29  04  2019

Վիճակագրական կոմիտեի «տքնաջան աշխատանքն» ու իրականության «շտկումները»

Վիճակագրական կոմիտեի «տքնաջան աշխատանքն» ու իրականության «շտկումները»

Այս անգամ եւս, հրապարակելով 2019 թ․-ի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, վիճակագրական կոմիտեն չի խախտել վերջին ամիսների ավանդույթը՝ աղճատելով իրականությունը՝ ներկայացնել այն պատկերը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար կիրառվում են եւ մանր խորամանկություններ (տվյալները հրապարակվում են ուշացումով, գյուղատնտեսության ցուցանիշները սկսել են հրապարակվել եռամսյակային կտրվածքով) եւ ցույց տրվում բացահայտ թվային անհամապատասխանություններ։

Մեր նախորդ հրապարակմամբ () նշել էինք, թե ինչո՞ւ է հանկարծ որոշվել գյուղատնտեսության ցուցանիները հրապարակել ըսռ եռամսյակների, այլ ոչ թե ամսական, ինչպես մյուս բոլոր ճյուղերը։ Պաշտոնական պատճառաբանությունը ոլորտի սեզոնայնությունն ու բնակլիմայական պայմաններով պայմանավորված «ամսական արտադրության տատանողականության համահարթեցման» անհրաժեշտությունն է։ Իրականում նախորդ տարվա գյուղատնտեսության մեջ արձանագրված ահռելի՝ մոտ 17 մլրդ դրամ կազմող անկման հետեւանքները «ուղղելը»։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսության մեջ նման անկումը իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ մյուս տարիներին, իսկ անկումը պայմանավորված էր նրանով, որ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարվա ամռանը թույլ չտվեց Սեւանից լրացուցիչ ջրառ կատարել եւ առանց ոռոգման ջրի շոգից բերքի մեծ կորուստ եղավ։ Եվ ահա վիճակագրական կոմիտեն թղթի վրա «շտկել է» այդ կորուստը։ Ըստ այդմ, գյուղատնտեսությունում այս տարվա հուվար-մարտ ամիսներին ընդամենը 0,2 տոկոս անկում է գանցվել։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տքնաջան «աշխատանք» է կատարել վիճակագրական կոմիտեն նման աննշան անկում ցույց տալու համար եւ որքան մեծ է իրական անկումը, որ անհնար է եղել թեկուզ փոքրիկ, բայց աճ ցույց տալ։ Ասվածը ապացուցվում է նաեւ թվային ցուցանիշների վերլուծությունից։

Այսպես, այս տարվա հունվար-մարտին գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են ավելի քան 74 մլրդ դրամ, անցյալ տարվա առաջին եռամսյակինը՝ 80 մլրդ դրամ, իսկ անկումը ․․․ 0,2 տոկոս։ Միանշանակ է, որ ամենամեծ ցանկության դեպքում, ընթացիկ գներով հաշվելու՝ գնաճի ցուցանիշը ներառելու դեպքում անգամ 0,2 տոկոսը տվյալ դեպքում չի կարող մոտ 6 մլրդ դրամ կազմել։ Սակայն վիճակագրական կոմիտեն դա անում է, քանի որ եթե աճ ցույց տալ չի հաջողվում, գոնե անկումը «պետք է» աննշան երեւա։

Ինչ մնում է մյուս ճյուղերին, ապա ըստ վիճկոմի, արդյունաբերությունում աճը կազմել է 2 տոկոս, առեւտրում՝ 10,1 տոկոս, ծառայություններում՝ 17,3 տոկոս, շինարարությունում՝ 10,8 տոկոս։ Անգամ եթե հիմք ընդունենք ներկայացված թվերը, ապա տեսնում ենք, որ անցյալ տարվ այս նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը զգալիորեն նվազել է։ Սակայն այս թվերը հիմք ընդունել անհնար է ոչ միայն այն պատճառով, որ շինարարությունում մասնավոր եւ օտարերկրյա ներդրումներով շինարարության ծավալները նվազել են, իսկ պետական շինարարության համար այս տարվա առաջին ամիսներին լիցենզիաներ գրեթե չեն տրվել, ոչ միայն այն պատճառով, որ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողները համատարած պնդում են, որ վերջին ամիսներին իրենց շրջանառությունների ծավալներն էապես նվազել են, այլ որովհետեւ այլ ցուցանիշներ վկայում են ուրիշ կացության մասին։

Եթե գյուղատնտեսությունում անկում է գրանցվել, արդյունաբերությունում փոքր աճ, ներմուծումը եւս նվազել է՝ 3,1 տոկոսով, ինչպե՞ս կարող է առեւտրում արձանագրվել 10 տոկոսից ավելի կամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 70-80 մլրդ դրամի աճ։ Չէ՞ որ առեւտրում վաճառվում են կամ ներմուծված կամ տեդում արտադրված ապրանքները։ Եթե դրանց ծավալները նվազում են, ապա առեւտրի ծավալները եւս պետք է նվազեն, ինչը տեղի է ունենում իրականում, բայց վիճկոմի թվերում դա դառնում է աճ։ Տեսակետ կա, որ առեւտրում կարող է վաճառվել նախորդ ամիսներից մնացած ապրանքները։ Հնարավոր է։ Սակայն արդյունաբերության աննշան աճը, գյուղատնտեսության եւ ներմուծման անկումը շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Անհնար է, որ այդքան ժամանակում այդքան ահռելի մնացուկներ մնացած լինեն, որոնք ամեն ամիս տասնյակ միլիարդների լրացուցիչ շրջանառություն ցույց տան առեւտրում։

Նույնը կարելի է ասել նաեւ ծառայությունների ոլորտի մասին։ Փակվող աշխատատեղերի, Հայաստանից ֆինանսական արտահոսքի ավելացման, գյուղատնտեսության անկման, ինչպես նաեւ արտահանման անկման պարագայում անհնար է ծառայություների ոլորտի նման աճը։ Այս տարի էլ ֆուտբոլի աշխարհի առաջնություն չկա, որ նման բարձր աճ ապահովի բուքմեյքերական գրասնեյակներում խաղադրույքների շնորհիվ։

Ի դեպ, արտաքին առեւտրի մասին։ Ծավալների նվազումն այստեղ եւս վկայությունն է տնտեսական հետընթացի։ Նվազել են թե ներմուծման՝ 3,1 տոկոսով, թե արտահանման՝ 8,6 տոկոսով ծավալները։ Մինչդեռ, անցյալ տարվա առաջին եռամսյակում, Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, արտահանումն աճել էր 34,4 տոկոսով, ներմուծումը՝ 39 տոկոսով։

Եվ այս ամենից հետո, կառավարությունն ու վիճակագրական կոմտեն ցանկանում է հավաստիացնել, որ Հայաստանի տնետսական ակտիվությունը աճել է 6,5 տոկոսո՞վ։ Ցավալի է, որ վիճկոմիտեն աղաղվաղված ցուցանիշներով մարդկանց մոլորեցնելու առումով հավասարվել է նույն ձեւով վերջերս աչքի ընկած Նիկոլ Փաշինյանի խորհրդականի մակարդակին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ