08  04  2019

Սննդամթերքի գինն աճում է հեղափոխական տեմպերով

Սննդամթերքի գինն աճում է հեղափոխական տեմպերով

Նիկոլ Փաշինյանը կամ հիշողության կորստով է տառապում, կամ շարունակում է հիմարացնել մարդկանց։ Այս անգամ խոսքը գների մասին է։ Կառավարության վերջին նիստի ժամանակ նա հանդիսավորապես հայտարարեց, որ այս տարի լոլիկի գները «նորմալ եւ ընդունելի» կլինեն` բնականաբար «մոռանալով» ասել, թե ինչո՞ւ անցյալ տարի այդ գները աննորմալ եւ անընդունելի էին։

Հիշեցնենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լոլիկի գինը աննախադեպ բարձր էր՝ 1 կգ-ն 600-700 դրամ։ Հերթական անգամ հիշեցնենք, որ դրա միակ մեղավորը հենց ինքը Նիկոլ Փաշինյանն էր։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը թույլ չտվեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Սեւանա լճից ջրառ կատարվի, ինչի պատճառով բերքի ահռելի ծավալ առանց ոռոգման ջրի ոչնչացավ շոգից։ Արդյունքում, անցյալ տարի գյուղատնտեսությունում ավելի քան 8 տոկոս անկում եւ շուրջ 17 մլրդ դրամի բերքի կորուստ ունեցանք։ Նման «ցուցանիշ» վաստակած վարչապետն առնվազն պետք է ներողություն խնդրեր իր սխալի համար եւ հրաժարական տար։

Ինչ վերաբերվում է այս տարվա գներին, որոնք հրապարակվել են ազգային վիճակագրական ծառայության կողմից, ապա սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գերակշիռ մասի գների աճը նշանակալի է։ Ընդ որում, նկատի ունենալով բնակչության գնողունակության անկումը, պետք էր ակնկալել կամ գնանկում, կամ չնչին գնաճ։ Սակայն այն ինչ տեղի է ունենում սննդամթերթի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների հետ, չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ։ Սա արտացոլում է Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես գյուղատնտեսության մեջ արձանագրվող հետընթացը կամ արտադրության ծավալների անկումը, ինչն էլ բերում է գների աճի։

Այսպես, այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը) գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ահա մարտին դեկտեմբերի նկատմամբ՝ 5,8 տոկոսով։

Այսպես, բանջարեղենի գները այս տարվա մարտին անցյալ տարվա մարտի համեմատ աճել են 8,2 տոկոսով, մրգինը՝ 3,3 տոկոսով, հացաբուլկեղենինը եւ ձավարեղենինը՝ 3,8 տոկոսով, մսամթերքինը՝ 3,6 տոկոսով, ընդ որում թռչնամսինը՝ 11,6 տոկոսով։

Մսամթերքի գների մասին խոսելիս դարձյալ պետք է հիշատակել Նիկոլ Փաշինյանի վնասաբեր գործողությունները։ Անցյալ տարվա մայիս-հունիսին հենց նրա անմիջական ջանքերով մսի (տավարի մսի) գինը կտրուկ բարձրացավ՝ 1 կգ 2700 դրամից մինչև 3100 դրամի։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հարկադրանքով սուպերմարկետներին մսի մատակարարումը ընդգրկվեց ավելացված արժեքի հարկի դաշտում եւ նախկին 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն սկսվեց վճարվել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, արձանագրվեց մսի գնի կտրուկ աճ։ Հարկ է շեշտել, որ, դատելով արձանագրված գնային տարբերությունից, խոսքն առնվազն 15 տոկոս գնաճի մասին է, որը վիճծառայության մոտ չգիտես ինչու դարձել է 3,6 տոկոս։ Այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանի պատճառով մսի գնի բարձրացման համար, ինչպես եւ կարելի էր ենթադրել, սկսցեինք վճարել մենք բոլորս՝ սպառողներս։

Մսի ցածր գնով մթերելու եւ բարձր գնով վաճառելուց Նիկոլ Փաշինյանին դժգոհեցին նաեւ Ռանչպար գյուղում։ Նա փորձեց հաշվարկներ անել եւ տեսնելով, որ դա ուղղակի հետեւանք իր կողմից մսի մատակարարումը ԱԱՀ-ով հարկելու, լռեց եւ վերադառնալով Երեւան ապրումներն ամփոփեց բանաստեղծությամբ։

Պարզապես անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան, թե ո՞վ է իրենց վիճակի վատացման պատասխանատուն։

Վերադառնալով սննդամթերքի գնաճի ցուցանիշներին, նշենք, որ անգամ վիճծառայության ցույց տված 3,5 տոկոսը էապես ծանրացնում է բնակչության վիճակը։ Բանն այն է, որ, դարձյալ վիճծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ուսումնասիրության համաձայն, մեկ շնչի ընդհանուր ծախսերի մեջ սննդամթերքի ծախսն ամենամեծն է՝ 41,5 տոկոս։ Այսինքն, հատկապես սննդամթերքի բարձր գնաճն առավել ծանր է անդրադառնում մարդկանց վրա, քան ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գնաճը։ Առավել եւս, երբ թանկանում են ամենօրյա սպառման սննդամթերքի տեսակները՝ հաց, ձավարեղեն, միրգ, բանջարեղեն, միս, ձու եւ այլն։

Ժամանակին հենց այս ապրանքների գնաճի եւ աղքատության հետ դրա շաղկապվածության վերաբերյալ նախորդ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիստերիա էր բարձրացրել՝ ասելով, «դուք մարդկանց ասում եք միս մի կերեք կանաչի՞ կերեք»։ Հետաքրքիր է, հիմա նույն հարցը չի՞ ցանկանում բարձրացնել Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են ոչ էապես՝ 0,9 տոկոսով, բայց դարձյալ մտահոգիչ հանգամանք կա։ Բարձր գնաճ են ունեցել ամենից անհրաժեշտ ոչ պարենային ապրանքները՝ հագուստն ու կոշիկը՝ 3,1 տոկոս անցյալ տարվա մարտի համեմատ։ Կառավարության տնտեսական քաղաքականության բացակայության հետեւանքով տնտեսական կացության ընդհանուր վատթարացման եւ առեւտրի ծավալների նվազման հետեւանքներից մեկն է սա։ Վաճառքի ծավալների նվազումը հարկադրում է տնտեսվարողներին թանկացնել գները։

Մի խոսքով, Հայաստանը ձեւախեղվել է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է գոյություն չունեցող տեղաշարժերի մասին, որոնց հիացմունքով արձագանքում են նրան գովերգող զանգվածը, իսկ բնակչության մեծ մասն ականտես է լինում եւ իր վրա զգում է բացասական տեղաշարժը կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած ազգային բարոյական արժեքներից մինչև տնտեսական կացության և երկրի անվտանգություն։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ