18 04 2019

Իշխանությունը՝ պատրանքների զոհ

Իշխանությունը՝ պատրանքների զոհ

Անգամ իշխանության ներկայացուցիչներն են կուլիսներում տարակուսում, հասկանում են, որ այլևս անտրամաբանական է պահել կալանքի տակ և որ իրենց ոչինչ չի կարող տալ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Իսկ իրականում հասկանում են, որ դա լուրջ վնաս է հասցնում։ Անգամ լրագրողների հարցերի տրամաբանությունն ու ինտոնացիան է փոխվել։ Բոլորն են հասկանում, որ «ջուր է», ընդամենը հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես են ՀՔԾ-ն և դատախազությունը դեմքի նույն արտահայտությամբ նույն ձևակերպումները ներկայացնում և ինչ հակափաստարկներ է ներկայացնում պաշտպանական կողմը, կամ նոր հարցեր տալիս մեղադրողներին։

Եթե ի սկզբանե քաղաքական շրջանակներին ակնհայտ էր, որ այդ ամենը քաղաքական պատվեր կարող է լինել, այսօր դրա մասին խոսում են բոլորը։ Իշխանությունն ամեն առիթով ապացուցում է այդ կասկածների իրական լինելը։ Ամեն գնով կալանքի տակ պահելը, որևէ այլ խափանման միջոց չկիրառելը, հիմա էլ՝ բողոքի քննությունը 5 ամսով տեղափոխելը նույն տրամաբանության մեջ է դիտարկվում։ Սպառվել է ամենը, ինչ հնարավոր է։ Պատճառն էլ պարզ էր ի սկզբնե․ իշխանությունը շարունակում է հավատալ ժամանակին իր կողմից մամուլ նետված վարկածներին՝ հանցագործության, կարողությունների, հարստությունների և թալանի մասին։ Ընդունում է որպես փաստ, և սպասում է, որ հասարակությունը ևս պետք է այդպես ընդունած լինի։ Հասարակության մի մասը նախկինում նույն կարծիքին էր։ Բայց հիմա այլ իրավիճակ է․ մարդիկ ուզում են տեսնել փաստեր, իրական ապացույցներով տվյալներ, ցուցմունքներ։

Իսկ ի՞նչ է տեսնում հասարակությունը։

Եթե նախկինում մարդկանց մի մասը համոզված էր, որ մարտի 1-ի հրաման տվողը Քոչարյանն էր, փաստերի փոխարեն տեսնում է ՀՔԾ միակողմանի քաղաքական գնահատականին նման տեքստը։ Հետո ծանոթանալով տեսավ, որ դա իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգից վերցրած հատված էր՝ համեմված Անդրանիկ Քոչարյանի փաստահավաք խմբի նյութերով։ Լսել է, թե կա բարձրաստիճան զինվորականի բացառիկ ցուցմունք։ Հետո իմացավ, որ ցուցմունքի արդյունքում այդ զինվորականն աշխատանքի է անցել վարչապետի ապարատում։ Լսել է պաշտոնյայի պնդումը միլիոնավոր դոլարների բացահայտված կաշառքի մասով։ Բայց հետո տեսնում է, որ նույն պաշտոնյայի դեմ զրպարտության մեղադրանքով հայց է ներկայացնում Քոչարյան ընտանիքը, իսկ պաշտոնյան արդարացումներ է փնտրում՝ ներկայացնելու մամուլին։ Լսել է, որ նախկին ղեկավարի ընտանիքին պատկանող սեփականությունը ստուգվում է և տեսեք, թե ինչեր են բացահայտվելու։ Մանրադիտակով ստուգում են, բայց բացահայտումներ չկան։

Այլ խոսքով՝ որևէ բան չի բացահայտվում, չի ներկայացվում որևէ բան, որը գոնե փոքր չափով կպաշտպաներ ներկայացված մեղադրանքները և մամուլում տարիներ շարունակ տարածվող տեղեկությունները։

Հանկարծ հայտնվում է գործարար ոմն Սիլվա Համբաձումյան, արագ ասուլիսներ է տալիս, անուններ ու թվեր հրապարակում, թե կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին, ստանում է պետության կողմից անվտանգության պահպանման ծառայություն։ Իսկ երբ նրա դեմ ներկայացվում է հակընդդեմ հայց, անմիջապես հերքման տեքստերով է հանդես գալիս, թե՝ իրականում ոչ ճանաչում է, ոչ էլ տվել է։

Հետո, երբ բոլոր մեղադրանքները ջուր են դառնում, ժամանակի փոշին իր վրայից մաքրում է տեռորիզմի մեջ մեղադրվող մի նախկին պաշտոնյա, որը բանտից ազատվել էր իշխանության թեթև ձեռքով։ Նամակ է գրում Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ մեղադրելով 30 տարվա անկախ պետությունում կատարված և չկատարված բոլոր մեղքերի մեջ։ Նամակի մի դրվագ ընդունվում է որպես հանցագորության մասին հաղորդում։ Բայց շատ արագ գործի հարուցումը կասեցվում է՝ իբրև թե՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Իսկ իրականում՝ այն պատճառով, որ ոչ փաստեր կային նամակում, ոչ էլ գրողն էր այն անձը, որին կարելի էր լուրջ վերաբերվել։

Հասարակությունը տեսել է վարչապետի՝ դատական համակարգին հրահանգներ չտալու մասին հայտարարությունները, անմիջապես հետո՝ դատավորների վրա բեմից մատ թափ տալը, դրանից օրեր անց էլ՝ գաղտնալսումների բացահայտվելը, որոնք ամբողջությամբ հակառակի ապացուցումն են։

Մարտի 1-ի գործը դարձրել են ակնհայտ քաղաքական շահարկման և Քոչարյանին փակի տակ պահելու առիթ, սակայն ոչ մի առումով չհիմնավորված։ Այն ամենը, ինչի մասին ժամանակին այսօրվա իշխանությունը գրել է իր մամուլում, գուցե անվերապահ հավատալով դրան, այսօր փլվել է թղթե տնակի պես՝ շատ արագ և համոզիչ։

Իսկ այն, ինչ անում է այսօրվա «ոչ կոռումպացված», «արդար», «ոչ թալանչի» իշխանությունը, վստահաբար, չի վրիպելու հաջորդ իշխանության իրավապահ համակարգի աչքից։

Կոռուպցիայի մասով․ Ականատես եղանք, թե ինչպես է վարչապետի տիկինն անձամբ բացում հիմնադրամներ, ենթադրվում է՝ լավ, բարի գործեր իրականացնելու համար, սակայն դրանցում հանգանակություն են անում երկրի տարբեր գործարարների ընտանիքներ, տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններ, դպրոցներ, այլ հաստատություններ, նույնիսկ՝ Հայ Առաքելական Եկեղեցին, որը հարյուրամյակներով ինքն էր ստացել հանգանակություններ։ Ինչի՞ համար, ո՞վ է հորդորել, միգուցե ստիպել։ Չէ՞ որ այդպես չի լինում․ հանգանակում են երբ ուզում են, կամ ինչ որ առիթ է լինում՝ բարեգործական երեկո, մարաթոն կամ այլ։ Այս դեպքում այդ ամենը չկար, բայց պարզվեց որ, օրինակ, հայտնի գործարարը փոխանցել է մեկ օրվա մեջ, առանձին առանձին 5 ական մլն դրամ, կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ 43 մլն դրամ։ Փոխանցել են մի հիմնադրամի որը դեռ ոչինչ չէր արել, նոր էր պատրաստվում։ Պարզ չէ՝ ինչու։ Կպարզվի անպայման։

Իշխանության փոխվելուց հետո, նորերին դժվար չի լինելու բացահայտել նախկին իշխանության, թե՛ կոռուպցիոն, թե՛ դատական համակարգին ցուցումներ տալու փաստերը՝ ռեալ ցուցմունքներով և փաստերով, հանցավոր գործելաոճի դրսևորումները։ Կարող ենք վստահ լինել, այդ ամենը դժվար չի լինելու՝ հերթ են կանգնելու ցուցմունք տալու և ապացույցներ ներկայացնելու։ Այդ ժամանակ դժվար թե ապագա իշխանությունն իրավապահ համակարգին մեղադրի իր գործառույթները թերի իրականացնելու, իսկ հասարակությանը՝ սխալ ընկալելու մեջ։

Իշխանությունը, տեսնելով, որ բացվող գործերը հիմնականում զրոյական արժեք ունեն, ավելին, քաշում են իրեն անդունդը, ինչ-որ պահի կարող է հետքայլ անել։ Այդ հետքայլը գուցե և հիմա է։ Կարող է հաշվարկել, որ սխալ էր պատմության խորքերը գնալ, եթե անհերքելի փաստեր չի գտնելու, կարող է հանկարծ ու որոշել, որ սկսած ընթացքը սխալ է, և կարելի է գիծ քաշել ու այսպես ասած՝ արադարություն հաստատել ոչ թե որ փուլից ինքը ուզում է, այլ, ասենք, 2018 թվականի մայիսի 9-ից։ Կարող է պատժել իրավապահ մարմիններին, որ խոստացել են, թե կբացահայտեն, բայց չեն կարողանում ապացույցներ բերել։ Իսկ գուցե ապացույց գտնելն էր անհնար, դրա բացակայության պատճառով։ Փորձել են շեֆի սրտի ուզածն անեն, տակից դուրս չեն գալիս։

Բայց միևնույն է՝ ճանապարհը, որով ընթանում են, լրջագույն իրավական խնդիրներ է բերում, ու դա կոտրվելու է հենց այս իշխանության գլխին։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ