15  05  2019

Լավ չէ, երբ հակա-միտինգ ցուցադրելու կարիք ունի իշխող ուժը

Լավ չէ, երբ հակա-միտինգ ցուցադրելու կարիք ունի իշխող ուժը

Այն, ինչ այս երկու օրերին կատարվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատարանի դիմաց, որոշակի իմաստով արտառոց էր:

Դատարանի առաջ հավաքվել էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բավականին տպավորիչ թվով կողմնակիցներ: Նախորդ օրն էլ էին նրանք այդտեղ: Բայց եթե նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքացիներին դիմակայելու էր եկել սկանդալային տարբեր պառկելացույցերից հայտնի Վարդգես Գասպարին, ըստ որում՝ հակաօրինական բովանդակությամբ և անձի անմեղության կանխավարկածը խախտող գրառումներ պարունակող պաստառով, ապա արդեն մայիսի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության կողմնակիցների մի ամբողջ խումբ էր արդեն հայտնվել՝ հակա-միտինգ անելու համար:

Շատերը տեսան, այն ինչը անհնար էր չնկատել. Իշխանության կողմնակիցների անթաքույց ագրեսիվ տրամադրվածությունը, վիրավորական արտահայտություններ անելու, դրանով հավաքված քաղաքացիների մյուս խմբին հրահրելու, սադրելու ակնհայտ փորձերը: Զավեշտական էր նայվում հատկապես այն դրվագը, երբ իշխանության կողմնակիցները վանկարկում էին «Նիկոլ վարչապետ»: Կարելի էր կարծել, թե Նոր Նորքի դատարանում Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել-չլինելու հարցն էր վիճարկվում կամ նման մի բան: Նույն ձևով՝ զավեշտական ու բնութագրական է այն, որ իշխանության կողմնակիցները վիրավորական արտահայտություններից, անձի անմեղության կանխավարկածը խախտող վանկարկումներից բացի, ուրիշ ասելիք չունեն:

Այլևս ակնհայտ է, որ «Մարտի 1-ի» նորացված գործով, դատարանի դահլիճում կատարվողին զուգահեռ, միտինգ-հակամիտինգ տարբերակով «դատավարություն» է ընթանալու նաև դատարանի շենքի մերձակայքում: Լայն իմաստով, տարբեր դատական գործերով լինում են «կողմ»-«դեմ» տարբերակով մեղադրվողների և տուղող կողմի ներկայացուցիչների նման հակընդդեմ հավաքներ:

Սակայն այս անգամ դատարանում պարզապես հերթական մի գործ չէ քննվում, այլ պետության նախկին ղեկավարներից մեկին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված ծանր մեղադրանքով, բայց փուչ բովանդակությամբ գործ: Մի գործ, որի հետ կապված, գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները դիմել են «հեռախոսային արդարադատության», ինչպես փաստված է անցյալ տարի հրապարակված գաղտնալսված հեռախոսային խոսակցություններով, ԱԱԾ տնօրենը կալանքի հարցը լսող դատավորին կարգադրել է՝ «ուզես-չուզես, պիտի կալանքի որոշում տաս»:

Վատ է, երբ իշխանության կողմնակիցների անթաքույց նկատակը թեկուզ արտահայտություններ անելու, սոցցանցերում լեզու շաղ տալու միջոցով մնացած բոլորին վախեցնելը, ահաբեկելը, լռեցնելն է: Դրա վառ դրսևորում էր և Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի (անցյալ տարվա օգոստոսին) տապալման օպերացիան, որին անմիջականորեն իշխանության ներկայացուցիչներ էին ներգրավված ու նրանց շատ մոտ կանգնած, նրանց հետ սարտ կապի ու համագործակցության մեջ գտնվողներ:

Դատարանի մոտ հակամիտինգի համար բերված անձանց ծայրեհեղական ու ագրեսիվ մոտեցումն ու պարզունակ մարտավարությունը անփոփոխ է. երբ իրենք որևէ անձի հասցեին նետում են՝ ծախված, դավաճան, թուրք, մարդասպան բառերով, միանգամից ավելացնում, թե՝ իրենք ընդամենը իրենց կարծիքն են արտահայտում: Ու նետվում են լռեցնելու բոլորին, ովքեր իրենց տարբերվող կարծիքն են հայտնում:

Լավ չէ, երբ նման պայմաններում հակա-միտինգ ցույց տալու կարիք ունի իշխող ուժը: Դա շատ ավելի վատ է: Վատ է, նախևառաջ, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, քիչ համարելով դատական իշխանության վրա ճնշում գործադրելու իր ունեցած լծակները, ձգտում է լրացուցիչ ճնշում գործադրել նաև իր կողմնակիցների նման դրսևորումներով: Այդպիսի մոտեցում ունեցող պատահական իշխանավոր դարձածներից կարելի է ինչ քայլ ասես՝ սպասել, այդ թվում՝ հաշվեհարդար: Իշխանությունը այդպիսով ցույց է տալիս նաև իր ներկայացրած մեղադրանքի թուլությունը: Նրանց երևի պետք էլ չեն ինչ-որ իրավական հիմնավորումներ, փաստեր, ապացույցներ, փաստարկներ, նրանց պետք են էմոցիաներ, նման տեսարաններ, քաշքշոցներ, որոնք թույլ կտան մասսայի ուշադրությունը հնարավորինս նման բաների վրա պահել՝ շեղելով բուն հարցից, գործից ու դատավարության ընթացքից:

 

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ