03 05 2019

Ի՞նչ եղավ ԱՄՆ-ից Հայաստան ներագաղթող առնվազն 100 ընտանիքը

Ի՞նչ եղավ ԱՄՆ-ից Հայաստան ներագաղթող առնվազն 100 ընտանիքը

Այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» մեծագույն ստերից մեկը սփյուռքի նախարար նշանակված երիտասարդի հայտարարությունն էր այն մասին, որ առնվազն 100 հայ ընտանիքներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իր հետ զրուցելիս ցանկություն են հայտնել ներգաղթել և մշտական բնակություն հաստատել «նոր Հայաստանում»։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությունը նա արել էր պաշտոնը ստանձնելուն պես պետական բյուջեի միջոցներով իր առաջին այցը ԱՄՆ կատարելուց հետո։ Թավշյա հեղափոխականների անդրօվկիանոսյան աջակիցներից Գլենդելի այդ ժամանակվա հայ քաղաքապետն էլ իր հերթին էր հայտարարել, որ «Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայերը մտածում են տուն վերադառնալու մասին» և անգամ հավաստիացրել, որ շատերն արդեն վերադարձել և հաստատվել են Հայաստանում։

Վերոնշյալ հայտարարություններից անցել է գրեթե մեկ տարի, բայց ոչ 100 ընտանիքներից, ոչ էլ արդեն ներգաղթածների խմբերից այդպես էլ նորություն չկա։ Եթե լիներ նման ներգաղթ, այդ մասին պաշտոնական քարոզչամիջոցները օրուգիշեր կտարփողեին։ Սակայն այս ժամանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան ընդամենը մեկ ընտանիք եկավ, որին վերոնշյալ նախարարը դիմավորեց օդանավակայանում։ Դրանով էլ սահմանափակվեց հետհեղափոխական զանգվածային ներգաղթի մասին «թավշյա» իշխանության անհեթեթություններից մեկը։

Անշուշտ, եղան դեպքեր, երբ մարդիկ միամտաբար հավատացին պետական իշխանությունը գրավածների խոսքերին, եկան Հայաստան և ․․․ մի քանի ամիս անց հիաթափված արդեն նոր իշխանություններից, դարձյալ հեռացան։ Նրանցից երկուսը՝ Քյոլնից և Մոսկվայից Հայաստան վերադառնալուց հետո, իրենց հիաթափության մասին հրապարակայնորեն արտահայտվեցին ֆեյսբուքյան գրառմամբ և արժանացան իրենց նախկին համակիրների հայհոյանքներին։ Ինչևէ։

Այժմ անդրադառնանք վիճակագրական տվյալներին՝ պարզելու համար, թե ի՞նչ արժեք ունեն Հայաստանի կառավարության անդամների հայտարարությունները։ Վիճակագրական կոմիտեի տվյալներից հնարավոր է պարզել Հայաստան ԱՄՆ-ից զանգվածային ներհոսք և մշտական բնակության հաստատում եղե՞լ է, թե՞ ոչ։ Թեև վիճակագրական կոմիտեի կողմից վերջին ամիսներին ավանդույթ է դարձել թվային աղավաղումներն ու կառավարության ղեկավարի ելույթներին տվյալները «համապատասխանեցնելը», բայց, բարեբախտարաբ, վիճկոմը դեռ չի հասցրել տվյալները նաև նախարարների հայտարարություններին համապատասխանեցնել։

Այսպես, համաձայն վիճկոմիտեի տվյալների, 2018 թ․-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կարգավիճակ է ստացել 43 մարդ: Ընդ որում, նրանցից 23-ին այդ կարգավիճակը տրվել է Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի բնակվելու հիմքով։ Ավելի կոնկրետ, ձևակերպումը հետևյալն է․ «Մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3 տարի բնակվելու հանգամանքը, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը և Հայաստանում բնակարանով ու գոյության միջոցներով ապահովվածությունը»: Այսինքն, այս մարդիկ չէին կարող հեղափոխության ազդեցությամբ Հայաստան եկած լինեին, քանի որ մշտական բնակության կարգավիճակ են ստացել մեր երկրում առնվազն 3 տարի բնակվելու և թվարկված մյուս գործոններով։ Մյուս 20-ին էլ այդ կարգավիճակը տրվել է ազգությամբ հայ լինելու հանգամանքով։

Այսքանը։ Պարզապես արձանագրենք, որ 2018 թ․-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների որևէ ազդեցություն և առավել ևս ԱՄՆ-ից Հայաստան ներգաղթած և մշտական բնակություն հաստատած առնվազն 100 ընտանիք անգամ խոշորացույցով հնարավոր չէ գտնել։ Ինչը և պահանջվում էր փաստել և ակնհայտ դարձնել Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի կողմից զանգվածային խաբեության դրսևորումներից մեկը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ