11 02 2019

Ինչպիսի՞ տնտեսություն կունենայինք, եթե չլիներ «թավշյա հեղափոխությունը»

Ինչպիսի՞ տնտեսություն կունենայինք, եթե չլիներ «թավշյա հեղափոխությունը»

Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դրանով պետք է սկսվի տնտեսական հեղափոխությունը։ Նույնը նա հայտարարեց օրերս` երբ կառավարության նիստում հաստատվեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Սակայն ոչ նախկինում, ոչ էլ հիմա վարչապետի պաշտոնում գտնվող մարդն այդպես էլ չասաց , թե ի՞նչ է նշանակում իր հայտնագործած տնտեսական հեղափոխությունը, որը կոչել է տնտեսական հեղափոխություն, ինչպե՞ս է դա արվելու, ի՞նչ ենք ունենալու դրա արդյունքում եւ ե՞րբ։ Եթե ապրիլ-մայիսի այսպես կոչված «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության ժամանակ «հպարտ» քաղաքացիները լիուլի խոստումներ ստացան «քայլ անողների» առաջնորդից, ապա այժմ ընդհանրապես լռություն է՝ կառավարության ծրագրում որեւէ հեղափոխական դրույթ կամ մոտեցում պարզապես չկա։ Չկան 9-10 ամիս առաջ խոստացված թռիչքային զարգացման, թոշակների եւ աշխատավարձերի՝ եւ ընդհանրապես մարդկանց եկամուտների կտրուկ աճի, սակագների նվազեցման եւ աղքատության վերացման, արտաքին պարտքի նվազման, աշխատատեղերի բացման, մի խոսքով զարգացման եւ բարգավաճման մասին ծրագրեր եւ նպատակներ։

Այն, որ «թավշյա» հեղափոխությունից հետո վերոնշյալ բոլոր խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլ ամեն ինչ ավելի է վատացել, այլեւս անհնար է թաքցնել կամ հերքել։ Բնակչության անգիտակից հատվածը դեռ հավատում է Նիկոլ Փաշինյանի խոստումներին, իսկ գիտակից մարդիկ հույս ունեին դրանց իրականացման ճանապարհները տեսնել կառավարության ծրագրում, բայց այնտեղ ոչինչ չտեսան։ Մեր նախորդ հրապարակման մեջ  նշել էինք, որ կոնկրետության բացակայությունը ծրագրում պայմանավորված էր հետագայում պատասախանատվությունից խուսափելու համար։ Այսինքն, կառավարությունը չի ստանձնում պարտավորություն, չի նշում թվային ցուցանիշներ, որոնց պետք է ձգտի, չի նշում ժամանակահատված դրանց հասնելու համար այն պարզ պատճառով, որպեսզի հետո ասի՝ «ես ձեզ ոչինչ չեմ խոստացել» եւ ավելացնի՝ «դուք վստահության քվե եք տվել այս կառավարությանը ու նաեւ նրա ծրագրին» եւ հետեւաբար՝ « էլ ի՞նչ եք ուզում հիմա»։

Հանուն արդարության ասենք, որ մեկ ցուցանիշ կառավարությունն, այնումենայնիվ, արձանագրել է իր ծրագրում։ «Տնտե­սությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանա­կահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5», նշված է ծրագրում։ Ամենայն հավանականությամբ «5» ասելով նկատի է առնվել «5 տոկոս» (անփութության հետեւանքով չի նշվել «տոկոս»-ը), իսկ «միջին տեմպ» ասելով՝ միջին տարեկան տնտեսական աճը։ Սա միակ կողմնորոշիչն է, որով հեղափոխական զանգվածները պետք է փորձեն հասկանալ, թե ի՞նչ է «տնտեսական հեղափոխություն» ասվածը։ Իշխանական գլխավոր թերթը, փորձելով արդարացնել կառավարության ծրագրի դատարկ եւ անպետք լինելը, գրում է, թե նախկինում նշվում էին թվային ցուցանիշներ, որոնք չէին կատարվում։ Իրականում, դա այդպես չէ իհարկե։

Հիշեցնենք, որ 2000-ական թվականներին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 8 տարիների ընթացքում նախապես ծրագրվել է ավելի ցածր տնտեսական աճ, իսկ արդյունքում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, որը միջազգային ֆինանսական կազմակերպությունները անվանում էին թռիչքային։ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո կառավարության ծրագրերում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշի կատարողականը փոփոխական է եղել՝ պատահել է, որ այն նախապես ծրագրվածին մոտ է եղել, պատահել է որ եղել է ցածր և հակառակը։ Սակայն կարեւորն այն է, որ նախկին կառավարությունները պատասխանատվություն են կրել այդ ցուցանիշների համար, քննադատության արժանացել տնտեսական աճի ցուցանիշին տնտեսությունը չհասցնելու համար եւ անգամ հասցնելու կամ գերազանցելու համար։ Ներկայիս կառավարությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցանկանում են զերծ մնալ քննադատություններից, բայց եւ ոչինչ չանել։ Դա Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունն է՝ ամեն ինչ անել՝ արածի կամ չարածի համար պատասխան չտալու համար, սեփական սխալները գցել ուրիշի վրա, ուրիշի հաջողությունները վերագրել իրեն։

Վերադառնալով կառավարության ծրագրի միակ թվային ցուցանիշին՝ 5 տոկոս տնտեսական աճին, հիշեցնենք, որ նման ցուցանիշ՝ 5-7 տոկոս միջին տարեկան աճ ամրագրվել էր նաեւ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրում։ Ընդ որում, այդ կառավարության ներկայացուցիչները մշտապես շեշտում էին 7 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը առաջիկա 5 տարիներին։ Եվ պետք է ասել, դա նրանց հաջողվում էր՝ 2017 թ․-ին տնտեսական աճը 7,7 տոկոս կազմեց, իսկ 2018 թ․-ի առաջին երեք ամիսներին՝ 10,6 տոկոս։ Այսինքն, եթե չլիներ «թավշյա» հեղափոխությունը, Հայաստանի տնտեսական աճը կլիներ ավելի բարձր՝ հնարավորություններ ստեղծելով սոցիալական վիճակի բարելավման համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելուց հետո խոստանում է ․․․ ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ։ Այդ դեպքում ինչի համա՞ր էր հեղափոխությունը՝ ավելի ցածր տնտեսական աճի՞, որը չի բերելու ոչ մի բարելավման եւ վատացնելու է եղած վիճակը։

Սա հիշեցնում է մի անեկդոտ՝ հարցին, թե հնարավո՞ր է տղամարդը ամուսնանալուց հետո միլիոնատեր դառնա, պատասխանում են՝ այո, եթե մինչեւ ամուսնանալը նա միլիարդատեր է եղել։ Հիմա, մինչեւ հեղափոխությունը, 9-10 տոկոս տնտեսական աճի փոխարեն, հեղափոխությունից հետո մեզ խոստանում են 5 տոկոս տնտեսական աճ, որին հասնելն էլ, դատելով վերջին ամիսների տնտեսական հետընթացից, քիչ հավանական է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ