19 02 2019

Էմոցիա, ամբիցիա, պրոֆանացիա

Էմոցիա, ամբիցիա, պրոֆանացիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը, խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ու քննարկումների ավարտին, քաղաքական վերևների անցած շաբաթվա անցուդարձում հիմնական իրադարձությունը կարելի է համարել: Այդ ելույթը on-line հեռարձակվել է, TV-ները ցույց են տվել, քաղաքագետները մեկնաբանել են:

Իշխանական պրոպագանդայի ներկայացուցիչները, նաև՝ լոյալ համարվող մեկնաբաններից մի քանիսը տեսակետներ հայտնեցին, թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը խորհրդարան բերած կառավարության ծրագրից ավելի ծրագրային էր, ավելի տպավորիչ ու ազդեցիկ: Նման էպիտետներն ու գնահատականները ակնհայտորեն չափազանցված են թվում: Հնարավոր է, մարդիկ չեն ցանկանում ավելի զայրացնել և հավասարակշռությունից հանել դյուրաբորբոք Նիկոլ Փաշինյանին, ով անգամ չնչին դիտողության դեպքում կորցնում է ինքնատիրապետումը և, օպերկոտ բաց թողած բոքսյորի պես նետվում է քննադատական արտահայտություն անողի վրա:

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ու նյարդային ինտոնացիան, միմիկան և ժեստիկուլյացիան դրա ակնհայտ վկայությունն են: Եթե ցանկություն ունեք, կարող եք ելույթի տեսագրությունը մի հատ էլ նայել ու համոզվել: Պետության ամենաբարձր քաղաքական ամբիոնի մոտ հեղափոխական լիդերի իմիջով ներկայացող, կրակոտ հռետորի ամպլուայով դեր ստանձնած քաղաքական գործիչ էր, թերթի նյարդային և բորբոքված խմբագիր, դիտողությունները էմոցիոնալ ընկալող տիպաժ: Անգամ ամեն գերտերության ամեն ղեկավար, նախագահ կամ վարչապետ չէ, որ նման ձևով ինքնադրսևորվում է պետության պառլամենտում:

Էմոցիաները կառավարության ծրագրի տնտեսական հիմնավորումներից մղոններով առաջ էին ընկել: Եվ վարչապետի ելույթն էմոցիոնալ crescendo-ին հասավ վերջում, ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սկսում է մի նոր քայլարշավ դեպի տնտեսական հեղափոխություն, կոչ արեց, թե՝ ով ուզում է անցնել այդ ճանապարհը՝ թող քայլի իր, քանի որ իրենց ճանապարհն անշեղելի է, իրենք քայլում են դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան... «որտեղ մեր գլխավերևում միայն ու միայն Հայաստանի Հանրապետության դրոշն է... Եվ մենք քայլում ենք՝ հետևելով Հայաստանի Հանրապետության դրոշին, մեր պատմությանը, մեր ապագային և մենք տեղ ենք հասնելու, և մենք հաղթանակով ենք տեղ հասնելու, մենք հաղթանակած ենք տեղ հասնելու...»:

Տնտեսական տեղաշարժի, առաջխաղացման համար նման ելույթները լոկոմոտիվային կշիռ ու արժեք ունեն: Այդպես՝ ԽՄԿԿ պլենումներում ու համագումարներում արտասնվող ճառերի ոգով և հենց այդպես կարելի է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, կտրուկ լավացնել բնակչության սոցիալական վիճակն ու հաղթահարել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերնրը:

Էմոցիաներ կան, և կան ամբիցիաներ: Պառլամենտում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը հիմք է տալիս ենթադրելու, որ նա մուսոլինիական հավակնություններ ունի, լենինյան և տրոցկիստական շեղումներով:

Կինոէկրաններին կամ համակարգիչների մոնիտորներին՝ Youtube-ով նայելիս հետաքրքիր է, ազգաբնակչության 70 տոկոսի աչքին գուցե շատ հաճո: Բայց պետության ղեկավարման, կառավարության աշխատանքի, վարչապետի գործունեության արդյունավետության առումով դա համարյա թե ոչ մի բան չի տալիս: Կարող է նույնիսկ խանգարել, բերել բացասական արդյունքների, տնտեսական սխալների, որոնք հետո ուղղելու կամ որոնց հետևանքները վերացնելու համար կարող են մեծ ջանքեր ու տարիներ պահանջել:

Կառավարության ծրագրին, տնտեսական, սոցիալական, ֆինանսավարկային, բյուջետային և կարևոր այլ խնդիրների լուծմանը պետության ղեկավարումը ստանձնած գործչի այդ տիպի էմոցիոնալ և միահեծան առաջնորդի ամբիցաների դրսևորմամբ ուղեկցվող մոտեցումը պրոֆանացիա է, որ կա, խեղաթյուրում՝ անգիտության կամ մակերեսային պատկերացումների հետևանքով: Իսկ այդ պրոֆանացիայի հետևանքները ցավոտ են լինելու ողջ հասարակության ու պետության համար, եթե անգամ բոլորը՝ հյուսիսկորեական հնազանդ կարգապահությամբ շարքով քայլեն Նիկոլ Փաշինյանի ետևից՝ գլխավերեևում ՀՀ դրոշը պահած:

Մինաս Հարությունյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ