանն էր վերաբերվում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ու բարոյական տեսանկյունից ուղղակի ոչնչացնող հակադարձմամբ հանդես եկավ՝ հիշեցնելով, թե իրականում ով՝ ով է. «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին: Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք: Ինձ համար դա վիրավորական է: Իմ տեսակով ես փախնող չեմ: Եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի: Որևէ մեկը, թշնամին իմ մեջքը չի տեսել: Սա արժանապատվության հարց է: Ես փախնող չեմ: Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:

Ում նա ակնարկում էր, միգուցե իսկապես չեն հասկանա դա: Չնայած, ավելի կարևոր է այն, որ հասարակության ավելի մեծ թվով ներկայացուցիչներ ընկալեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս գործն ու այս վիճակը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մատուցում է որպես «Մարտի 1-ի գործով» արդարություն հաստատելու ցանկություն:

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ