30 04 2019

1996 թվականին սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ փաստեր կան․ իսկ ո՞ւր է քրգործը

1996 թվականին սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ փաստեր կան․ իսկ ո՞ւր է քրգործը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել 2008-ի մարտի 1-ի, այդ տարվա փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների մասին: Խոսել է անցած 10-11 տարիներին, բնորոշումներ ու գնահատականներ տվել հեղափոխական հուզումների արդյունքում կառավարության ղեկավար դառնալուց հետո: Այդ քաղաքական գնահատականները ամփոփվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնելով: Այդ մեղադրանքը մեկ ուրիշ հարց է, որի մասին տարբեր գործիչներ, իրավաբաններ, ներառյալ՝ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը այս ընթացքում բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որակումներով և դեռ էլի հայտարարություններ, գնահատականներ կլինեն:

Կարևոր մեկ ուրիշ հարց կա. որքանո՞վ են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը սկզբունքային հանուն օրինականության կամ մերժելի երևույթների դեմ պայքարի իրենց մոտեցման մեջ: Եթե նրանք իսկապես անձերի խնդիր չեն դնում ու նպատակը արդարության վերականգնումն ու հաստատումն է, ապա դա ենթադրում է կոնկրետ գործողություններ և քայլեր:

Ամենաքիչը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական գործ պետք է հարուցվի 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, այդ ընտրություններին հաջորդած իրադարձությունների՝ սեպտեմբերի 25-26-ի դեպքերի հետ կապված: Հիմնական կասկածյալը, իսկ հետագայում՝ մեղադրյալը, բնականաբար, պետք է լինի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իրականում հենց 1996 թվականի սեպտեմբերի 25-26-ին է տեղի ունեցել սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի ապօրինի ներգրավում ներքաղաքական պրոցեսներին, կիսառազմականացված կազմակերպության՝ «Երկրապահ կամավորականների միության» ակիվ մասնակցությամբ: Այդ ամենի միջոցով, ինչպես համոզված են 23 տարվա վաղեմության այդ դեպքերի անմիջական մասնակիցներից ու ականատեսներից շատերը, ուժային կառույցների ղեկավարների գործուն աջակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի սեպտեմբերին ապօրինաբար զավթել է իշխանությունը՝ թույլ չտալով, որ ընտրություններում հաղթած ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը դառնա ՀՀ նախագահ:

Իրադարձությունների ընթացքը այսպիսին էր. ընդդիմությունը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ կողմից պաշտոնապես ներկայացվող նախնական տվյալները՝ ունենալով կոպտագույն ընտրախախտումների, ձայների իրական հարաբերակցության տվյալները իշխանության կողմից կեղծելու բազմաթիվ փաստեր ու ապացույցներ: ԿԸՀ-ն այն ժամանակ տեղակայված էր ԱԺ շենքի տարածքում: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Վազգեն Մանուկյանի բազմաթիվ կողմնակիցներ, հազարավոր քաղաքացիներ շարժվեցին դեպի ԱԺ շենք: Վազգեն Մանուկյանը ներս մտավ (ԿԸՀ գնալու համար): Դրանից կարճ ժամանակ անց, բորբոքված բազմությունը տապալեց ԱԺ արտաքին ցանկապատի մետաղյա պարսպի մի հատված, գրեթե առանց դիմադրության հանդիպելու ԱԺ շենքի մոտ շարված վահանակիր զինվորական կամ Ներքին զորքերի ծառայության փոքրաթիվ ուժերի կողմից ու նրանց «ցրելով», ներխուժեց ԱԺ շենք: Բռնություն գործադրվեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի, Աժ փոխնախագահ Արա Սահակյանի նկատմամբ:

Կա տեսակետ, որ այդ ներխուժումը իշխանության կողմից կազմակերպված սադրանք էր: Փաստը մնում է փաստ, որ այդ ամենը եղել է: Եղել է և այն, որ այն ժամանակվա ընդդիմադիր գործիչները, տեսնելով թե ինչ է կատարվում, ամեն ինչ արել են՝ թույլ չտալու համար, որ արդեն վնասվածքներ ստացած Բաբկեն Արարքցյանի ու Արա Սահակյանի նկատմամբ բազմությունը վերջնական հաշվեհարդար տեսնի։

Նույն օրվա երեկոյան, ուժային կառույցները, հիմնականում՝ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ, իրավիճակը վերցրել են իրենց հսկողության տակ: Երևան են մտցվել ՊՆ մարտական ստորաբաժանումներն ու զրահատեխնիկա, որոնք «գրավել» են մայրաքաղաքի հիմնական խաչմերուկներն ու ռազմավարական կետերը: ԱԺ շենքի ու նախագահականի պաշտպանության համար մոբիլիզացվել են ոչ միայն ԶՈՒ ստորաբաժանումներ, այլև «Երկրապահը»: Միաժամանակ, բացի ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանից, այդ երեկոյան ու գիշերը ապօրինաբար կալանավորվել, ՆԳՆ են տարվել ընդդիմության գրեթե բոլոր նկատելի ու հայտնի ներկայացուցիչները, որոնց նկատմամբ դաժան ծեծ ու խոշտանգումներ են կիրառվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից հանդես եկող ՆԳ բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության այլ ներկայացուցիչների կողմից: Միայն պատահականության բերումով է, որ այդ ամենի հետևանքով ընդդիմադիր գործիչները, պարզապես ընդդիմության կողմնակից լինելու համար կալանված քաղաքացիները միայն մարմնական ծանր վնասվածքներ են ստացել ու չեն սպանվել:

Այդ օրն էր, որ Վազգեն Մարգսյանը հայտարարեց, որ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ստացած լիներ, միևնույն է՝ չէր դառնալու նախագահ:

Սեպտեմբերի 26-ին, արդեն Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀՇ-ական իշխանավորներն ու որոշ իշխանական պատգամավորներ հարձակվեցին ընդդիմադիր պատգամավորների վրա, որոնցից շատերն այդտեղ էին բերվել ոստիկանատներում գիշերային ծեծուջարդից հետո, զինված պահնորդների հսկողության տակ:

Սեպտեմբերի 26-ին Երևանը գրավված էր բանակային ստորաբաժանումների կողմից:

Քսաներեք տարի առաջ կատարվածի մասին տարբեր տարիներին նկարագրված, տարբեր անձանց վկայություններով հաստատված դեպքերը հիմլք են տալիս, որ ամենաքիչը քրեական գործ հարուցվի՝ սահմանադրական կարգը տապալելու, զանգվածային բռնություններ գործադրելու, զինված ուժերն ապօրինի կերպով օգտագործելու փաստերով, իսկ այն ժամանակվա ղեկավարներից Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է նվազագույնը որպես կասկածյալ ներգրավվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանի՞ նման քայլ: Նման հրահանգ կամ կարգադրություն կտա՞ ՀՔԾ-ին: Դա համարյա անհավանական է, որովհետև

Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուսուցիչն է ու «հոգևոր հայրը»: Հետևաբար, այն ինչ այժմ կատարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով, ոչ թե արդարության հաստատման կամ վերականգնման ձգտում է, այլ քաղաքական հաշվեհարդար ու, ինչպես արդեն բազմիցս ասվել է՝ վենդետտա:

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ