15 05 2019

Արցախի ներկա ու նախկին նախագահների կեցվածքը

Արցախի ներկա ու նախկին նախագահների կեցվածքը

Հայտարարությունը, որ այսօր դատարանի դահլիճում արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններից փաստաբան Հովհաննես Խուդոյանը, կարևոր է: Նա հայտարարեց, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան:

Ըստ կարգի, կալանավորված անձին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար դիմողը պետք է անձամբ ներկայանա տվյալ հարցը լսող դատարան և տեղում հաստատի իր երաշխավորությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նման երաշխավորություն-հայտարարությամբ էին հանդես եկել դեռևս նախքան եռատոնը: Այդ կարևոր հայտարարությանը գործնական ընթացք չտրվեց: Բայց երաշխավորությունը կա և ուժի մեջ է:

Ամոթալի վիճակ է, բայց Արցախի նախագահները՝ գործող ու նախկին, պիտի գան մի հատ էլ դատարանի դահլիճում հաստատեն, որ, հա, երաշխավորում ենք Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահի համար, որ նա, գտնվելով ազատության մեջ, Հայաստանից փախուստի չի դիմի, դատաքննությունից չի խուսափի, քննության վրա ապօրինի ազդելու փորձեր չի անի: Չէ, ամոթ չէ, որ որևէ նախագահ գա դատարան: Օրանքի առաջ բոլորն են հավասար ու հասարակական կամ քաղաքական ստատուսի խնդիր չկա: Նիկոլ Փաշինյանն էլ, չնայած որ վարչապետ է, գնաց դատարանում որպես վկա հանդես եկավ:

Ամոթը պետության ու պետականության համար է, որ նախկին ղեկավար ենք դատում, քիչ չի, մի բան էլ՝ կարիք կա, որ Արցախի նախկին ու ներկա ղեկավարները, համատեղ հայտարարությամբ հանդես գալուց, Ռոբերտ Քոչարյանի համար անձամբ երաշխավորելուց հետո, պիտի էլի գան-երաշխավորեն, լրացուցիչ բացատրեն, թե՝ ինչու է կարևոր, ինչ նշանակություն ունի նախկին նախագահին կալանքի տակ չպահելը:

Այս վիճակը ուրիշ իմաստ էլ ունի, որի մասին գրեթե ոչ մեկը չի խոսում: Ինչ Նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանությունը նախաձեռնել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ինքը՝ ՀՀ երկրորդ նախագահը, այլ գործիչներ, նաև՝ երրորդ նախագահը, այս օրերին նաև Արցախի գործող ու նախկին նախագահները իրենց կեցվածքով, հայտարարություններով սթափության մեսիջ են փորձում հաղորդել նոր իշխանություններին:

Դա բացահայտ կամ ճակատին չի ասվում, բայց նաև սթափվելու, նեղացած կամ վիավորված ընդդիմադիր պատգամավորի ընկալման փոխարեն, պետական գործչի դիտանկյամբ իրողությունները գնահատելու կոչ կարելի է գնահատել: Այդ մեսիջի առաջին հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է: Չնայած սթափվել արժե բոլորին, բոլոր նրանց, ովքեր այս դատը համար առիթ են համարում՝ իրենց ներսում կուտակած չարությունը դուրս տալու, այսինքն՝ ամբողջ հասարակության վրա շաղ տալու, այդ ամեն ինչի վրա աչոկ հավաքելու, երկրի ներսում թշնամություն տարածելու համար:

Այնպիսիները կան, որ անգամ երեխեքին էին խառնել այս ամոթալի անցուդարձին: Իշխանության կողմնակիցները այն օրը դպրոցական, 10-11 տարեկան երեխաների ձեռքը հակաքոչարյանական գրություններ էին տվել ու բերել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներների ակցիային հակակշռելու: Նրանք, որ առաջ իշխանություններից պահանջում էին բացառել երեխեքին քաղաքական միջոցառումների մասնակից դարձնելը, նման բան են թույլ տալիս կամ հանդուրժում, հնարավոր է՝ խրախուսում:

Կարող են ասել, թե՝ «լավ են անում»: Հա, «լավ են անում», բացահայտում են իրենց իսկական նկարագիրը:  

 

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ