03 05 2019

Ե՞րբ Հայաստանում բացվեցին աշխատատեղեր ու վերականգնվեց Աշխատանքի օրը

Ե՞րբ Հայաստանում բացվեցին աշխատատեղեր ու վերականգնվեց Աշխատանքի օրը

Խորհրդային կարգերը տապալելուց և իշխանության գլուխ գալուց հետո ՀՀՇ-ն արգելեց ամեն կոմունիստականը, նաև բոլոր խորհրդային տոները։ Իսկ ամենախորհրդայինը մայիսի 1 էր` աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Վերստին անկախացած երկրում աշխատավորներ գրեթե չէին մնացել։ Կոմկուսին իրենով փոխարինել հավակնող ՀՀՇ-ն մինչև իշխանության գալը տարատեսակ բանսարկությունների ու կեղծիքների միջոցով պարալիզացրել ու արդեն փակել էր Մեծամորի ատոմակայանն ու մյութենական նշանակության բոլոր ստրատեգիական կառույցները, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն ու կոմբինատները։

Մնացած ֆաբրիկաներն ու գործարանները, արտադրանք տվող ու սպասարկող, շինարարական ու առևտրական հիմնարկները, անգամ վարսավիրանոցները, հացի արտադրամասերն ու խանութները ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո դադարեցին աշխատել։ Ամեն ինչ, որ հանրային ու պետական սեփականություն էր, ՀՀՇ-ն որոշեց մասնավորեցնել։ Իսկ մինչև որոշումն ի կատար ածելը նորընծա իշխանավորներին մեկեն հարստանալու հնարավորություն ընձեռնվեց։ Այսինքն. փակվեցին բոլոր աշխատատեղերը և սկսվեց համատարած ու համընդհանուր թալանը։ Հհշական վերնախավն ու ակտիվը մասնավոր սեփականատեր դառնալու ռեսուրս էր կուտակում։

Մայիսի 1-ը` աշխատավորների համերաշխության միջազգային օրը հատկապես արգելվեց, քանի որ ՀՀՇ-ին համերաշխություն պետք չէր։ Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր ժողովրդին զրկել աշխատանքից ու աղքատացնել, բոլորին իրենից կախման մեջ պահել, բոլորին բոլորի հետ կռվացնել, թշնամացնել (ինչպես հիմա Փաշինյանն է անում)` սեփական իշխանությունը հաստատելու համար։ Թեև նորանկախ երկրի և՛ հարավային և՛ արևելյան սահմաններին վխտում էր ակնհայտորեն ռազմատենչ թշնամին, սակայն ազգային համերաշխության ու միասնության դրոշով իշխանության եկած ՀՀՇ-ն անհագ ներքին թշնամիներ էր նշանակում բոլոր քաղաքական այլախոհներին։

Հհշականների ալան-թալանը ու իշխանության այլասերումը շարունակվեց, հհշական արատները շարունակաբար խորացան ու արտառոց մետաստազներ ունեցան այն ողջ ընթացքում, երբ ողջ հայությունը Արցախում ու Հայաստանում ազատամարտ էր մղում արտաքին թշնամու դեմ։ Իսկ 1994-ի մայիսի զինադադարից հետո, երբ ժողովուրդն սկսեց ուշադրության դարձնել նաև սոցիալական ու քաղաքական խնդիրներին, ծայր առավ հհշական իշխանության պառակտումը, քաղաքական ու տնտեսական ներքին ռազբորկաներն ու սպանությունները։

1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրությունների քվեարկությամբ ժողովուրդն իր հստակ ո՛չն ասեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին։ Ժողովրդի կամքն օրվա իշխանությունը անտեսեց ու բռնազավթեց իշխանությունը, բայց ընդամենը 17 ամիս անց Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպված եղավ հրաժարական տալ, և ժողովուրդը թոթափեց հհշական բռնակալությունը։ Արտահերթ ու խիստ մրցակցային ընտրությունների աննախադեպ երկրորդ փուլում նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ Մրցակցային պայքարի արդյունքում ընտրված նախագահից ժողովուրդը նախևառաջ աշխատանք պահանջեց։ Նախկին նախագահի օրոք սոցիալական պահանջները ոչ մի տեսակի սահման չունեին։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվեցին նպատակադրված 40 հազարը գերազանցող նոր ու միանգամայն իրական աշխատատեղեր, գերակատարվեց համընդհանուր գազաֆիկացման ծրագիրը, սկսեցին աշխատել փակված գործարաններն ու ֆաբրիկաները, բացվեցին հազարավոր նոր ձեռնարկություններ ու արդյունաբերական համալիրներ, սկսվեց շինարարական ու ճանապարհաշինական աննախադեպ բում, կառուցվեցին հազարավոր նոր շինություններ ու կառույցներ, շեշտակիորեն զարգացավ գյուղատնտեսությունը, մեկը մյուսի հետևից բացվեցին վերամշակող ձեռնարկություններ, աննախադեպ թափ ստացավ հանքային արդյունաբերությունը, կտրուկ աշխուժացավ առևտուրը, սպասարկման ոլորտը, բազմապատկվեցին արտահանման ծավալները։

Մարդիկ աշխատանք ունեին և բարիք էին ստեղծում։ Հասարակությունն իր աշխատանքով կարողանում էր լուծել բոլոր սոցիալական խնդիրները, բավարարել իր կենսական կարիքները, տեսանելիորեն հարստացել էր և բարձր սպառողական պահանջարկ էր առաջացրել։ Եվ դարձյալ աշխատող մարդու տոն ունենալու անհրաժեշտություն առաջացավ։ Հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ 2001-ի ամռանը Ազգային ժողովն ընդունեց ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը (մինչ այս նորանկախ Հայաստանը չուներ պաշտոնական տոների ու հիշատակումների օրացույց), որի հոդված 6-ը սահմանում է, որ մայիսի 1-ը նշվելու է Աշխատանքի օր, իսկ լիարժեք տոնելու համար այն լինելու է աշխատանքային:

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ